Մատչելիության հղումներ

Մեղադրյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Երևանի կայազորային հոսպիտալում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով այսօր տեղի ունեցած առաջին դատական նիստին մեղադրյալի աթոռին հայտնված 4 զինվորները մեկը մյուսի հետևից հայտարարեցին, որ չեն ընդունում առաջադրված մեադրանքը։

Հիշեցնեմ, որ անցած տարվա նոյեմբերին Երևանի կայազորային հոսպիտալում (Կանազի հոսպիտալում) մեծ աղմուկ հանած ծեծկռտուքի հետևանքով մեղադրանք է ներկայացվել հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժվող 3 ժամկետային զինծառայողների։ Նրանք մեղադրվում են հոսպիտալի ղեկավար կազմին ծեծի ենթարկելու մեջ։ Գործով անցնող չորրորդ զինվորը մեղադրվում է ծեծկռտուքի ժամանակ ինքնախեղում կատարելու ու զինվորներից մեկին հարվածելու համար։ Այս գործով տուժող են ճանաչվել հոսպիտալի 5 բժիշկներ։

Դատախազն այսօր դատարանում ընթերցեց մեղադրանքը՝ ըստ որի հոսպիտալում բուժում ստացած զինվորներից երկուսը՝ Ռազմիկ Մանուկյանն ու Արշակ Թորոսյանը չեն ենթարկվել բժիշկների հրամաններին, անկարգապահություն են ցուցաբերել, հարձակվել են բժիշկների վրա, ծեծել նրանց, պահարան նետել նրանց ուղղությամբ. - «Այնուհետև, դուրս գալով հոգեբուժական բաժանմունքի մասնաշենքից, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, մոտ15 րոպե սեռական բնույթի անհասցե հայհոյանքներ է հնչեցրել, ինչի հետևանքով խախտվել է զինվորական հոսպիտալի ծառայության բնականոն ընթացքը, խաթարվել նույն բաժանմունքի հիվանդների անդորրը»:

Մինչդեռ իրավապաշտպանները պնդում են, որ իրականում մեղադրյալի աթոռին պետք է հայտնվեին ոչ թե բուժում ստացող զինվորները, այլ հենց բժիշկները։

Զինվորներն ու նրանց փաստաբանները ևս հայտարարել էին, թե իրականում իրենք են ծեծի ենթարկել, ինչի մասին վկայում են նրանց վնասվածքները, բայց գործը քննող Պաշտպանության նախարարությունը անտեսել է այս հանգամանքը, ինչի արդյունքում ծեծված զինվորները վերածվել են մեղադրյալների, իսկ բժիշկները՝ տուժողների։

Զինվորներից մեկի պաշտպան Անդրանիկ Գևորգյանն այսօր դատական նիստից հետո «Ազատության»-ը փոխանցեց, որ փաստեր կներկայացնեն դատարանում կատարվածի վերաբերյալ:

Արշակ Թևոսյանի պաշտպան Գագիկ Նալբանդյանը ևս պնդեց, որ դատարանում փաստեր են ներկայացնելու, թե ինչու իր պաշտպանկալը չի ընդունում մեղքը. - «Համենայն դեպս, մեղադրանքը բացարձակ անհիմն է: Մեղքը չի ընդունում, որովհետև ինքը գնահատում է հետևյալ կերպ. որ ինքն է ինքն է տուժող հանդիսանում, իր նկատմամբ է բռնություն գործադրվել»:

Դատական հաջորդ նիստը հունիսի 25-ին է։
XS
SM
MD
LG