Մատչելիության հղումներ

Դատարանի բակում կրակոցներ են հնչել


Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության մեկնարկին արտակարգ պատահար տեղի ունեցավ դատարանի շենքի առջև: Հայկ Կյուրեղյան անունով ներկայացած երիտասարդը, մոտենալով «Ազատության» թղթակցին, ասաց, թե կարևոր հայտարարություն է ցանկանում անել և մտադիր է խափանել դատական նիստը:

«Շանթի հետ կապ չունեմ, իրեն ճանաչել եմ ցույցերից: Իր տեսակետների հետ էլ կարող է համաձայն չլինեմ, հարցն այն է, որ մարդ են դատում, սխալ են դատում, հաշվեհարդար է սա: Ես եկել եմ չթողնեմ ամեն կերպ: Մարդը եթե ինչ-որ բանի դեմ է, պետք է գործնականում ցույց տա, որ դեմ է: Հիմա ես իրենց հետ կռիվ եմ անելու: Առաջինը գազային ատրճանակով եմ կռիվ անելու, հետո եթե բերդից դուրս եկա, իսկական զենքով եմ կռիվ անելու», - ասաց Կյուրեղյանը:

Այս խոսքերից հետո երիտասարդը դատարանի առջև կայանված մի մեքենայի վրա փակցրեց «բարիկադ» գրությունը, ցատկեց մեքենայի վրա ու սկսեց կանչել ոստիկաններին՝ հայտարարելով, թե մեքենայի մեջ պայթուցիկ սարք կա: Նա ձեռքում պահել էր ատրճանակը, երբ իրավապահները մոտեցան, սկսեց կրակել նրանց ուղղությամբ, ապա գրպանից հանեց ինչ-որ սարք՝ սպառնալով պայթեցնել:

Մի պահ երիտասարդի ոտքը սահեց, նա ընկավ մեքենայի դիմապակու վրա, ոստիկաններն անմիջապես շրջափակեցին նրան, ուժի կիրառմամբ ձեռնաշղթաներ հագցրին ու հեռացրին տարածքից:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, 31-ամյա երիտասարդը «կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ»:

Իրավապահները չեն մանրամասնում, թե զենքի ինչ տեսակի մասին է խոսքը, սակայն, «Ազատության» հետ զրույցում երիտասարդը նշում էր, որ ատրճանակը գազային է: Ոստիկանությունից փոխանցեցին, որ վիրավորվել է 5 ոստիկան, այդ թվում մեկ կին, Հայկ Կյուրեղյանը ձերբակալված է, ատրճանակն առգրավվել է:

Հարուցվել է քրեական գործ 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանության հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում չորսից յոթ տարի ժամկետով: Երիտասարդին հեռացնելուց հետո էլ դատարանի առջև իրավիճակը շարունակում էր լարված մնալ, ոստիկանները թույլ չէին տալիս կալանավորվածների հարազատներին բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե ազատ տեղ չկա: Կանայք արտասվում էին, հրմշտոց սկսվեց:

Հարազատները, ինչպես նաև «Շանթ եւ Ազատություն» հիմնադրամի ներկայացուցիչները զայրացած ասում էին, թե դատարանի փակ դռները վկայում են արդադատության բացակայության մասին․ - «Եթե իմ ամուսինը ներսում է, այսօր ես չկարողանամ ներս անցնել, այստեղ ուրիշ ի՞նչ եք տեսնում»:

«Վոլոդյա Ավետիսյանի ներկայացումը տեսել ենք, հիմա էլ տեսնենք, թե այս 15 հոգուն ինչպես են այդ ներկայացումը կազմակերպելու: Մեզ են ուզում վախեցնել, ոչ թե Շանթին: Շանթը վախեցող չի: Ոչ էլ ընկերներն են վախեցողը», - վրդովված ասած Շանթ Հարությունյանի աջակիցներից մեկը:

Այս գործով անցնող ազատամարտիկ Վահե Մկրտչյանի կնոջը` Մարգարիտա Ստեփանյանին երկարատեւ բանակցություններից հետո հաջողվել էր մուտք գործել նիստերի դահլիճ․ ներսում տեսած կիսադատարկ դահլիճը կրկնաատկել էր զայրույթը. - «Այսօր հորաքույրը Կանադայից այստեղ էր, որ Վահիկի դատին մասնակցեր, նույնիսկ ներս չթողեցին: Իսկ իրենց աթոռները ազատ դրած»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հարազատներին ներս չթողնելը նախապես կազմակերպված գործողություն որակեց․ - «Որ ինչ-որ բան թաքցնելու պատճառ ունեն, որ սա իսկապես քաղաքական դատավարություն է, և այլն, և այլն... Հաճախ են ասում չէ՞` քաղաքական կամք է անհրաժեշտ: Հայաստանում քաղաքական կամքը դա բռնությունն է, քաղաքական կամքը կամայականությունն է: Ահա ձեզ պատկերը»:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց այսօրվա նիստին: Ասաց` Շանթի ազատությունը մեր երկրի ազատությունն է կայսերական ուժից, նա ընկերների հետ խաղաղ, օրինական ճանապարհով գնացել է մեզ անհրաժեշտ հեղափոխությանը:

«Երեկ ինչ-որ մեկը գալիս է ուրիշ մայրաքաղաքից և մեզ ասում է, թե մեր պետական լեզուն ինչ պետք է լինի, որ միությանը մենք պետք է միանանք թե չէ: Դա Շանթ Հարությունյանի և Հայաստանի շարքային քաղաքացու հավատամքի դեմ է», - հավելեց Հովհաննիսյանը:

Մայդանի համերաշխության կոմիտեի անդամ Գայանե Առուստամյանը ոչ մի հույս չի կապում Հայաստանի դատական համակարգի հետ: Նախադեպերը, նրա խոսքով, շատ են․ - «Այդ նույն Մնացական Մարտիրոսյանը «Յոթի գործով» դատավոր է եղել, և մենք հիշում ենք, թե ինչ հրեշավոր դատական ակտ կայացրեց»:

Շանթի կինը՝ Ռուզան Բադալյանը առաջին նիստից տպավորություն է ստացել՝ հատուկ միտում կա ձգձգելու․ - «Քանի այդ իշխանություններն են, քանի այս դատական համակարգն է, ոչ մի հույս չենք կապում»:

Դատարանի առջեւ հավաքվածները հերթով ընթերցում էին 14 ազատազրկվածների անունները: Նիստից հետո դեռ երկար մնացին դատարանի բակում՝ ծափահարություններով ճանապարհելով կալանավորվածներին տեղափոխող մեքենան:
XS
SM
MD
LG