Մատչելիության հղումներ

Կուտակայինի փոփոխությունների շուրջ քննարկումները շարունակվում են


Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ցույց Երևանում, մայիս, 2014թ․
Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ցույց Երևանում, մայիս, 2014թ․

«Համակարգը պետք է կառուցվի բացառապես կամավորության հենքի վրա», - ընդգծում են ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները:

Երկուշաբթի օրը կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումները շարունակվելու են քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ քննարկումների արդյունքում էլ թերևս կձևավորվի օրենքի նոր նախագիծը:

Խնդրահարույց այս օրենքի նոր նախագծի շուրջ քննարկումները վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ սկսվել են անցած շաբաթվա վերջին:

«Ազատության» հարցին՝ արդյոք նոր նախագծում իշխանությունները, նկատի ունենալով հանրային ընդվզումը, կհրաժարվե՞ն պարտադիր բաղադրիչից, Արտեմ Ասատրյանը պատասխանեց՝ քանի չկա օրինագիծը, ճիշտ չէ խոսել այդ մասին: «Հասկանո՞ւմ եք՝ մենք հիմա քննարկման մեջ ենք, և հիմա դեռ քանի դեռ վերջնական չունենք նախագիծը՝ դրա մասին երևի ճիշտ չի խոսել», - ասաց նախարարը:

«Իսկ այս փուլում դեռ չի խոսվում՝ պարտադիր կամ ոչ պարտադիր․․․», - այս հարցադրմանն էլ Ասատրյանը արձագանքեց․ - «Գիտեք, մոտեցումներ կան, բայց հիմա ճիշտ չի էդ մոտեցումները որպեսզի ավելի էսպես կոնկրետ ասենք, քանի որ դեռ քննարկումներ են»:

Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, մինչդեռ, քննարկումների ընթացքից հասկացել է՝ կառավարության նախնական մոտեցումը պարտադիր բաղադրիչը պահելն է: «Ինչը, մեր գնահատմամբ, ոչ միայն Սահմանադրական դատարանի որոշումը անտեսել է նշանակում, այլ նաև ընդհանրապես փոփոխության մեջ ձևականությունը պահել: Ես վստահ եմ, որ մեր պայքարը՝ պարտադիր բաղադրիչը նաև օրենսդրական այդ հնարավոր նախաձեռնություններից հանելու, պետք է շարունակվի, որովհետև հնարավոր չէ պահպանել մի բան, որը Սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր», - «Ազատությանը» ասաց դաշնակցական պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ազատության» հետ զրույցում ներկայացրեց որոշ մանրամասներ նախորդ քննարկումից, որոնք դեռ գրավոր ամրագրված չեն: Նրա փոխանցմամբ՝ կառավարության մոտեցումներից է պահպանել պարտադիր կուտակայինը պետական հաստատություններում աշխատողների համարի՝ հաշվի առնելով, որ հուլիսի 1-ից նրանց աշխատավարձը բարձրանալու է, սակայն ոչ թե պարտադիր, այլ սոցիալական վճար անվանմամբ: Ինչ վերաբերում է ոչ պետական հիմնարկների աշխատողներին՝ ըստ Մելքումյանի՝ կառավարությունը պարտադիր պահումները կկիրառի նրանց նկատմամբ 2017 թվականի հուլիսի 1-ից:

Այդուհանդերձ, ինչպես ՀՅԴ-ի , այնպես էլ ԲՀԿ-ի համար շարունակում է անընդունելի մնալ պարտադիր մոտեցումը:

«Ցանկացած պարտադիր բաղադրիչ անընդունելի է մեզ համար: Բայց, օրինակ, կարելի է քննարկել տարիքային խտրականություն որ չլինի․ ասենք, եթե պիտի կիրառվի օրինակ՝ թող բոլորի համար կիրառվի: Կամ պետականի համար կամ ոչ պետականի․․․», - ասաց Մելքումյանը:

«Մեզ համար բացարձակապես ընդունելի չէ, որովհետև կապ չունի՝ պետական ծառայող է, թե մասնավոր, աշխատակցի նկատմամբ նման պարտադրանք դնելը արդեն ինքնին ոչ իրավաչափ է: Այլ բան, որ, օրինակ, պետությունը իբրև գործատու հայտարարեր, որ ինքը անկախ, առանձին իրականացնում է սոցիալական պաշտպանության առանձին ծրագիր՝ իր միջոցների հաշվին, առանց աշխատակցի վարձատրությանը կպնելու», - նշեց Մինասյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորը տեղեկացրեց, որ կառավարության մոտեցումներից է նաև մշակել այնպիսի մի մեխանիզմ, որ նվազագույն աշխատավարձ ստացողի սոցիալական վիճակը կուտակայինի պատճառով չվատթարանա․ - «Մոտեցումը այնպես է, որ մաքուր իրենց չափը նվազագույնի չխախտվի»:

Պարտադիրին դեմ արտահայտվող պատգամավորները «Ազատությանը» փոխանցեցին, որ կառավարությունը ցանկություն է հայտնել արտահերթ նիստ անցկացնել կուտակայինի հարցով, սակայն, ըստ Արծվիկ Մինասյանի, այս տեսքով և այս մոտեցումով հնարավոր չի լինի հարցը քննարկել՝ տարաձայնությունները սկզբունքային են:

«Ցանկացած տեխնիկական բնույթի փոփոխություն գործող համակարգի մեջ ինքնին ոչինչ չի տա, եթե հիմնարար հարցը չլուծվի, այն է՝ որ ամբողջ համակարգը պետք է կառուցվի բացառապես կամավորության հենքի վրա, խրախուսման համակարգով՝ բացառությամբ, անշուշտ, պետական կենսաթոշակային համակարգի», - ասաց դաշնակցական պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG