Մատչելիության հղումներ

logo-print

​Ռուսաստանը կանխավճարով է գազ տրամադրելու Ուկրաինային


Ռուս անջատականները գրավել են Ազգային բանկի շենքը Դոնեցկում, 16 հունիսի, 2014թ.

Ռուս անջատականները գրավել են Ազգային բանկի շենքը Դոնեցկում, 16 հունիսի, 2014թ.

«Գազային պատերազմի մեկնարկ

Ռուս-ուկրաինական ճգնաժամն անխուսափելիորեն պետք է վերաճեր նաև գազային հակամարտության։ Պարտքերը պահանջելու հարցով «Գազպրոմ»-ի ներկայացրած վերջնագրի ժամկետը սպառվել է, և այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից ընկերությունը «Նաֆտոգազ Ուկրաինա»-ին վառելիքը մատակարարում է կանխավճարի մեխանիզմով. որքան գումար կփոխանցվի, այդքան էլ գազ կփոխադրվի։

«Գազպրոմ»-ի տարածած հայտարարությունում ասվում է, որ կանխավճարի որոշումն ընդունվել է «Նաֆտոգազ» ընկերության կողմից պարտքերի վճարումը մշտապես ձգձգելու հետևանքով։

Ըստ «Գազպրոմ»-ի, ուկրաինացիների պարտքը հասել է 4 միլիարդ 458 միլիոն դոլարի` 1 միլիարդ 451 միլիոնը 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերի և 3 միլիարդ 7 միլիոնը` այս տարվա ապրիլ-մայիսի համար։

Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրամիության ներկայացուցիչները երեկ մինչև կեսգիշեր բանակցել են Կիևում, սակայն այդպես էլ համաձայնության չեն եկել։ Կանխավճարի անցնելու սպառնալիքն իրագործելուց առաջ «Գազզպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերն իրավիճակի մասին զեկուցել է Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը։

Ռուսները դիմել են Ստոկհոլմի դատարան

«Գազպրոմ»-ի խոսնակ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարել է, թե Ուկրաինան պարտավոր է ապահովել իր տարածքով գազի անխափան փոխադրումը Եվրոպա։ Նա ասել է, թե «Գազպրոմ»-ը «Նաֆթոգազ Ուկրաինի» ընկերության 4.5 միլիարդ դոլարի պարտքի հարցով հայց է ներկայացրել Ստոկհոլմի միջազգային միջնորդական դատարան։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանն այսօր հավաստիացրել է, որ իր երկիրը կկատարի բոլոր միջազգային պարտավորությունները։ «Նաֆթոգազ Ուկրաինի» ընկերության խոսնակ Անդրիյ Կոբելևն այսօր հաստատել է, որ ռուսները դադարեցրել են մատակարարումը` Ուկրաինայի մասով և նշել է, որ Ուկրաինան մինչև այս տարվա դեկտեմբեր ունի կուտակած գազի անհրաժեշտ քանակություն։

Եվրահանձնաժողովի էներգետիկայի հանձնակատար Գյունթեր Օթինգերն ասել է, որ Կիևը պատրաստ էր այսօր վճարել 1 միլիարդ դոլար, պարտքի մնացած մասը մինչև այս տարեվերջ մարելու պայմանով, սակայն Մոսկվան մերժել է առաջարկը։

Եվրոպացիների միջնորդությամբ պատրաստված ծրագրով նախատեսվում էր, որ Կիևը հազար խորանարդ մետրի համար կվճարի «ձմեռային» գին` 385 դոլար, իսկ «ամառային» գինը 300 կլինի, սակայն Պուտինն ասել է, որ միակ ընդունելի գինը 385-ն է։

Օթինգերն ասել է, թե մտադիր է շարունակել բանակցությունները և Մոսկվային հորդորել է ավելի ճկուն դիրքորոշում որդեգրել։ Օթինգերի խոսնակ Սաբինա Բերգերն ասել է, թե որոշ ազդակներ վկայում են, որ ռուսներն էլ կցանկանային շարունակել բանակցությունները։

«Ռուսաստանի մտադրությունը Ուկրաինայի պետությունը ոչնչացնելն է»

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր կառավարության նիստում ասել է, որ առճակատման հիմքում ոչ թե գազի գինն է, այլ Ուկրաինան որպես պետություն ոչնչացնելու Ռուսաստանի մտադրությունը։

«Սա Ուկրաինայի անկախության դեմ ռուսական ագրեսիայի հերթական քայլն է, մենք մտադիր չենք սուբսիդավորել «Գազպրոմ»-ը, ուկրաինացիները չեն ցանկանում իրենց գրպաններից ամեն տարի 5 միլիարդ դոլար վճարել Ռուսաստանին, որն այդ փողով գնելու է զենք, հրասայլեր, օդանավեր և ռմբահարելու է Ուկրաինայի տարածքը»,- ասել է Յացենյուկը։

Ռուսները գրավել են բանկի շենքը

Մինչդեռ, ռուս անջատականները Դոնեցկում գրավել են Ուկրաինայի պետական բանկի շենքը։ Ապստամբների խոսնակ Օլեքսանդր Մատյուշկինն ասել է, որ ռուսները ցանկանում են հսկողության տակ վերցնել բանկի ակտիվները և հարկահավաքման ծառայությունը։

«Հարկերը պետք է մնան այստեղ, այլ ոչ թե ուղարկվեն Կիև»,- ասել է Մատյուշկինը։

Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն անկախություն են հռչակել մայիսի 11-ի հանրաքվեներով, որոնց արդյունքները չեն ճանաչել ոչ Կիևը, և ոչ էլ միջազգային համայնքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG