Մատչելիության հղումներ

Փոխնախարարը խորհուրդ է տալիս լեզվի մասին օրենքը «գնալ ուրիշ տեղ պաշտպանել»


Փոխնախարարը խորհուրդ է տալիս լեզվի մասին օրենքը «գնալ ուրիշ տեղ պաշտպանել»
please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00

Մաքսային միությանն առնչվող հերթական միջոցառումը Երևանում ընթանում էր միայն ռուսերենով:

Այսօր Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի՝ Հայաստանում ընդօրինակմանը նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտը, ընթանում էր միայն ռուսերենով։

Ի պատասխան լրագրողների դիտարկման, թե ինչու է միջոցառումը միայն ռուսերենով ընթանում և չկա հայերեն թարգմանություն, փոխնախարար Գառնիկ Բադալյանը խորհուրդ տվեց. - «[Հայոց] լեզվի մասին օրենքը գնացեք ուրիշ տեղ պաշտպանեք»:

Նշենք, որ «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի բ) կետում նշված է. - «Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթներին զուգահեռ հայերեն թարգմանությունը»:

Ընդմիջմանն ընդառաջ փոխնախարար Գառնիկ Բադալյանը դիմեց ներկաներին՝ ռուսերենով. - «Շնորհակալություն լավ ելույթի համար։ Հիմա առաջարկում ենք 20 րոպե ընդմիջում, հետո կշարունակենք կոնֆերանսը»։

«Ազատության» դիտարկմանը, որ միջոցառման կազմակերպիչը Էկոնոմիկայի նախարարությունն է, Բադալյանը պատասխանեց, որ «նաև Էկոնոմիկայի նախարարությունն է»: «Ինչու եմ ասում՝ որովհետև անմիջապես ստանդարտացման ազգային մարմինը, մեր Ստանդարտների ազգային ինստիտուտն է կազմակերպել այս միջոցառումը», - պարզաբանեց նա:

«Ազատության» հարցին, թե ինչու զուգահեռ հայերեն թարգմանություն չկա, Բադալյանը հակադարձեց. - «Ո՞վ է ասում, այստեղ կա»։

«Ազատության» այն դիտարկմանն էլ, որ միջոցառման ամբողջ ընթացքը, ելույթները ռուսերեն էին, Բադալյանը արձագանքեց, թե դա աշխատանքին չխանգարեց։

Հարցին՝ լեզվի մասին օրենքը չտուժե՞ց, Բադալյանը պատասխանեց. - «Լեզվի մասին օրենքը չի տուժի, եթե մեր տնտեսությունը զարգանա։ Ես նման հարցերին լավ պատրաստ եմ, կարող եմ ժամերով պատասխանել։ Ես լավ գիտեմ՝ ինչի մասին եք խոսում։ Ձեզ հիմա հետաքրքրում է տնտեսության վիճա՞կը, թե՞... Չգիտեմ, եսիմ ինչ հարցեր եք տալիս։ Ես մասնակցել եմ լեզվի մասին օրենքի մշակմանը, շատ կներեք, դուք չգիտեմ որտեղ եք եղել»։

Գառնիկ Բադալյանը այդպես էլ չնշեց, թե ինչո՞ւ չկար հայերեն զուգահեռ թարգմանություն, փոխարենը խորհուրդ տվեց. - «Լեզվի մասին օրենքը գնացեք ուրիշ տեղ պաշտպանեք»։

Հայաստանում հայոց լեզվի պաշտպանության հարցը կրկին այժմեական դարձավ, երբ անցած շաբաթ Երևանում գտնվող «Россия сегодня» ռուսաստանյան պետական լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը, ով հայտնի է որպես Վլադիմիր Պուտինի վարչակազմի տեսակետները հանրությանը ներկայացնող մեկը, Ազգային ժողովում՝ խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և հանրապետական պատգամավորների ներկայությամբ, հրամայական տոնով պահանջեց Հայաստանում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել հայոց լեզվի մասին օրենքը, այլապես դա կազդի անվտանգության ոլորտում հայ - ռուսական համագործակցության վրա, և Հայաստանի անվտանգությունը կտուժի:

Ընդ որում, Հայաստանի խորհրդարանում Կիսելյովի հետ կազմակերպված քննարկումը միայն ռուսերեն էր, ինչը «Լեզվի մասին» օրենքի խախտում էր:

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Հարությունյանը այսօր «Ազատության» հետ զրույցում իշխանությունների կողմից «Լեզվի մասին» օրենքի հերթական կոպիտ խախտում բնորոշեց էկոնոմիկայի նախարարության այսօր կազմակերպած ռուսալեզու միջոցառումը և ասաց, որ այս ամենի հետևում ինքը տեսնում է Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության անթաքույց ցանկությունը՝ հնարավորինս բոլոր միջոցներով հաճոյանալ Պուտինի վարչակազմին:

«Էս մարդիկ պարզապես իրենց պաշտոնները ընդունում են որպես իրենց բիզնեսներ, և պետականության հետ էս մարդիկ որևէ կապ չունեն», - հայտարարեց Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG