Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյան. Եթե հավատայի արդարադատությանը, դուբինկեն չէի վերցնի


Շանթ Հարությունյան. «Եթե հավատայի արդարադատությանը, դուբինկեն չէի վերցնի»
please wait

No media source currently available

0:00 0:05:03 0:00
Այսօր դատարանի դահլիճում ներկաները Շանթ Հարությունյանին և նոյեմբերի 5-ի գործով մյուս կալանավորվածներին դիմավորեցին ծափողջույններով։

Հարությունյանը հարցրեց ներկաների որպիսությունը, այնուհետև նիստը մեկնարկեց և անցավ լարված մթնոլորտում։ Մի քանի տասնյակ ոստիկաններ ու դատական կարգադրիչներ էին հսկում դահլիճը, նրանք պատ կազմած շրջափակել էին մեղադրյալներին, ոչ ոքի թույլ չէին տալիս մոտենալ նրանց։

Այս իրավիճակը, ինչպես նաև փաստաբաններից մի քանիսի բացակայությունը վրդովեցրեց ներկաներին. մի քանի մեղադրյալներ հրաժարվեցին փաստաբաններից, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը պնդեց, որ դա պաշտպանների բացակայությամբ հնարավոր չէ և հայտարարեց նիստը հետաձգելու անհրաժեշտության մասին։ Ներկաները սա դիտարկեցին որպես դիտավորություն՝ դատական գործընթացը ձգձգելու նպատակով։

Շանթ Հարությունյանը բոլոր կալանավորվածներին առաջարկեց հրաժարվել փաստաբաններից՝ հայտարարելով, որ սա իրավական երկիր ու իրավական գործընթաց չէ, որ փաստաբանները կարողանան իրենց օգնել։

«Տղերք, այսօր, ըստ էության, մեր դատն է, ոչ թե փաստաբանների, ու մենք պիտի որոշենք, էնպես չլինի, մեր դատը սկսվի, փաստաբանները խոսեն իրավական դաշտում ու մեր մտքերը գնա կորի։ Փաստաբանները մեզ ոչ մի առումով չեն կարող օգնել, սա քաղաքական պրոցես է, ու Հայաստանում եթե որևէ մեկը մտածում է, որ փաստաբանը կարող է դեր ունենալ, նշանակում է՝ ինքը հավատում է, որ Հայաստանում կա արդարություն, արդարադատություն։ Եթե հավատում էր, ինչի՞ եկավ հետս կանգնեց, կռիվ արեց։ Ես որ հավատայի, չէի գնա դուբինկեն վերցնեի, դուրս գայի փողոց, ընտրությունների հետ հույսս կկապեի, կսպասեի 18 թվին»,- ասաց Հարությունյանը։

«Բայց քանի որ ես գիտեմ՝ էստեղ արդարություն, արդարադատություն, ոչ մի բան չկա, դրա համար իրենց հետ համարժեք եմ ուզել գործել, որովհետև իրենք օրենքից դուրս են հասարակության հետ վարվում, ես ինձ չեմ ուզել էշի տեղ դնել ու ելել եմ օրենքի դաշտից դուրս, իրենց ադեկվատ պատասխանել եմ։ Հիմա եթե այստեղ էդ օրենքը, արդարությունը չկա, փաստաբանը ի՞նչ պիտի անի»,- հարցեց նա։

Հարությունյանն վկայակոչեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին՝ ասելով, թե նույնիսկ նրա կայացրած որոշումները հաշվի չեն առնում, ո՞ւր մնաց շարքային փաստաբանի հայտարարությունները։

«Էդ մարդը ճիշտն է կարդում, հաշվի չեն առնում, հիմա եթե մեր փաստաբանները ասեն էսինչ կետի վրա էս տղերքը անմեղ են, ձեզ թվում է՝ հաշվի՞ են առնելու։ Չէ»,- ընդգծեց նա՝ հավելելով.- «Երկիրն է կործանվում»։

Իր կարճատև հայտարարության մի մասն էլ Հարությունյանը նվիրել էր ընդդիմադիր քաղաքական գործիչ, օրերս մահացած Սմբատ Այվազյանին, ում հետ կալանավորված էր «Մարտի 1-ի» գործով։ Հարությունյանը ցավակցություն հայտնեց Այվազյանի հարազատներին, ընկերներին ու մտերիմներին։

Ի դեպ, թեև դատական նիստն անցնում էր կիսադատարկ դահլիճում, նստարանների 3-4 շարք լրիվ ազատ էին, բայց կալանավորների հարազատներից ընդամենը 2-3-ին թույլ տվեցին մտնել դահլիճ, այն էլ նիստի կեսից. սկսվեց վիճաբանություն նրանց և դատական կարգադրիչների միջև։ Հարազատները դատարանին մեղադրում էին իրենց համար ստորացուցիչ պայմաններ ստեղծելու համար՝ համոզմունք հայտնելով, որ դա դիտավորյալ է արվում։

«Նստարանները մնացին ազատ, իսկ մարդիկ արցունքոտ աչքերով մնացին բակում կանգնած։ Մարդիկ 7 ամիս իրենց երեխաներին չեն տեսել, դժվա՞ր էր թողնել։ Մեր հաշվին փող եք ստանում, վերևից պատվերներ եք կատարում»։

«Շանթ և Ազատություն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանն էլ հայտարարեց, որ դատի է տալու այն ոստիկաններին, ովքեր «սուտ են խոսել» և դահլիճում տեղ չլինելու պատճառաբանությամբ ներս չեն թողել հարազատներին։

«Ինչի՞ են մարդկանց ներվերը քայքայում, իբր դատ են անում, այս ցիրկն ո՞ւմ համար է»,- հարցնում էր նա։

Քաղաքական գործիչներից նիստին ներկա էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Հայաստանը ունեցել է քաղբանտարկյալներ իր ողջ պատմության ընթացքում, և դա ցուցանիշ է։ Ցուցանիշ է, թե ինչ տեսակի երկիր է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը.- «Որովհետև իրենք օրենքից դուրս են, իրենք ապօրինի են, և նա, ով պայքարում է իր իրավունքի համար, ինքը արժանի է բանտի»։

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հետևում էր դրսի իրադարձություններին։ Նա կարծիք հայտնեց, որ դատավարությունը Շանթ Հարությունյանի և իր խմբի համար շատ լավ ամբիոն է իրենց ասելիքը ասելու, «իրենց մոտիվները հանրությանը բացատրելու և մեղադրանքները հերքելու համար», իսկ դատարանից, ըստ Փաշինյանի, ակնկալիք պետք չէ ունենալ։ Մնացական Մարտիրոսյանը, հիշեցնենք, հայտնի է Մարտի 1-ի գործերով։

«Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ մի դատավոր կա, դա Սերժ Սարգսյանն է, նա ուղղակի տարբեր երեսներով, տարբեր դատարաններում հանդես է գալիս»,- ասաց Փաշինյանը.- «Մնացական Մարտիրոսյանը իր դատավորական, կամ ավելի ճիշտ՝ սերժսարգսյանական կարիերայի ընթացքում հասցրել է բավականին տխուր և խայտառակ հռչակ և իմիջ ձեռք բերել, այնպես որ կարծում եմ, սա նրա համար հերթական փայլուն հնարավորությունն էր ևս մեկ քայլով ամրապնդելու խարանը իր և իր սերունդների վրա»,- ասաց Փաշինյանը։

Դատական նիստը տևեց մեկ ժամից պակաս և հետաձգվեց մինչև հունիսի 25-ը։
XS
SM
MD
LG