Մատչելիության հղումներ

Ազդեցիկ սենատորները աջակցում են Հայոց ցեղասպանության բանաձևին


Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Քարլ Լևինը և սենատոր Մայքըլ Բենեթը վերջերս իրենց աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 410-րդ բանաձևին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ):

Հաղորդագրության համաձայն՝ բացի Լևինից և Բենեթից, ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանն արժանացած բանաձևին աջակցում են Սենատի մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը, Սենատի մեծամասնության կազմակերպիչ Դիք Դարբինը, Հետախուզության հանձնաժողովի ընտրված նախագահ Դիանա Ֆեյնսթեյնը, Էթիկայի հանձնաժողովի ընտրված նախագահ Բարբարա Բոքսերը և սենատորներ Էդ Մարքին, Ջեկ Ռիդը և Շելդոն Ուայթհաուսը:

410-րդ բանաձևը ներկայացվել է ապրիլի 3-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և սենատոր Մարք Քըրքի կողմից:

«Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելով ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել մոտ մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կառավարման վերջին օրերին», - ԱՀՀ-ին ասել է սենատոր Բենեթը` հավելելով. - «Կյանքի աղետալի կորուստը, համակարգված սպանությունն ու անմեղ քաղաքացիների տեղահանումը սարսափելի և անհավատալի են: Մենք նաև վերահաստատում ենք մեր պարտավորությունը` վստահեցնելով, որ այսպիսի ողբերգություն երբեք չի կրկնվի»:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված 410-րդ բանաձևը այժմ սպասում է Սենատի քվեարկությանը:

«Մենք կոչ ենք անում Սենատին ընդունել մարդու իրավունքների վերաբերյալ այս կարևոր օրենսդրությունը»,- հայտարարել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG