Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանի խորհրդականի որդին ազատ է արձակվել ՀՀԿ պատգամավորների միջնորդությամբ


Երևանի Սևակի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում հունիսի 6-ի գիշերը հնչած կրակոցների գործով ձերբակալված Սամվել Քոթանջյանն ազատ է արձակվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

24-ամյա երիտասարդը, ով Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին է, ազատ է արձակվել երկու պատգամավորների անձնական երաշխավորությամբ․ նրա համար երաշխավորել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ հանրապետական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, և Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով մտերիմ հարաբերությունների մեջ է և՛ քաղաքապետի, և՛ Ռոբերտ Սարգսյանի հետ։

Սամվել Քոթանջյանը ձերբակալվել էր հունիսի 10-ի ուշ երեկոյան՝ ապօրինի զենք կրելու և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ինչի համար նախատեսված պատժաչափը առնվազն 7 տարվա ազատազրկումն է։

Բնակելի բարձրահարկ շենքի բակում կրակոցներով ուղեկցված միջադեպից երեք օր անց, ըստ Ոստիկանության, երիտասարդն անձամբ էր ներկայացել բաժին, հանձնել «Մակարով» տիպի ատրճանակը և հայտարարել, որ ինքն է Ուլնեցու 74 շենքի բակում «նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել օդ»։

Տուժողներ չկան, տարածքի բնակիչների հավաստմամբ՝ կրակոցներին նախորդել էր մի խումբ անձանց միջև վիճաբանություն, որոնք, ըստ լրատվամիջոցների, եղել էին «Պորշ Կայեն», «Լեքսուս» և այլ թանկարժեք մեքենաներով:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ձերբակալությունից հետո 72 ժամվա ընթացքում Սամվել Քոթանջյանին առաջադրվել է մեղադրանք, բայց որպես խափանման միջոց ընտրվել է ոչ թե կալանավորումը, այլ անձնական երաշխավորությունը։

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, «Ազատության» հետ զրույցում հիմնավորելով Քոթանջյանի ազատության համար երաշխավորելու իր քայլը, ասաց, որ «ճիշտ է արել»:

«Շատ լավ ճանաչում եմ դեռևս մանկուց և գիտեմ, որ ինքը առանձնապես արտառոց դեպքերի մեջ երբեք չի եղել, իր վարքով օրինակելի է» ,- նշեց պատգամավորը։

«Ապօրինի զենք պահելը օրինակելի վարքի արտահայտությո՞ւն է», - այս հարցին Մելիքյանը պատասխանեց. - «Ապօրինի զենքը դեռ պետք է ապացուցվի»։

«Այսինքն, կասկածի տա՞կ եք առնում առաջադրված մեղադրանքը», - հարցին էլ պատգամավորը այսպես հակադարձեց. - «Իհարկե, մեղադրանք է, որը դեռևս ապացուցման կարիք ունի»։

Գագիկ Մելիքյանը հավելեց, որ շատ մտերիմ է և՛ Սամվել Քոթանջյանի հոր՝ Արայիկ Քոթանջյանի, և՛ նրանց ամբողջ ընտանիքի հետ։ Այս ընտանիքի հետ, ըստ Մելիքյանի, մտերիմ է նաև երաշխավորագիր ներկայացրած մյուս պատգամավորը՝ քաղաքապետի աներորդի հանրապետական Ռոբերտ Սարգսյանը։

Սարգսյանը, հիշեցնենք, այն պատգամավորն է, ով մեծամասնականով ընտրվեց Ավանն ու Նոր-Նորքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքից 2012-ի դեկտեմբերին և ողջ քարոզարշավի ընթացքում որևէ բառ չարտասանեց լրատվամիջոցների առաջ։ Գագիկ Մելիքյանն էր ղեկավարում նրա շտաբը։

Ընտրություններում Ռոբերտ Սարգսյանի ընդդիմադիր մրցակից, ներկայում Երևանի ավագանու « Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձանագրեց, որ Տարոն Մարգարյանի աներորդու պատգամավորության այս տարիներին նրա կողմից այլ նախաձեռնություն չի հիշում։

«Նկատելի է, որ սա փաստացի այդ պատգամավորի առաջին նախաձեռնությունն է խորհրդարանում, ցավալիորեն։ Ընտրվելուց հետո այլ որևէ հետաքրքիր բանով նա հանդես չեկավ իր ընտրատարածքի բնակիչների շահերը պաշտպանելու համար, և այժմ մենք ուղղակի տեսնում ենք, որ միակ նախաձեռնությունն էլ վերաբերում է իր հարազատի ենթակայի որդու անպատիժ մնալու ապահովմանը»,- ասաց նա։

Ստյոպա Սաֆարյանի հավաստմամբ, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի ընտրությունների ժամանակ էլ նախկինում տարիներ շարունակ Քանաքեռ-Զեյթունի թաղապետի պաշտոնը զբաղեցրած Արայիկ Քոթանջյանն է օգտագործել համայնքում ու թաղապետարանում իր ազդեցությունն ու լծակները՝ Տարոն Մարգարյանի աներորդու օգտին ձայներ ապահովելու համար։

«Այսինքն նույն խումբն է, որևէ բան չի զարմացնում։ Այս նույն խումբը համատեղ, միասնաբար գործում էր նաև Ավանի ընտրությունների ժամանակ, և հիմա էլ, բնականաբար, Տարոն Մարգարյանն էլ պիտի օգնի նրան ազատ արձակելու իր որդուն »,- նշեց Ստյոպա Սաֆարյանը։

Փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նորմալ համարեց, որ անձի նկատմամբ որպես խափանման միջոց չի ընտրվել կալանավորումը, նշելով, որ «Հայաստանի օրենսդրության համաձայն կալանքը պետք է լինի միայն բացառիկ դեպքերում»։ Այլ հարց է, որ, ըստ փաստաբանի, օրենքը գործում է միայն պաշտոնյաների, օլիգարխների ու նրանց մերձավորների համար։

«Օրենքը պետք է բոլորի համար լինի հավասար։ Եթե բոլորի համար լիներ հավասար, այս հարցը չէր էլ ծագի ընդհանրապես ոչ ոքի մոտ։ Բայց ստացվում է, որ հարյուրավոր անձինք ապօրինի գտնվում են կալանքի տակ, և միայն այն անձինք, որոնք կամ պաշտոնյաների որդիներ են, կամ օլիգարխների զավակներ ու բարեկամներ են, նրանք օգտվում են օրենքից, մյուսները չեն օգտվում։ Սա է, որ հասարակության ու փաստաբանների մոտ առաջացնում է դժգոհություններ»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է աղմկահարույց միջադեպի մյուս մասնակիցներին, իրավապահները հունիսի 12-ին ձերբակալել էին ևս մեկ անձի՝ տարածքի 40-ամյա բնակիչ Սեդրակ Փայասլյանին։ Բայց այսօր տեղեկացանք, որ նա էլ է ազատ արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։
XS
SM
MD
LG