Մատչելիության հղումներ

Ֆիննախը պարզաբանում է կադրային փոփոխությունները


Ֆինանսների նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան

Ֆինանսների նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան

Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցող կրճատումները կառուցվածքային և գործառույթային փոփոխության արդյունք են։ Այդ մասին հայտարարում է նախարարությունը՝ ի պատասխան գերատեսչությունում կադրային ջարդերի վերաբերյալ վերջին օրերին հնչող ահազանգերին։

Ըստ հիշյալ ահազանգերի՝ Ֆինանսների նախարարության ու Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) միավորումից դեռ երկու ամիս էլ չանցած արդեն նախարարության ավելի քան 100 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Ազատվածները վստահեցնում են, որ կադրային ընտրության հարցում ղեկավարությունը նախապատվություն է տալիս ՊԵԿ-ի աշխատողներին։

Նախարարության այսօր տարածած հաղորդագրությունում ասվում է, որ այժմ օպտիմալացման ու ստորաբաժանումների վերակազմակերպման գործընթաց է սկսվել, ու «գլխավոր ելակետը՝ որակյալ կադրերի ընտրությունն է»։ Իսկ շրջանառվող թվերը, ըստ գերատեսչության, ուռճացված են, կադրերի ընտրության ժամանակ ՊԵԿ-ի աշխատակիցներին նախապատվություն տալու մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։

«Ձևավորվող տարբեր ստորաբաժանումներում ղեկավար պաշտոններում նշանակվել են ինչպես ֆիննախի, այնպես էլ ՊԵԿ-ի ներկայացուցիչները: Ավելին` երեք կառուցվածքային ստորաբաժանումներում արդեն իսկ ղեկավար պաշտոններում նշանակվել են ֆիննախի աշխատակիցները, իսկ ՊԵԿ-ի նմանատիպ ստորաբաժանումների ղեկավարները դարձել են նրանց տեղակալները։ Ֆինանսների նախարարության կադրային նոր քաղաքականության շուրջ արհեստականորեն խրախուսվող աժիոտաժը հարկադրում է հիշեցնել, որ որակյալ աշխատանքը կատարում են որակյալ կադրերը», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG