Մատչելիության հղումներ

logo-print
Փառատոնի բացումը կնշանավորվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» վերականգնված ֆիլմի ցուցադրությամբ: Այն, ի դեպ, այս տարի ներկայացվել է նաև Կաննի կինոփառատոնին:

«Ոսկե ծիրանի» այս տարվա ֆիլմերի ծրագրում պահպանվելու են մրցութային 4 անվանակարգերը՝ խաղարկային, վավերագրական, հայկական համայնապատկեր և «Կորիզ»:

Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 95 երկրներից ներկայացված 1500 ֆիլմերից 4 անվանակարգերի համար ընդհանուր առմամբ ընտրվել է 70 ֆիլմ: Խաղարկային ֆիլմերը, ըստ Ստամբոլցյանի, հիմնականում առնչվում են բարոյական ճգնաժամի թեմատիկային:

«Տարբեր երկրներից ֆիլմերը գալիս են և կարծես թե նույն մտահոգություններով նկարահանված ֆիլմեր լինեն»,- հավելում է Ստամբոլցյանը:

Վավերագրական անվանակարգում ներկայացված ֆիլմերը բազմազան են, 700 ֆիլմի նախնական հայտերից ընտրվել է միայն 12֊ը: Ֆիլմերի գերակշիռ մասը լիամետրաժ են: Կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանի խոսքով, այս տարվա ֆիլմերը բազմազան են և բավական հետաքրքիր: Ներկայացված են ինչպես մարդկային ճակատագրերին առնչվող ֆիլմեր, այնպես էլ, Խանջյանի բնորոշմամբ, բովանդակային առումով շատ ավելի թեթև աշխատանքներ:

«Հայկական համայնապատկեր անվանակարգում ընդգրկված 18 ֆիլմերի հիմնական մասը հայկական արտադրության են: Ուշագրավ է, որ հայկական արտադրանքը իր որակով շատ ավելի լավն է, քան դրսում նկարահանվածների մեծ մասը»,- ասում է հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը:

Մեր հարցին, թե կա՞ն մրցույթում ֆիլմեր, որոնցում արծարծվում են Հայաստանի այսօրվա քաղաքացուն հուզող խնդիրներ, Րաֆֆի Մովսիսյանը պատասխանեց․ - «Օրինակ՝ Հարություն Շատյանի «Ճանապարհի փիլիսոփաները» ֆիլմը հետաքրքիր դոկումենտալ փորձ է կինոյի: Այնտեղ ներկայացվում է ֆիլմը տաքսու վարորդների հետ զրույցների արդյունքում և դա հետաքրքիր է: Քաղաքական, սոցիալական խնդիրներ, որոնց մասին են խոսում: Հավաքական ինչ-որ պատկեր է փորձում ստանալ այսօրվա իրականության վերաբերյալ»:
XS
SM
MD
LG