Մատչելիության հղումներ

Կարմիր խաչը հայ ռազմագերու՝ հարազատներին ուղղված նամակներում մի քանի տող ջնջել է


Արդեն մոտ 10 ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանը հերթական անգամ նամակներ է ուղարկել իր ընտանիքին: Հակոբի եղբոր՝ Հարություն Ինջիղուլյանի փոխանցմամբ՝ նամակների բովանադակությունը մեծ մասամբ կրկնում է նախորդներին միակ տարբերությամբ․ այս անգամ դրանցում ջնջված տողեր կան:

Հարություն Ինջիղուլյանը պարզաբանեց, որ մեկ տող ջնջված էր իրեն ուղղված նամակում, մի քանիսն էլ՝ մորն ուղղված նամակում:

Ինջիղուլյանների ընտանիքը գերության մեջ գտնվող Հակոբից նամակներ ստանում է բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որտեղից էլ ընտանիքին փոխանցել են, որ այդ մի քանի տողերը ջնջվել են Հայաստանում:

«Կարմիր Խաչի աշխատակիցն ասաց, որ իրենք են ջնջել: Կային բաներ, որ չպետք է հասներ մեզ, դրա համար ջնջվել են», - «Ազատությանը» փոխանցեց Հարություն Ինջիղուլյանը:

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցեց, որ Կարմիր խաչի առաքելությունը զուտ մարդասիրական է և ուղղված է ռազմագերու և ընտանիքի միջև կապն ապահովելուն: Ամատունու խոսքով Կարմիր խաչի միջոցով փոխանցվող նամակները պետք է պարունակեն միայն անձնական տվյալներ:

«ԿԽՄԿ-ը իրավասու է շատ ուշադիր կարդալ նամակները և իրեն իրավունք է վերապահում ընտանեկան ինֆորմացիայից զատ տվյալները պարզապես ջնջել: Դա մեր պարտավորւթյունն է երկու կողմի իշխանությունների առջև, քանի որ մեր աշխատանքն ուղղված է շահառուին», - ասաց Զառա Ամատունին:

Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հակոբ Ինջիղուլյանին երրորդ երկիր տեղափոխելու վերաբերյալ առայժմ նորություն չկա:

Կապրիելյանի խոսքով, Ինջիղուլյանին երրորդ երկիր տեղափոխելը Ադրբեջանի իշխանությունների կայացրած քաղաքական որոշումն էր, մի բան, որը մինչև այսօր նրանք օգտագործում են քաղաքական նպատակներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG