Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Աշխատանքից կազատվեն նրանք, ովքեր ապօրինի ազատել են ուրիշներին»


Երեկ երեկոյան կենսաթոշակային նոր համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» շարժման անդամների բողոքի երթին ընդառաջ կառավարության շենքից դուրս եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Սա վարչապետի՝ «Դեմ եմ» ի հետ երկրորդ հանդիպումն էր, սակայն «Դեմ եմ»-ն այս անգամ նրա հետ երկխոսել չցանկացավ։

Վարչապետն ասաց, թե չի հասկանում՝ ինչ պահանջ են ներկայացնում բողոքի ակցիայի մասնակիցները, չնայած, որ բարձրախոսով այդ մասին մի քանի անգամ հաղորդվեց:

«Դեմ եմ»-ն այս անգամ սատարման երթ էր կազմակերպել ի պաշտպանություն պետական հաստատություններում ճնշումների ենթարկվող աշխատողների, որոնց պարտադիրից հրաժարվելու մասին դիմումները չեն ընդունվում։ Երթի մասնակիցները կառավարությունից պահանջում էին աշխատել օրենքի սահմաններում ու ընդունել աշխատողների՝ պարտադիրից հրաժարվելու դիմումները։

«Մենք պահանջում ենք. քաղաքացին պետք է մտնի այդ համակարգի մեջ և դուրս գա այդ համակարգից միայն կամավոր», - բարձրախոսով հայտարարեց շարժման անդամ Արսեն Մանուկյանը:

Այսօր «Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե զրույցի ժամանակներն անցել են, և վարչապետի առջև միայն պահանջ է դրվում: Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ կառավարությունից սպասելիք չունեն, Մանուկյանը պատասխանեց. - «Ոչ թե սպասելիքներ ունենալ-չունենալու հարցն է: Իրականում հենց կառավարությունն էլ պետք է լուծի այդ հարցը: Խոսելու նյութ չկար: Իսկ կառավարությունից ևս մեկ անգամ պահանջում ենք` շտապ իջեցնել հրահանգներ և բոլոր հիմնարկներին թողնել, որ քաղաքացիները յուրացնեն իրենց կամարտահայտության իրավունքը»:

Ակտիվիստները չցանկացալ խոսել վարչապետի հետ, իսկ լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը պնդեց, թե օրենքը չի խախտվում:

«Ազատության» հարցին, թե ինչու պետական հաստատություններում դիմումներ չեն ընդունվում, վարչապետն արձագանքեց, թե նման բան չկա:

«Մենք օրենք ենք ընդունել: Եթե չուզեինք՝ չէինք առաջարկի ԱԺ-ին: Բոլորը պետք է այն իրականացնենք», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Երբ մի քանի օրինակ բերեցինք՝ շեշտելով, որ մարդիկ նույնիսկ զրկվել են աշխատանքից դիմում գրելու պատճառով, վարչապետ Աբրահամյանն ասաց, որ «աշխատանքից կզրկվեն նրանք, ովքեր ապօրինի ազատել են ուրիշներին»:

Հիշեցնելով երեկ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի արած հայտարարությունը, որ կուտակայինի հարցով ճնշումների մասին ահազանգել իրենք էլ են ստացել` «Դ!եմ եմ»-ի անդամը առաջարկում է. - «Հովիկ Աբրահամյանը փաստորեն կարող է հարցնել Արմեն Գևորգյանին, թե որ գերատեսչություններում է այդ իրավիճակը և ազատի այդ գերատեսչության ղեկավարներին»:

Երեկ ակտիվիստներից մեկը վարչապետին հիշեցրեց Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատակիցների դեպքը, ովքեր կուտակայինի դեմ ցույցին մասնակցելուց երկու օր անց ազատվել էին աշխատանքից:

«Ես ինչ գիտեմ ում են ազատել: Մի հատ գրեք, բերեք նայենք: Եթե ապօրինի են ազատել, կպատժենք ազատողին», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Մետրոպոլիտենի նախկին աշխատակից Գագիկ Գալստյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե այդ դեպքի մասին Հովիկ Աբրահամյանը գիտեր դեռ ԱԺ նախագահի կարգավիճակում. - «Ինքը լավ էլ տեղյակ էր, որովհետև Արծվիկ Մինասյանը հնչեցրել էր այդ հարցը»:

Հիշեցնենք, որ ապրիլին Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտեցել էր նախագահական նստավայրի առաջ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի դեմ բողոքի ակցիայի դուրս եկած ցուցարարներին ու պատրաստակամություն էր հայտնել հանդիպել նրանց ներկայացուցչական խմբի հետ: Ավելի ուշ վարչապետի մոտ խորհրդակցություն էր կայացել, որի արդյունքում նախապատրաստվել էր օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը կասեցվել էր տույժերի հաշվարկը: «Դեմ եմ» շարժումը սա որակել էր որպես «քայլ, բայց՝ ոչ վերջնական»:
XS
SM
MD
LG