Մատչելիության հղումներ

Ուկրաինայի բանակը գրավել է Մարիուպոլը


Արևելյան շրջաններում տեղի ունեցող մարտերում տուժած ուկրաինացի զինծառայողները բուժօգնություն են ստանում պաշտպանության նախարարրության զինվորական հոսպիտալում, Կիև,13-ը հունիսի, 2014թ.
Արևելյան շրջաններում տեղի ունեցող մարտերում տուժած ուկրաինացի զինծառայողները բուժօգնություն են ստանում պաշտպանության նախարարրության զինվորական հոսպիտալում, Կիև,13-ը հունիսի, 2014թ.
«Ֆեյսբուք»-ի իր էջում պաշտոնական հաղորդագրություններ հրապարակող Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հաղորդել է, որ հունիսի 13-ի լուսաբացին բանակը սկսել է հատուկ գործողությունը և արդեն գրավել է Մարիուպոլ նավահանգստային քաղաքը, որն անցած շաբաթների ընթացքում վերածվել էր ռուս անջատականների հզոր կենտրոններից մեկի։

Ըստ Ավակովի, ուկրաինացիները Մարիուպոլի քաղաքային իշխանության շենքի տանիքին բարձրացրել են հանրապետության կապույտ-դեղին դրոշը։ Նախագահ Պետրո Պորոշենկոն ուկրաինացի զինծառայողների նվաճումը հերոսություն է անվանել և կարգադրել է Դոնեցկի շրջանային վարչակազմը ժամանակավոր տեղափոխել Մարիուպոլ։

Անջատականները դեռ որևէ կերպ չեն մեկնաբանել այս լուրը։ Հաղորդվում է, որ մարտերում սպանվել է 5 ռուս անջատական և վիրավորվել է ուկրաինական բանակի 4 զինվոր։

Նախքան Մարիուպոլը գրավելը, բանակը ապամոնտաժել է ռուս անջատականների պաշտպանական կառույցները և ոչնչացրել դիպուկահարների հենակետերը։ Անջատականները պնդում են, որ պայթեցրել են ուկրաինացի զինվորներին փոխադրող մի զրահամեքենա, ինչի հետևանքով ուկրաինացի մեծ թվով զինծառայողներ վիրավորվել են։

Ավելի վաղ նախագահ Պորոշենկոն զանգահարել է իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին և բողոք հայտնել այն կապակցությամբ, որ Ռուսաստանի տարածքից առնվազն երեկ հրասայլ և ռազմական այլ տեխնիկա հատել է սահմանն ու շարժվել դեպի անջատականների հսկողության տակ գնտվող Ուկրաինայի արևելյան շրջան։

Պորոշենկոն հեռախոսազրույցում ռուսների այդ գործողությունն «անընդունելի» է անվանել։ Մոսկվան հերքում է հրասայլեր ուղարկելու լուրը։

Ավակովը երեկ կառավարության նիստում հայտնել է, որ շարասյունը հունիսի 12-ին մասամբ ոչնչացվել է։ Նրա փոխանցմամբ, հրասայլերից երկուսը գրոհի են ենթարկվել, երբ փորձել են հասնել անջատականների մեկ այլ հենակետի` Գորլովկա ավան։

«Ռուսաստանի Դաշնությունը հայտարարում է, թե ողջունում է խաղաղության գործընթացը և խստացնում է սահմանի հսկողությունը, բայց իրականում, ըստ հետախուզության տվյալների, անցած երեք օրում շարասյուններ են անցնում Դյակովե շրջանում ահաբեկիչների գրաված անցակետերով», - ասելէ Ավակովը։

Մարիուպոլը Դոնեցկի շրջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է և գտնվում է Ռուսաստանին սահմանակից հարավ-արևելյան շրջանից Ուկրաինայի մնացած շրջաններ տանող խոշոր մայրուղիների խաչմերուկում։

Ավակովն ասել է նաև, որ բանակը կարողացել է նորից հսկողություն սահմանել Ռուսաստանի հետ սահմանի 140-կիլոմետրանոց հատվածի վրա։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը վկայակոչել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որի համաձայն, Դոնեցկի շրջանի Ստեպանիվկա ավանի մոտակայքում հայտնաբերվել և ոչնչացվել են Ռուսաստանից զենք ու զինամթերք Ուկրաինա փոխադրող ավելի քան 4 տասնյալ ապստամբներ։

Բացի այդ, ուկրաինացիները պնդում են, որ ոչնչացրել են 12 միավոր զինտեխնիկա, այդ թվում 2 զրահամեքենա, 2 հրասայլ և 2 բեռնատար։ Այս հաղորդագրությունն անկախ աղբյուրները դեռ չեն հաստատել։

Վաշինգթոնում պետական դեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին ասել է, որ եթե ռազմական ներխուժման լուրն ապացուցվի, ապա դա կլինի ռուսների կողմից Արևելյան Ուկրաինայի իրավիճակն ապակայուցնելու մասին վկայող լուրջ և խիստ մտահոգիչ փաստ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG