Մատչելիության հղումներ

Կառավարությունը թեթևացնում է փոքր բիզնեսի հարկային բեռը


Գործադիրի հերթական նիստում հավանության արժանացավ «Շրջանառության հարկի մասին» ու ևս վեց օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին փաթեթը, ըստ որի առևտրի ոլորտում փոքր ու միջին ձեռնակությունները հոկտեմբերի 1-ից 3.5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն վճարելու են 1 տոկոս:

Հիշեցնենք՝ փոքր ու միջին են համարվում տարեկան մինչև 58.35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունները:

Բացի այդ, կառավարությունն այսօրվա որոշմամբ՝ Հայաստանում ներդրվելու է «ընտանեկան բիզնես» կարգավիճակը․ տարեկան մինչև 12 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները, որոնք կգրանցվեն «ընտանեկան բիզնես» կարգավիճակով, կազատվեն հարկերից:

Փաթեթը դեռ պետք է ստանա Ազգային ժողովի հավանությունը, և այդ նպատակով խորհրդարանի ղեկավարին առաջարկվել է հունիսի 18-ին հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ:

«Մեծ քայլ է կատարվում, իրոք, փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու, որպեսզի, կայանան: Սա է մեր նպատակը», - հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: - «Մեր բյուջեի եկամուտները նախնական մոտ 8 միլիարդ նվազելու են, բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր և միջին ձեռնարկատերերին, փորձում ենք խոշորին բերել հարկային դաշտ: Եվ այստեղ պետք է ֆինանսների նախարարությունը լինի շատ հետևողական»:

Հիշեցնենք` առտրի ոլորտի ՓՄՁ-ների համար շահութահարկի և ավելացված արժեքի հարկի փոխարեն 3.5 տոկոսանոց շրջանառության հարկ սահմանավեց 2013թ. հունվարի 1-ից: Այն ժամանակ կառավարությունն ասում էր, թե նպատակը փոքր ու միջին բիզնեսի համար հարկային բեռը թեթևացնելն է, սակայն իշխանությունների այդ քայլը քննադատության արժանացավ ոլորտի ներկայացուցիչների կողմից, որոնց կարշիքով իրականում հարկային բեռը ավելացավ:

«Եթե նպատակը փոքր ու միջին բիզնեսին աջակցելն է, ապա միայն այս քայլը բավարար չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգհային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: - «Փոքր բիզնեսը պետք է համոզված լինի, որ իր նկատմամբ իրականացվող քաղաքականությունը մի անգամ իրականացվող ակտ չէ, այլ հետագայում կշարունակվի: Վստահության խնդիր կա իշխանության նկատմամբ և իշխանության գործողությունների նկատմամբ: Ընդամենը մեկ կամ մաքսիմում երկու եռամյսակ հետո մենք կարող ենք ինչ-որ արդյունք ստանալ և դրանից եզրակացնել, թե ինչքանով են փոքր բիզնեսին նպաստավոր այս պայմանները: Որովհետև իրական կյանքը կարող է ցույց տալ, որի էլի նրանց պետք է աջակցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG