Մատչելիության հղումներ

Տասնյակ կրճատումներ Ֆինանսների նախարարությունում


Կրճատումներ Ֆինանսների նախարարությունում
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00

Նորանշանակ նախարարը, ըստ աշխատանքից ազատվածների, նախապատվությունը տալիս է Ֆինանսների նախարարությանը միացված ՊԵԿ-ի աշխատակիցներին։

Պետեկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության միավորումից երկու ամիս էլ չի անցել, սակայն արդեն 100-ից ավելի մարդ զրկվել է աշխատանքից. ընդ որում գործազուրկ են դարձել միայն ֆինանսների նախարարության աշխատակիցները:

Այս մասին լուրերը «Ազատության» հետ զրույցում հաստատեց ֆինանսների նախարարության արդեն նախկին աշխատակիցը: Մերի Ավագյանը 9 տարի աշխատել է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։ Նա հունիսի 10-ին տեղեկացել է, որ արդեն չորս օր է իրեն աշխատանքից ազատել են՝ պատճառաբանելով երկու կառույցների միավորումը։

«Բայց որքանով ծանոթ եմ քաղծառայության օրենսդրությանը, եթե վերակազմակերպվում է ՊԵԿ-ը, այսինքն միաձուլվում է ֆինանսների նախարարությանը, պետք է, որ իրենց մոտ լինեին տրամաբանական կրճատումներ։ Տարօրինակն այն է, որ մի ամբողջ բաժին է կրճատվում։ Կարող էին, ըստ քաղծառայության օրենսգրքի, նախապատվություն տալ ավելի բարձ դասային աստիճան ունեցողին, բայց որ ամբողջ բաժին է կրճատվում, դա անշուշտ տարօրինակ է»,- ասաց Ավագյանը։

Ֆինանսների նախարարության որոշ նախկին աշխատակիցներ, որոնք ներկայանալ ևձայնագրվել չցանկացան, ասում էին, որ ՊԵԿ-ի նախկին նախագահ և ֆինանսների նախարարության նորանշանակ նախարար նախարար Գագիկ Խաչատրյանն ազատվում է հատկապես նախարարության հին աշխատակիցներից և թափուր աշխատատեղերը համալրում ՊԵԿ-ի կադրերով։

Արդեն գործազուրկ Մերի Ավագյանի փոխանցմամբ՝ աղմուկը բարձրացել է հենց իրենց բաժնից, սակայն իրավաբանական բաժնում և ֆինանսական վերահսկողության տեսչությունում իրավիճակն ավելի սրված է:

«Այս երկուսում են եղել կտրուկ կրճատումները, խոսքը մինչև 50 մարդու մասին է»,- ասաց Ավագյանը։

Հարկ է նշել, որ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը, որ ղեկավարում էր Սոնա Ղարիբյանը, դեռևս նախորդ տարի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ՊԵԿ-ի գործունեությանն առնչվող մի շարք խախտումներ էր բացահայտել: Ամենաղմկոտ բացահայտումներից էին կառավարության սուբսիդավորմամբ էժան դիզվառելիքի բաշխման ծրագրում հայտնաբերված խախտումները, որից, ըստ շրջանառվող լուրերի, օգտվել էին ներկայիս վարչապետ, այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատները: Այժմն փաստորեն այդ ողջ տեսչությունը լուծարված է:

Տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանությունը միտումնավոր է հենց այս տեսչությունը լուծարել՝ նպատակ ունենալով հեռացնել նրանց, ովքեր ժամանակին խախտումներ էին բացահայտել։

«Այս բաժնի առկայությունը ենթադրում էր, որ ինչքան էլ հրամաններ կատարել, ստիպված էր աշխատել և ինչ-որ բացահայտումներ անել։ Անցած տարի աշխատեցին, մի երկու աղմկոտ պատմություն հրապարակ դուրս եկավ, հիմա գլխացավանքից պրծնելու լավագույն ձևը գլուխը կտրելն է։ Այդ տեսչությունը լուծարվում է, ու նման տգեղ փաստերի առաջ իշխանությունները էլ չեն կանգնում»,- ասաց Գալոյանը։

Վերլուծաբանը չի բացառում նաև, որ սա վենդետա էր նախկինում կատարված բացահայտումների համար: Այդուհանդերձ, Գալոյանը կարծում է, որ այսօր համակարգային փոփոխություններ անելով իշխանությունները ապագա ապօրինությունը թաքցնելու հնարավորություն են ստեղծում:

Նախագահը խոսում է գաղջ մթնոլորտի վերացման, սոցիալական արդարության վերականգնման, բարեփոխումների մասին, սակայն այսօրվա իրականությունը վերլուծաբանին լավատեսություն չի ներշնչում: Թեպետ նորաստեղծ սուպերնախարարության արդյունավետ աշխատանքի մասին խոսելը, ըստ տնտեսագետի, վաղաժամ է, այդուհանդերձ դեռևս թարմ են հիշողությունները այդպիսի ի քանի չստացված փորձերի մասին:

«Հիմնավոր փաստարկում են, թե ինչու են միացնում, մի երկու տարի հետո նույնքան հիմնավոր փաստարկում են, թե ինչու են առանձնացնում»,- նկատեց Գալոյանը։

Կրճատումների մասին պարզաբանում խնդրեցինք ֆինանսների նախարարությունից, խոստացան պատասխանել օրվա ընթացքում, սակայն դեռ չենք ստացել պատասխանը։

Ֆինանսների նախարարության արդեն նախկին աշխատակից Մերի Ավագյանը չի կարծում, որ այս պատմությունը հենց այսպես կմարի ու կգնա: Ըստ նրա՝ դժվար թե 100-ից ավելի մասնագետներ համակերպվեն աշխատանքը կորցնելու հետ.- «Այս խմորը ջուր կառնի անշուշտ»,- ասում է նա։
XS
SM
MD
LG