Մատչելիության հղումներ

Հոգևոր առաջնորդները կոչ են անում դադարեցնել հակամարտությունը Սիրիայում և Իրաքում


«Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 11-ը հունիսի, 2014թ․

«Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 11-ը հունիսի, 2014թ․

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միջազգային խորհրդակցության ավարտին ընդունած հայտարարությունում անդրադարձ կա նաև հայերի և ասորիների ցեղասպանությանը:

Հոգևոր առաջնորդները կոչ են անում անհապաղ դադարեցնել զինված հակամարտությունն ու թշնամությունը Սիրիայում և Իրաքում: Նման հայտարարություն է ընդունվել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում գումարված «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդակցության ավարտին:

Հիշեցնենք՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրավերով անցած շաբաթ կայացած խորհրդակցությանը մասնակցում էին Սիրիայի, Մերձավոր Արևելքի Եկեղեցիների խորհրդի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վատիկանի ներկայացուցիչներն ու հոգևոր առաջնորդները։

«Մոտ չորս ամիս է անցել Ժնև-2 խաղաղարարական գործընթացի ձախողումից։ Մեծ ցավով ենք դիտարկում իրավիճակի վատթարացումը: Մեզ համար նողկալի է տների, դպրոցների, հիվանդանոցների և աղոթատեղիների մասսայական և համատարած ոչնչացումը», - ասված է հայտարարությունում, որը տրամադրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: - «Պատերազմի ներթափանցմամբ հարևան Իրաք մենք ականատեսն ենք լինում տագնապալի և վտանգավոր զարգացումների: Հետևաբար, խիստ անհրաժեշտ ենք համարում կրկին կոչ անել հակամարտության բոլոր կողմերին՝ հետամուտ լինել զինված հակամարտության և թշնամության անհապաղ դադարեցմանը Սիրիայում և Իրաքում»:

Խորհրդակցության մասնակիցները կոչ են արել հանել մարդասիրական նպատակներով դեպի Սիրիա փոխանցվող դրամական փոխանցումների սահմանափակումներն ու հումանիտար օգնության արգելափակումը, դադարեցնել զենքի հոսքը, հակամարտության բոլոր կողմերի ֆինանսավորումը և դուրս բերել բոլոր օտար զինյալներին, պահանջել են նաև անմիջապես ազատ արձակել Հալեպի երկու արքեպիսկոպոսներին, բոլոր գերիներին և անարդարացիորեն բանտարկվածներին:

Համաժողովի մասնակիցները երախտագիտություն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն և Հայաստանի կառավարությանը` իրենց երկրում ավելի քան 12 հազար սիրիացի փախստականների ընդունելու համար:

Հայտարարության հեղինակները անդրադարձել են նաև հայերի և ասորիների ցեղասպանության թեմային՝ նշելով․ - «Մենք հավաքվեցինք հայերի և ասորիների ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին և աղոթեցինք արդարության և խաղաղության համար: Մենք այցելեցինք Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հիշեցինք բոլոր նրանց, որոնք իրենց կյանքով վճարեցին հավատքի և ազգային պատկանելության համար»:
XS
SM
MD
LG