Մատչելիության հղումներ

logo-print

Կազմակերպությունը կայքի և ֆիլմի միջոցով կփորձի կանխել անցյալի մութ պատմությունների կրկնությունը


1949թ-ի հունիսի 14-ի գիշերն էր, երբ 17 տարեկան Մկրտիչ Հորասանջյանի տուն ներխուժեցին մի խումբ ռուս զինվորականներ և հրահանգելով հավաքել առաջին անհրաժեշտության իրերը՝ դուրս հանեցին տնից:

Այսօր՝ բռնադատվածի օրը, մեզ հետ զրույցում հուզմունքը մի կերպ զսպելով, 83-ամյա պապիկը թերթում էր անցյալի տխուր էջերը, հիշում այն բեռնատարը, որով իրենց՝ ավելի քան 40 մարդու, անվերջանալի թվացող ճանապարհով տարան անհայտ ուղղությամբ:

«16 օր գնալուց հետո մեզ իջեցրեցին վագոններից՝ Ալտայսկի կրայ, Զալեսինսկի ռայոն, 20-22 կիլոմետր անտառ, վրաններ կար մի քանի հատ, որը ժողովրդին չէր հերիքում», - պատմում է նա՝ ու ծոր տալով վերհիշում, - «Անձրև, անձրև, անձրև․․․ գործի եկեք, գործի, գործի․․․ անտառ կտրելու»:

6.5 տարվա աքսորից հետո հայրենիք վերադարձած այս ընտանիքն այդպես էլ չհասկացավ, թե որ հանցանքի համար արժանացավ նման ճակատագրի:

«Հետ գալուց հետո ստեղից՝ Ներքին գործերի նախարարությունից, մի թուղթ տվեցին մեզ բոլորի անունները գրված, որ՝ ձեզ անհիմն պատճառով աքսորել են: Դա էր․․․ », - պատմում է Մկրտիչ Հորասանջյանը:

Նման ճակատագրերով մարդկանց այսօր հանդիպեցինք «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի» կազմակերպած միջոցառման ժամանակ․բռնադատվածների, նրանց ժառանգների խնդրով զբաղվող այս կազմակերպությունը այսօր ներկայացնում էր Armeniatotalitaris կայքէջը, որտեղ հրապարակված են փաստաթղթեր, լուսանկարներ և մարդկային պատմություններ՝ վկայություններ ստալինյան բռնաճնշումների մասին:

Բռնադատվածների ժառանգները նաև «Անհարազատները» փաստավավերագրական ֆիլմի միջոցով երիտասարդ սերնդին փոխանցում են իրենց հիշողությունները այդ տարիների, վախի մթնոլորտի, դավաճանության մասին: Ֆիլմի մի դրվագում բռնաճնշումների զոհը ցավով է նկատում, որ այսօր՝ արդեն 21-րդ դարում, կարծես թե պատմության մութ էջերը դրական լույսի ներքո ներկայացնելու փորձ է արվում:

Ազգագրագետ Գայանե Շագոյանը, ով ֆիլմի և կայքի ստեղծման մասնակից է, նույնպես բարձրացրեց այս խնդիրը:

«Այս կայքի միջոցով մենք փորձում ենք ստեղծել, տարբեր դահիճների պատմությունների կողքին, նրանց զոհերի պատմությունները», - նշեց նա:


Ֆիլմի և կայքի ստեղծման մեկ այլ մասնակից՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, առանձնացրեց մի շարք խնդիրներ, որոնց այսօր բախվում են բռնաճնշումների ենթարկվածների ժառանգները:

«Բռնադատվածների մասին այսօրվա օրենքը, ըստ էության, իրավական ոչ մի պատասխանատվություն չի դնում անկախ Հայաստանի Հանրապետության վրա Խորհրդային Հայաստանի տարիներին տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ», - արձանագրեց Հրանուշ Խառատյանը:

Կայքի և ֆիլմի ստեղծմամբ բռնադատվածների ընտանիքների սոցիալական հարցերը, իհարկե, չեն լուծվում, ընդունում է Խառատյանը: Նրանք այդպես էլ չստացան փոխհատուցում: Այդուհանդերձ, ստալինյան բռնաճնշումների զոհերի և նրանց ժառանգների մասին պատմությունները հավերժացնելով՝ Խառատյանի խոսքով, իրենք նոր սերնդին հնարավորություն կտան ավելի խորքային տեղեկություն ունենալ նախորդ դարի չարագործությունների մասին և կկանխեն նորանկախ Հայաստանում անցյալի մութ պատմությունների կրկնությունը և այդ դրանց անմիջական մասնակիցների հերոսացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG