Մատչելիության հղումներ

Փոխվարչապետն ասում է՝ կուտակայինի հարցով ճնշումների ահազանգեր իրենք էլ են ստացել


Արմեն Գևորգյանը խոստանում է՝ գործատուների կողմից ճնշումների դեպքում «համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն»։

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ չշրջանցվեց պարտադիր կուտակային կենսաթոշակի հարցը:

Բազմաթիվ ահազանգեր են հնչում այն մասին, որ հատկապես պետական հաստատություններում մարդկանց թույլ չեն տալիս դիմումներ գրել և հրաժարվել պարտադիր պահումներից: Դեպքեր են եղել, երբ մարդկանց դիմում գրելու համար ազատել են աշխատանքից:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը հորդորեց կառավարությանը և վարչապետին խորհրդարանի ամբիոնից ևս մեկ անգամ հայտարարել, որ այն գործատուները, ովքեր բացահայտ կամ թաքնված ճնշումներ են գործադրում քաղաքացիների վրա, թույլ չտալով կուտակային համակարգից հրաժարվելու դիմումներ գրել, պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առաջ:

Այս հորդորին արձագանքեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանն՝ ասելով, թե այս խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է:

«Մենք էլ ենք ահազանգեր ստացել կառավարությունում, որոնց հետքերով միջոցառումներ արդեն ձեռնարկում ենք։ Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ օրենքը կիրառվելու է բացառապես այն ձևով, ինչպիսին ընդունել է Ազգային ժողովը։ Եթե լինեն դեպքեր և խնդիրներ, խնդրում եմ մեզ այդ մասին տեղեկացնել, և համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։ Ամեն դեպքում օրենքին հակասող որևէ ցուցում որևէ տեղից, որևէ ատյանից որևէ տեղ չի գնացել և չէր կարող գնալ»,- ասաց փոխվարչապետը։

Ուշագրավ է, որ թեև փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ասաց, թե իրենք էլ ահազանգեր ստացել ճնշումների մասին և արդեն քայլեր են ձեռնարկում, սակայն կառավարության անդամ, սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցնում էր, թե ինքը որևէ ճնշման մասին տեղեկություն չունի:

«Կոնկրետ տվյալներ կներկայացնենք, կնայենք»,- ասաց Ասատրյանը՝ հորդորելով «ավելի կոնկրետ ներկայացնել» ճնշումների մասին լրատվամիջոցների լուսաբանումները.- «Պատկան մարմինները, ովքեր այդ հարցում իրավասություններ ունեն, կզբաղվեն»։

Կուտակային կենսաթոշակային օրենքում կատարվելիք փոփոխությունների փաթեթը կառավարությունը ծրագրում է խորհրդարան բերել մինչև հուլիսի 1-ը:
XS
SM
MD
LG