Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնի գրքում անդրադարձ կա հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը


ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր «Դժվարին ընտրություն» գրքում անդրադառնում է նաև հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու` ցյուրիխյան իրադարձություններին, որտեղ նա անձամբ հանդես էր գալիս որպես միջնորդ:

ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու համարվող Հիլարի Քլինթոնն իր գրքում ներկայացնում է պետքարտուղարի պաշտոնում 2008-ից 2012 թվականների իր գործունեությունը:

«Թուրքիայի հայտարարած «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը պատուհան էր, որի միջոցով ԱՄՆ-ը կարող էր բանակցել՝ ջերմացնելու հայ-թուրքական հարաբերությունները՝ հույս ունենալով բացել սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև», - գրում է Քլինթոնը:

Նա նշում է, որ երկու երկրների կոշտ ընդդիմությունը կտրականապես դեմ էր փոխզիջումներին ու կառավարությունների վրա ճնշումը թույլ չտվեց համաձայնության հասնել:

Հիլարի Քլինթոնը նկարագրում է, թե ինչ է տեղի ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, ուր հանդիսավոր կերպով նախաստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: «Ասպարեզը» Քլինթոնի գրքից որոշ հատվածներ է մեջբերել:

«Հոկտեմբերի 9-ին ես մեկնեցի Ցյուրիխ՝ ականատեսը լինելու պայմանագրի ստորագրմանը: Արարողությանը ներկա Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի արտգործնախարարների և Եվրամիության բարձր ներկայացուցչի հետ միասին:

Հաջորդ օրը հյուրանոցից մեկնում էի Ցյուրիխի համալսարան, ուր տեղի էր ունենալու արարողությունը: Սակայն խնդիրներ առաջացան Նալբանդյանի՝ Հայաստանի նախարարի հետ, ով համառում էր: Նա անհանգստանում էր, որ Դավութօղլուն պլանավորել էր ելույթ ունենալ ստորագրելու ժամանակ ու Նալբանդյանը հանկարծակի որոշեց դուրս չգալ հյուրանոցից: Դա նշանակում էր, որ ամիսներ տևած բծախնդիր բանակցությունները կարող են տապալվել: Իմ ավտոմեքենաների շարասյունը հետ շրջեցինք և ետ սլացանք դեպի Ցյուրիխի «Գոլդեն Գրանդ» հյուրանոց: Մինչև ես սպասում էի մեքենայում, Ֆիլիպ Գորդոնը շվեյցարացի առաջատար բանագնացի հետ վերև բարձրացան Նալբանդյանին գտնելու և նրան ստորագրելու արարողությանը բերելու համար: Բայց նա անդրդվելի էր: Ֆիլիպը ներքև իջավ՝ զեկուցելու իրավիճակը: Իմ մեքենան արդեն կանգնած էր հյուրանոցի հետևում: Ես սկսեցի աշխատել, հեռախոսով հավաքեցի Նալբանդյանի համարը, իսկ երկրորդ գծով զանգեցի Դավութօղլուին: «Սա շատ կարևոր է: Մենք շատ հեռու ենք գնացել», - ասացի նրանց ու մեկ ժամ բանակցելով՝ փորձում էի կամրջել ճեղքվածքը:

Ի վերջո ես վերև բարձրացա, անձամբ խոսելու Նալբանդյանի հետ: Ինչ կլինի, եթե իրադարձության ժամանակ մենք պարզապես չեղյալ համարենք ելույթները: Ստորագրենք փաստաթղթերը, ոչ մի հայտարարություն չանենք և հեռանանք:

Երկու կողմ էլ համաձայնեցին այս տարբերակին ու Նալբանդյանը վերջապես դուրս եկավ: Մենք քայլեցինք ներքև, նա նստեց իմ մեքենան ու գնացինք դեպի համալսարան: Տեղում ևս մեկ ու կես ժամ պահանջվեց, որ նրանք վերջապես հայտնվեն հարթակում: Դա տեղի ունեցավ երեք ժամ ուշացումով, բայց վերջապես մենք այնտեղ էինք: Մենք ստորագրելու արագացված արարողություն կատարեցինք և հետո, ծանր բեռից ազատվածի թեթևությամբ յուրաքանչյուրը հեռացավ այնքան արագ, որքան կարող էր:

Այսօրվա դրությամբ կողմերից ոչ մեկը չի վավերացրել արձանագրությունները և գործընթացը մնում է սառեցված, այնուամենայնիվ 2013-ի դեկտեմբերին տեղի ունեցած մի համաժողովում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները երկու ժամ հանդիպում են ունեցել՝ քննարկելու առաջ շարժվելու հնարավորությունները և ես մինչև հիմա հույս ունեմ, որ ճեղքումը տեղի կունենա»:

«Ասպարեզի» փոխանցմամբ՝ Հիլարի Քլինթոնը իր գրքում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության խնդրին՝ այն համարելով «էմոցիաներով լիցքավորված հակամարտություն» Հայաստանի ու Թուրքիայի միջև:

Իսկ կովկասյան հակամարտությունների կարգավորելու մասին նշել է, որ Կովկասի հակամարտությունները խնդիրներ են ստեղծում Կենտրոնական Ասիայից էներգակիրները Եվրոպական շուկա հասցնելու, Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու համար:
XS
SM
MD
LG