Մատչելիության հղումներ

Foreign Policy. «Ալիևներ. Կասպիական տարածաշրջանի Կորլեոնեները»


«Կասպիական տարածաշրջանի Կորլեոնեները». - այսպես է վերնագրել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսը Իլհամ Ալիևի վարչակազմի և Արևմուտքի հարաբերություններին նվիրված ծավալուն հոդվածը:

Հրապարակման հեղինակը` հետխորհրդային տարածքի և Մերձավոր Արևելքի խնդիրներով զբաղվող վերլուծաբան և լրագրող Մայքլ Վայսը, փորձում է գտնել մի հարցի պատասխան` ինչպե՞ս է գործում վերջին տարիներին մեծ թափ հավաքած ադրբեջանական լոբբիստական մեքենան:

Foreign Policy-ն սեփական հետաքննությունն է անցկացրել` բացահայտելով այն կազմակերպությունների և ընկերություների անունները, որոնք շռայլ վարձատրության դիմաց հանձնառել են Բաքվի շահերի պաշտպանությունը ամերիկյան և եվրոպական իշխանական կուլիսներում:

Այսպես, Foreign Policy-ն պարզել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը ամեն ամիս 50 հազար դոլար է մուծում հանրային կապերով և լոբբինգով զբաղվով Podesta ընկերությանը` «Ադրբեջանի և ԱՄՆ-ի պետական կառույցների միջև կապերի սերտացման վերաբերյալ ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու դիմաց»: Ի դեպ, ընկերության սեփականատեր Էնթոնի Պոդեստան նախագահ Օբամայի վարչակազմի հատուկ խորհրդական Ջոն Պոդեստայի եղբայրն է:

Նյու Յորքում և Վաշինգտոնում գործող մեկ այլ լոբբիստական ընկերություն` Roberti+White-ը, 2013-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերության ամերիկյան մասնաճյուղից` SOCAR USA-ից վեց ամսվա ընթացքում մոտ 125 հազար դոլար է ստացել` «Ռազմավարական խորհրդատվությունների համար»:

Ի դեպ, ավելի վաղ` 2012-ի աշնանը SOCAR USA-ը գնել էր Վաշինգտոնի ամենակենտրոնում` Duponte Circle հրապարակում գտնվող հինգ հարկանի պատմական մի շինություն, որտեղ նախկինում տեղակայված էր Ադրբեջանի գլխավոր քննադատներից մեկի` Freedom House իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը:

«Կարծում եմ, որ սա ճակատագրի հեգնանքի ամենավառ դրսևորումն է, երբ աշխարհի ամենաանազատ պետություններից մեկը այժմ զբաղեցնում է մի շինություն, որը նախկինում ազատության տուն է եղել», - Foreign Policy-ին է փոխանցել Freedom House-ի գործադիր տնօրեն Ջենիֆեր Վինձորը:

Foreign Policy հանդեսը նաև պարզել է, որ Հյուսթոնում գործող լոբբիստական կազմակերպություններից մեկը, որը սերտ կապեր ունի ծագումով թուրք իսլամիստ Ֆեթհուլլա Գյուլենի հետ, կազմակերպել է մի շարք կոնգրեսականների այցերն Ադրբեջան: Նրանց թվում է եղել նաև նախկինում Նյու Յորքը ներկայացնող կոնգրեսական Մայքլ ՄըքՄահոնը, ով անցած տարվա հոկտեմբերին հայտարարել էր, թե Ալիևի վերընտրությունն «ազատ էր և արդար»:

«Երբ նախկին կամ գործող կոնգրեսականը շնորհավորում է Ալիևին [ընտրություններում տարած] հաղթանակի առթիվ, դա չի նշանակում, թե վարչակազմի դիրքերը Արևմուտքում ամրապնդվել են: Փոխարենը դա հզոր ազդակ է Ադրբեջանի բնակչության համար, որով Ալիևները կարծես ասում են` նույնիսկ Արևմուտքն է մեզ աջակցում, և անհնար է որևէ քայլ կատարել, որ հնարավոր կդարձնի ընտանիքի հեռացումն իշխանությունից», - հանդեսին փոխանցել է ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր ադրբեջանցիներին միավորող «Ամերիկայի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության» կազմակերպության ղեկավար Էլմար Շահթախթինսկին:

Վաշինգտոնում, սակայն, առավել ազդեցիկ են իշխանամետ ադրբեջանական կազմակերպությունները, որոնց թվում, ըստ Foreign Policy հանդեսի, առանձնանում է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդու` Անար Մամեդովի հիմնադրած Ադրբեջանա-ամերիկյան ալյանսը` AAA: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Մամեդովը վերջին տարիներին անձամբ հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների, նախկին խոսնակ Նենսի Փելոսիի, ինչպես նաև թվով 7 սենատորների և 13 կոնգրեսականների հետ:

Արևմտյան Եվրոպայում ադրբեջանական լոբբինգի հիմնական համակարգողները երկուսն են` Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովի որդի Թալե Հեյդարովը և նախագահ Ալիևի դուստրը` Լեյլան: Վերջինիս Foreign Policy-ն բնութագրում է որպես «ադրբեջանական Քիմ Քարդաշյան»` նշելով, թե նա համագործակցում է բրիտանական խոշորագույն մեդիա հոլդինգի` News Corp-ի սեփականատեր Ռուպերթ Մերդոքի փեսայի` Մեթյու Ֆրոյդի հետ:

Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցի` հայտնի LSE-ի շրջանավարտ Թալե Հեյդարովը Եվրոպայի ադրբեջանական միություն կազմակերպության հիմնադիրն է, որը Լոնդոնում գտնվող կենտրոնական գրասենյակից բացի, մասնաճյուղեր ունի նաև Ստամբուլում, Բրյուսելում, Փարիզում և Բեռլինում: Այս կազմակերպության հետ սերտորեն համագործացում է Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող ազդեցիկ լորդ, բարոն Քիլքլունին, ով հոդվածագրին փոխանցել է, թե չի զղջում իր ադրբեջանամետ դիրքորոշման համար. - «Ես սարսափած եմ, թե ինչպես են ամերիկացիներն աջակցում Հայաստանին: Նույնն են անում ռուսները, ինչը միանշանակորեն հարվածում է Ադրբեջանի շահերին»:

Իսկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) լոբբինգի հիմնական միջոցը շարունակում է մնալ խավիարը: Foreign Policy-ի հոդվածագրին ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը փոխանցել է. - «Խավիարի մեկ կիլոգրամն արժե 1300-1400 եվրո: Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեր բարեկամներից յուրաքանչյուրն ամեն մի նստաշրջանին`այսինքն տարեկան չորս անգամ, ստանում է 400-600 գրամ խավիար»:

Հոդվածի վերջում վերադառնալով վերնագրին` հեղինակը հիշեցնում է «Կնքահայրը» վեպի այն հատվածը, երբ Մայքլ Կորլեոնեն ասում է. - «Եվս հինգ տարի և Կորլեոնեների ընտանիքը լիովին օրինական դաշտում կլինի»: «Ըստ ամենայնի, մեծ գումարների և ճարպիկ քարոզչության շնորհիվ Կասպիական տարածաշրջանի Կորլեոնեները այդ նույն նպատակին կհասնեն շատ ավելի կարճ ժամանակահատվածում: Ողբերգականն այս ամբողջ պատմության մեջ սակայն այն է, որ այդ իրողության վրա բոլորը խորապես թքած ունեն», - գրում է Foreign Policy հանդեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG