Մատչելիության հղումներ

ՌՈՒԲԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր

Խորը ներքին համակարգային ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունը հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ապացուցեց, որ անկարող է դիմակայել նաև արտաքին մարտահրավերներին: Դրա մասին վկայեցին մեր արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած վճռորոշ զարգացումները կապված ԵՄ-ի հետ շուրջ չորս տարի ամբողջությամբ բանակցված Ասոցացման համաձայնագրի անսպասելի կասեցման և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության որոշման, ինչպես նաև, դատելով Աստանայում տեղի ունեցած վերջին նվաստացուցիչ միջադեպից, ԼՂ հիմնախնդրի կարգավորման անորոշ ու մտահոգիչ հեռանկարի հետ: Հայաստանի թույլ տված կոպիտ դիվանագիտական սխալները ոչ միայն նվազեցնում են արտաքին ճակատում խուսավարելու մեր հնարավորությունները, այլև լուրջ հարվածի տակ են դնում ՀՀ միջազգային վարկն ու հեղինակությունը:

Այս ամենն ինձ, որպես դիվանագետի և պատմաբանի, լրջորեն մտորելու տեղիք է տալիս: Արդյո՞ք բազում ներքին խնդիրներ կուտակած Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի կլինի չեզոքացնել մեր պետականությանը սպառնացող արտաքին լրջագույն վտանգները: Կցանկանայի հավատալ, որ այսօրվա ՀՀ արտաքին քաղաքականությունը մշակողների ու ղեկավարողների ինքնավստահ գործելակերպն արդարացված է, ու նրանք ունեն գաղտնի պահած ինչ-որ մի «զենք», որ կարող են զինանոցից հանել ու վերջին պահին ճեղքել մեր հանրապետության շուրջն օրեցօր ավելի ու ավելի պինդ սեղմվող միջազգային օղակը:

Անհերքելի է այն փաստը, որ արտաքին քաղաքականությունը ներքինի արտացոլումն է, և հենց մեզանում առկա համակարգային ներքին փտախն անկարող դարձրեց դիմակայելու սպառնացող արտաքին վտանգներին: Անկարողություն, որը պայմանավորված է առաջին հերթին մեր երկրի ներսում տիրող անելանելի վիճակով:

Յուրաքանչյուր երկրի դիվանագիտությունը խարսխված է երկու կարևոր հենասյուների վրա` հստակ արտաքին քաղաքական ռազմավարության և պրոֆեսիոնալ կադրերի: Առաջինի հիմքում ընկած է ազգային ու պետական շահերի պաշտպանությանն ուղղված գաղափարախոսությունը, իսկ երկրորդի` մարդկային ու մասնագիտական ներուժի առավել նպատակասլաց օգտագործմանը միտված կադրային քաղաքականությունը: Ցավոք, ներկայիս հայկական դիվանագիտության մեջ բացակայում է առաջինը, իսկ երկրորդն էլ` անթույլատրելիորեն անտեսված է:

Փաստորեն, գործելով առանց արտաքին քաղաքական ռազմավարության ու գաղափարական հենքի, մեր ներկայիս դիվանագիտությունը կարելի է համեմատել առանց դարպասների ֆուտբոլային խաղի, երբ մարզիկները դաշտում խաղում են առանց որևէ նպատակի` հանուն զուտ խաղալու և ժամանակ վատնելու: Այսօր, երբ տեղի են ունենում ուժերի նոր վերադասավորումներ միջազգային ասպարեզում, Հայաստանի Հանրապետությունը, հանձին նրա արտաքին քաղաքական դաշտում խաղացող դիվանագետների, իրականում ոչ միայն զրկված է մնում «գոլ» խփելու` հայանպաստ արդյունքներ արձանագրելու հնարավորությունից, այլև «մարզվելու» ու «հաղթանակ» տանելու անհրաժեշտ մոտիվացիայից և այն վայելելու բերկրանքից:

ՀՀ «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունն այսօր լավագույն դեպքում զբաղված է ադրբեջանական նախաձեռնությունների պոստ ֆակտում չեզոքացմամբ, այս պահին թելադրված խնդիրների լուծմամբ: Դժվարությամբ կարելի է հիշել ՀՀ որևէ հաջողված դիվանագիտական նախաձեռնություն վերջին տարիների ընթացքում, բացի ժամանակավրեպ ու անարդյունք հայ-թուրքական հաշտեցման նախաձեռնությունից: Ես չեմ կարող մտաբերել վերջին 20 տարվա ընթացքում միջազգային որևէ կազմակերպությունում մեկ այլ քվեարկություն, որի արդյունքում Հայաստանը հայտնվեր աշխարհի տաս ամենաավտորիտար երկրների շարքում, ինչպես դա տեղի ունեցավ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ղրիմի վերաբերյալ քվեարկության ժամանակ: Վերոհիշյալը ցավալիորեն վկայում է մեզանում ոչ միայն արտաքին քաղաքական ռազմավարության բացակայության, այլև իռացիոնալի վտանգավոր շեմին նրա մոտենալու մասին:

Կացությունը բարդանում է նրանով, որ երբ չկա արտաքին քաղաքականություն ու դիվանագետների առջև դրված չեն դրանից բխող հստակ խնդիրները, իհարկե, միևնույն է, թե ով կգլխավորի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը արտերկրում, միգուցե դա է պատճառը, որ վերջին տարիներին մենք ականատես ենք այն փաստի, թե ինչպես ինչ-ինչ ներքին քաղաքական դրդապատճառներից ելնելով դեսպաններ ու գլխավոր հյուպատոսներ են նշանակվում դիվանագիտությունից հեռու անձինք: Այստեղ ես լուրջ վտանգ եմ տեսնում նրանում, որ հայկական դիվանագիտությունն աստիճանաբար վերածվում է ՀՀ իշխող վերնախավի շահերի «սպասարկողի», ինչը սկսել է արտահայտվել ԱԳՆ համակարգի անխուսափելի կազմալուծմամբ ու բարոյահոգեբանական անկմամբ: Ցավոք, ստեղծված իրավիճակն իր բացասական ազդեցությունն է թողնում ոչ միայն արտաքին գերատեսչության ամենօրյա աշխատանքների որակի վրա, այլև ընդհանրապես սպառնում է համակարգի ողնաշարի` նրա «կարիերային» բնույթի գոյությանը:

Հայրենի դիվանագիտության նման բովանդակային ու բարոյահոգեբանական ծանր վիճակում մենք անխուսափելիորեն ավելի ու ավելի կզիջենք մեր դիրքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, քայլ առ քայլ վատնելով բոլոր շահավետ խաղաքարտերը` է'լ ավելի դժվարացնելով հիմնախնդրի հետագա արդար ու հայանպաստ կարգավորումը: Դրա առաջին նշույլները արդեն իսկ ի հայտ են գալիս, և միանգամայն իրատեսական է, որ, ներքին ու արտաքին մարտահրավերների հանդեպ մեր պետության դիմադրողականության ակնհայտ կորստի պայմաններում, ՀՀ համար ամենակենսական` ԼՂ հիմնախնդիրը կարող է հեշտությամբ շահարկվել ու որպես մանրադրամ օգտագործվել նոր աշխարհաքաղաքական օրեցօր սրվող պայքարում:

Մեր ժողովրդի պատմությունը բազմիցս ապացուցել է, որ Հայոց պետականությունը ծանրագույն հարվածներ է ստացել պատմական անցումային փուլերում, երբ չունենալով սեփական` «հայկական» ռազմավարություն, մշտապես կանգնել է անհեռանկարային ու շատ դեպքերում փակուղային` հունամետ թե պարսկամետ, հռոմեամետ թե պարթևամետ, ռուսամետ թե թուրքամետ քաղաքականությունների միջև ընտրություն կատարելու առջև: Այսօր «անվտանգության ապահովման» նկատառումներից ելնելով, Հայաստանի Հանրապետությունը կրկին դնելով քաղաքական ու դրանից բխող քաղաքակրթական ընտրության առջև, քայլ առ քայլ կզիջենք մեր ինքնիշխանությունն ու կվտանգենք անկախությունը` ազատ ապրելու մեր բնական ու անքակտելի իրավունքը: Անկախություն, որն անսակարկելի է ու բարձրագույն արժեք է բոլորիս համար:

Մեր պետականության ճակատագրի համար այս բախտորոշ պահին կցանկանայի հիշեցնել պատմության քննությունը տված ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկի` Բ.Ֆրանկլինի հետևյալ նախազգուշացումը. - «Եթե ժողովուրդն անվտանգության և ազատության միջև ընտրում է անվտանգությունը, ապա, ի վերջո, նա կորցնում է երկուսն էլ` և՛ անվտանգությունը, և՛ ազատությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG