Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին


Ձերբակալվել է Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին
please wait

No media source currently available

0:00 0:05:15 0:00
Երևանի Սևակի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում հունիսի 6-ի գիշերը հնչած կրակոցների գործով մեկ ձերբակալված կա: Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ ձերբակալվածը 24-ամյա Սամվել Քոթանջյանն է:

Սամվել Քոթանջյանը, ով Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանի որդին է, կասկածվում է ապօրինի զենք կրելու և զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ։ Մի հոդվածով նախատեսվում է առավելագույնը 3 տարվա, մյուսով` 4-7 տարվա ազատազրկում:

Ոստիկանության փոխանցմամբ, երիտասարդը երեկ ժամը 23-ի սահմաններում ներկայացել է բաժին, հանձնել «Մակարով» տիպի ատրճանակը և հայտարարել, որ «հունիսի 6-ին Ուլնեցի փողոցի 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ»։

Նախնական տեղեկություններով՝ հունիսի 6-ի ուշ երեկոյան Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ էին հնչել կրակոցները, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի: Կայքերը գրել էին, որ նրանք եղել են «Պորշ Կայեմ», «Մերսեդես», «Լեքսուս» և այլ մեքենաներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հրազենի երեք պարկուճ և մեկ գնդակ: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ կրակոցներից տուժողներ չկան։

Այլ կասկածյալների մասին ոստիկանությունը առայժմ տեղեկատվություն չի հաղորդում՝ վկայակոչելով հարուցված քրեական գործով նախաքննությունը։

Այսօր դեպքի վայր մեր այցելության ժամանակ տարածքի բնակիչները լարված էին և խիստ զգայուն տեսախցիկի նկատմամբ։ Կրակոցներով զուգորդված միջադեպի մասին լսելիս ոմանք շրջվում և հեռանում էին, ոմանք էլ այն որակում էին «թեթեւ վիճաբանություն»` հավաստիացնելով, որ որևէ լուրջ բան չկա և վիճաբանողներին չեն էլ ճանաչում։

«Ուղղակի թեթև վիճաբանություն, ոչ մի բան, երեխաներն էին, հետո մեծերը», - պատմում էին նրան: - «Ոչ մի տուժված չի եղել, ոչ մի բան չի եղել, երեխու խաղալիքն է եղել ինչ-որ պատճառը, հետո շարունակվել է, նման բաներ ամեն օր էլ լինում են»։

Շենքի բակում հավաքված տղամարդիկ այնքան զգուշավոր էին, որ թույլ չէին տալիս անգամ իրենց նկարահանել, ասում էին՝ ուրիշ բան ու գործ չունե՞ք:

Երևանի քաղաքապետարանն առայժմ ձեռնպահ է մնում կատարվածին արձագանքելուց։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում դա հիմնավորեց նրանով, որ խնդիրն իրավական տիրույթում է։

Հարցին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտահոգված չէ՞, որ քաղաքապետարանի պաշտոնյայի որդին կասկածվում է ապօրինի զենք կրելու և խուլիգանության մեջ, Գևորգյանը պատասխանեց. - «Բնականաբար, նման երևույթները դատապարտելի են ցանկացած դեպքում, անկախ նրանից՝ քաղաքապետի խորհրդականի մասին է խոսքը, թե սովորական շարքային քաղաքացու: Որևէ դեպքում դա որևէ կերպ չի կարող արդարացվել՝ դա միանշանակ է: Իսկ մնացածը այլևս իրավական հարթությունում է»:

«Տարոն Մարգարյանը կանչե՞լ է Քոթանջյանին, խոսե՞լ է այդ մասին», - այս հարցին էլ Գևորգյանը արձագանքեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում։

Իսկ հարցին՝ արդյոք կատարվածը չի՞ դառնա Արայիկ Քոթանջյանի պաշտոնանկության առիթ, քաղաքապետարանի խոսնակը հարցով պատասխանեց. - «Պարոն Քոթանջյա՞նն է օգտագործել այդ զենքը»։ Նա խորհուրդ տվեց սպասել քննության արդյունքներին։

Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը «Ազատության» հետ զրույցում «շատ տխուր» որակեց կատարվածը. - «Բոլոր դեպքերում իմ ցավակցություններն եմ հայտնում ո'չ միայն Քոթանջյանի պարագայում, այլև նախկին բոլոր դեպքերում, երբ հասարակությանը հայտնի մարդկանց զավակները պարզապես խայտառակում են առաջին հերթին իրենց ծնողներին։ Բայց ինչ ցանես, այն էլ կհնձես։ Դաստիարակել են հենց այդ ոգով, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, «եթե զենքը իմ ձեռքին է, իմ հայրը այսինչ մարդն է, կամ իմ աները, կամ իմ հորեղբայրը, ուրեմն ես արտոնություններ ունեմ»...Տխուր է, շատ տխուր»։

Հիշեցնելով միմյանց հաջորդած Վերնիսաժի դեպքը, Վալերի Օսիպյանի եղբորորդու դեպքը, այս դեպքը` Բախշյանը մտահոգիչ համարեց, որ հայ- ադրբեջանական սահմանին վիճակը լարված է, իսկ պաշտոնյաների «արտոնյալ» զավակներն ու ազգականները իրենց բակերում են զենքով ման գալիս ու կրակում:
XS
SM
MD
LG