Մատչելիության հղումներ

Վերին Լարսի ճանապարհը վերաբացվել է


Փլվածքի հետևանքները Վերին Լարսում, հունիս, 2014թ․

Փլվածքի հետևանքները Վերին Լարսում, հունիս, 2014թ․

Գրեթե մեկ ամիս փակ մնալուց հետո վերաբացվեց Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին:

Համարյա մեկ ամիս փակ մնալուց հետո Վերին Լարսի ճանապարհը վերաբացվել է, իսկ դա նշանակում է, որ վրաց - ռուսական սահմանի այդ անցակետով, ճանապարհով, վերաբացվել է նաև Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին:

Հայաստանի կառավարության պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել վրաց գործընկերներին դեպի Ռուսաստան ճանապարհը բացելու համար: Անցած շաբաթ օրը տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը Վրաստանի Դարյալի կիրճում էր, որտեղ նույն օրը բացվել է ժամանակավոր ավտոճանապարհ դեպի Ռուսաստան:

«Մեզ համար շատ կարևոր է այս ճանապարհի բացումը, որովհետև սա միակ ցամաքային ճանապահն է, որ Հայաստանը կապում է Ռուսաստանին», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Հայաստանի տրանսպորտի նախարարը: Նա նաև նշել է, որ ճանապարհը փակած սողանքի պատճառով Հայաստանում մոտավորապես 200 բեռնատար ավտոմեքենաներ են մնացել, որոնք ուղևորվում էին Ռուսաստան: «Մենք ուրախ ենք, որ երկու ուղղությամբ էլ վերականգնվել է մեքենաների երթևեկությունը, ու միաժամանակ սկսել են աշխատել մաքսային անցակետերը», - ասել է Բեգլարյանը:

Վրաստանի ռեգիոնների ու ենթակառույցների զարգացման նախարար Էլգուջա Խոկրիշվիլին ու էկոնոմիկայի փոխնախարար Միխայիլ Ջանելիձեն ասել են, որ շուրջօրյա աշխատանքներ են կատարվում՝ որքան հնարավոր է շուտ հիմնական ճանապարահը վերանորոգելու և բացելու համար:

Հայաստանցի գործընկերներին նրանք ներկայացրել են, թե դեռ ինչ աշխատանքներ պետք է կատարվեն երթևեկությունն ավելի հարմարավետ ու անվտանգ դարձնելու համար:

Մայիսի 17-ին Կազբեկ լեռից սառցադաշտի մի հատված էր սահել ցած, ինչի հետևանքով առաջացած սողանքն ու հեղեղումներն ավերածություն էին պատճառել, մարդկային զոհեր կային: Փակվել էր Վրաստանը Ռուսաստանին կապող միակ գործող ճանապարհը, որից օգտվում է Հայաստանը, փակվել էին մաքսակետերը, երկու կողմից երթևեկությունը դադարեցվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG