Մատչելիության հղումներ

Ղարաբաղի երիտասարդները դուրս են մնացել Ծաղկաձորում անցկացվող միջազգային համաժողովից


Ծաղկաձորում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Եվրասիական համագործակցության հիմնադրամի համատեղ երիտասարդական համաժողովին, որին հրավիրված էին մոտ 150 երտասարդներ ԱՊՀ և Բալթյան երկրներից, Ղարաբաղը չի մասնակցում։

Մեկ ամիս առաջ Ռուսաստանից ինչ-որ մարդիկ կապվել էին ղարաբաղցի գործիչների հետ, նրանց ևս հրավիրել, այնուհետև հունիսի 7-ին, համաժողովի մեկնարկից 3 օր առաջ հայտնել են, որ ձևաչափը փոխվել է և Ղարաբաղից մասնակիցներ չեն գնալու։

Ռուզաննա Ավագյանը նախ հրավիրված, ապա մասնակիցների ցանկից հեռացված երեք ղարաբաղցիներից մեկն է։ Նրա խոսքով, Ռուսաստանից իր հետ է կապվել Սպարտակ Պետրոսյան ներկայացած մեկը. - «Հունիսի 7-ին կապվեց ինձ հետ և ասաց, որ փոփոխություն է եղել և որ Ղարաբաղի ներկայացուցիչները չեն գնալու համաժողովին։ Ասաց, որ ներողություն եմ խնդրում, որ հրավիրել եմ, բայց Ղարաբաղից ոչ մի մասնակից չի լինելու»։

Փախստականների խնդիրներով զբաղվող իրավապաշտպանն ինքն էլ լավ չի հասկանում, թե ինչու են վերջին պահին որոշել ղարաբաղցիների առջև փակել Հայաստանում անցկացվող համաժողովի դռները։ Նա միայն ենթադրում է, որ գուցե պատճառը Աստանայի վերջին գագաթնաժողովն էր, որտեղ Ղազախստանի նախագահն ընթերցեց Իլհամ Ալիևի նամակը:

Վերջին օրերին այս պատմությունը լայն արձագանք է գտել սոցիալական ցանցում, հարյուրավոր մարդիկ քննարկում են, թե ինչու է Եվրասիական միության միջոցառումից դուրս մնացել Ղարաբաղը։ Երիտասարդական հիմնադրամը շտապեց արձագանքել, թե իրականում ոչ թե իրենք են զբաղվել մասնակիցներին հրավիրելով, այլ Եվրասիական համագործակցության հիմնադրամը, որի նախագահ Մհեր Սիմոնյանն էլ ասաց, որ իրականում Ղարաբաղի մասնակիցները չեն գնացել անձնական պատճառներով, ինչը գոնե Ռուզաննա Ավագյանի դեպքում իրականությանը չի համապատասխանում։

Իսկ ղարաբաղցի լրագրողները գրում են. մի՞թե ողջ Ղարաբաղի երտիասարդությունը հունիսի 10-ից 15-ը միասնաբար անձնական խնդիր ուներ։ Սոցիալական ցանցում թեմային անդրադարձած գրող Մարինե Պետրոսյանն էլ ասում է. - «Սա փոքր բան է, բայց եթե փոքր բաներին չես արձագանքում, իրենց համար դա նշան է, որ դու այնքան թույլ ես, որ քեզ հետ ամեն ինչ կարելի է անել», - ասում է Մարինե Պետրոսյանը, ում կարծիքով տեղի ունեցածն իրականում քաղաքական ենթատեքստ ունի։

«Բոլորս հասկանում ենք, որ լուծման (ղարաբաղցիներին հրավիրելու) մի ձև կգտնեին, եթե քաղաքական կամք լիներ։ Պարզ է դառնում, որ Ռուսաստանի համար արդեն ամենակարևորը Ադրբեջանն է, մենք արդեն նշանակություն չունենք, և Ռուսաստանը խաղարկում է Ղարաբաղը, բայց մենք ի վերջո պետք է ցույց տանք, որ այս կողմից ուժ կա։ Պետք է մի կետ կա, որից արդեն մենք պետք է սթափվենք», - ասում է գրողը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG