Մատչելիության հղումներ

Աֆրիկյանների ակումբի մոտից բերման ենթարկվածների կարգավիճակը դեռ հայտնի չէ


Երկուշաբթի գիշերը բերման ենթարկված 11 երիտասարդներն առայժմ որևէ կարգավիճակ չունեն։ Իրավապահները դեռ շարունակում են հետաքննությունը, ինչպես այսօր փոխանցեցին ոստիկանությունից, նյութեր են նախապատրաստվում:

Իրավապահները չեն մանրամասնում՝ հնարավո՞ր է արդյոք քրեական գործ հարուցվի՝ ուրիշի գույքը դիտավորությամբ փչացնելու հատկանիշներով: Մինչ այդ երիտասարդներն այսօր սեփական նախաձեռնությամբ եկել էին ոստիկանություն՝ պահանջելով վերադարձել իրենցից առգրավված իրերը, այդ թվում՝ բջջային հեռախոսներ, դրամապանակ, բանկային քարտեր: Ինչպես շեշտում էր Վահագն Մինասյանը նույնիսկ եթե քրեական գործ հարուցվի, այդ իրերը չեն կարող որպես ապացույց ծառայել։

«Հանցավոր ռեժիմի հերթական ճնշման գործիքն է, որովհետև գումարը, վարորդական իրավունքը, բանկային քարտը որևէ առնչություն չէին կարող ունենալ տվյալ գործին։ Զուտ ձևականություն է, որով ոստիկանությունը, ի դեմս Վովա Գասպարյանի, փորձում է ճնշում գործադրել այն քաղաքացիների վրա, ովքեր իրացնում են իրենց իրավունքները»,- ասաց Մինասյանը։

Հրայր Սավզյանը Աֆրիկյանների շենքի առջևի մետաղական պատնեշի ապամոնտաժմանը մասնակցել է, սակայն, պնդում է, որ ապօրինի որևէ քայլ չի կատարել, թիթեղները խնամքով շարել են տեղում, գույքը չի վնասվել: Սավզյանը բերման է ենթարկվել ոստիկանության շենքի առջևից, երբ եկել էր ընկերներին սատարելու։

Ոստիկանները, ըստ ակտիվիստի, բաժանմունքում ամոթանք են տվել՝ ինչու է փողոց դուրս եկել պայքարի, նախագահը Սերժ Սարգսյանը բոլոր հարցերը լուծում է: Սիփան Փաշինյանը ևս եկել էր բջջային հեռախոսն ու դրամապանակը հետ ստանալու, դեպքի օրը նա Աֆրիկյանների շենքի առջև չի էլ եղել։

«Իմացել եմ, որ իմ ընկերները ոստիկանության բաժանմունքում են, եկել եմ ոստիկանություն, ավտոմեքենայից իջնելուց առնվազն երեք րոպե հետո ինձ բերման են ենթարկել։ Հարցրել եմ՝ ինչու են բերման ենթարկում, որևէ պատասխան չի եղել, բարձրաստիճան մի պաշտոնյա ասաց՝ ձեր ընկերները շենքն էին ուզում քանդել»,- պատմեց Փաշինյանը։

Մինչդեռ, ասում է, ընկերները շենքը չքանդելու համար են պայքարում: Ոստիկանությունը նախ հրաժարվեց վերադարձնել իրերը, սակայն երբ երիտասարդները այդ մասին պատմում էին լրագրողներին՝ արդեն հեռանալով շենքից, քաղաքացիական հագուստով մի մարդ մոտեցավ ՝ վստահեցնելով, որ կարող են հետ վերադառնալ ու ստանալ գույքը։

Ինչ վերաբերում է Աֆրիկյանների ակումբի ճակատագրին, ապա ապամոնտաժման հենց հաջորդ օրը մետաղական պարիսպները դարձյալ վեր էին խոյացել, շենքի տանիքին դեռ փողփողում է Սերժ Սարգսյանի նախընտրական դրոշը՝ «Դեպի ապահով Հայաստան»:

Ոստիկանությունը շենքը շուրջօրյա հսկողության տակ է պահում, ակտիվիստները մտադիր են մշակութային միջոցառումներ անցկացնել հարյուրամյա կառույցի առջև։ Ինչպես շեշտում էր ճարտարապետ Արսեն Կարապետյանը, շենքի պատմամշակութային արժեքի մասին խոսել չարժե, փաստաթուղթ կա՝ այն պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում է։

«Հայտնի չէ ինչ նախագծով է քանդվելու, որովհետև քանդվելն էլ է այս դեպքում մասնագիտական գործողություն։ Ասում են՝ «Հին Երևան» նախագիծ և այլն... բայց կոնկրետ ո՞ր մասն է հատկացված այս շենքի համար և ո՞ւր է նախագիծը, ըստ որի այն վերականգնվելու է։ Փորձը ցույց է տալիս, որ որևէ շենք նորմալ չի քանդվել և կորել են հետքերը։ Մեր երկրում կարելի է շենք քանդել ու անպատիժ մնալ, բայց ինչ-որ թիթեղյա պատնեշի համար կարող է քրեական գործ հարուցվել։ Ուղղակի զավեշտ է»,- ասաց ճարտարապետը։
XS
SM
MD
LG