Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել Երևանում


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի Կոլա բոթլեր» ընկերության «Պեպսի» շշալցման գործարան, որտեղ ներկա է գտնվել «Սանդորա» բնական հյութի արտադրության նոր հոսքագծի գործարկման արարողությանը: Հանրապետության նախագահը շրջել է հոսքագծի գործարկման առիթով բացված տաղավարներում, գործարանի արտադրամասերում:

Շրջայցից հետո, Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ջերմուկ Գրուպ» ընկերության Ջերմուկ հանքային ջրի նոր գործարանի համար շշալցնող հոսքագծերի մատակարարման հուշագրի ստորագրման արարողությանը՝ ընկերության և KHS գերմանական ընկերության ներկայացուցիչների միջև:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է նաև մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի նոր ավտոմայրուղու սկզբնամաս, որտեղ քաղաքապետը ներկայացրել է Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու և Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Ծրագրի առաջին փուլում իրականացվել է Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու կառուցումը: Մայրուղու շինարարության մեկնարկը տրվել է 2012 թվականի հուլիսին, ավարտվել՝ 2014թ. մայիսի 31-ին: Կառուցվել են երկու տարբեր մակարդակների վրա տրանսպորտային հանգույցներ` Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հետ հատումներում։ Պողոտայի հանգույցն ապահովում է մեքենաների երթևեկությունն առանց հատումների և ստեղծում տրանսպորտային կապ՝ պողոտայի և նոր մայրուղու միջև։ Կառուցվել է եռաթռիչք միաձույլ երկաթբետոնե ուղեանց: Լենինգրադյան փողոցում կառուցվել է թունելային անցում՝ համապատասխան թեքանցներով։ Ավտոմայրուղու շինարարության նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 7896,0 մլն դրամ:

Նախագահին ներկայացվել է նաև Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերով հեռանկարում կառուցվելիք Արշակունյաց պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա 3.1 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհը, որը կանցնի Հրազդան գետի վրայով և նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով ու կարող է միանալ Ծովակալ Իսակովի պողոտայի տրանսպորտային հանգույցին՝ այդպիսով ապահովելով Արշակունյաց պողոտայից դեպի Լենինգրադյան փողոց և հակառակ ուղղությամբ տրանսպորտային անընդհատ երթևեկը, ինչի արդյունքում էականորեն կբեռնաթափվի դեպի մայրաքաղաքի կենտրոն տրանսպորտային հոսքը։

Սերժ Սարգսյանը եղել է նաև մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ ներկա է գտնվել «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցված շենքերի բացման արարողությանը:

Պատասխանատուների ներկայացմամբ, 1989թ. ի վեր «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածքում բնակվող մոտ 800 անձանցից բաղկացած 164 ընտանիքի համար բնակելի շենքերի կառուցման աշխատանքները մեկնարկել են բնակիչների վերաբնակեցման ծրագրի համաձայն և իրականացվում են փուլերով: Շինարարությունն իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության ֆինանսավորմամբ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի և Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության (DEG) գերմանական բանկի օժանդակությամբ: Այդ նպատակով, ՀՀ կառավարությունը Երևանի Հարավ-արևելյան թաղամասում հատկացրել է 7,000 ք.մ. տարածք, որի վրա «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն իրագործում է վերաբնակեցումը:

Շինարարությունը մեկնարկել էր 2011թ. հոկտեմբերին: Բնակիչների տեղափոխումը կմեկնարկի 2014թ հուլիսի 1-ին:

Շրջայցի ժամանակ ցուցադրվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի լոգիստիկ համակարգերի կատարելագործման համար գործարկվող 49 լիովին նոր և էկոլոգիապես արդյունավետ մեքենաները ևս, որոնք գործում են բնական գազով՝ նվազեցնելով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակը: Հանրապետության նախագահը ծանոթացել է նաև Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերության արդիականացման և զարգացման աշխատանքների ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG