Մատչելիության հղումներ

logo-print

Շանթ Հարությունյանի գործում տուժող է ճանաչվել նաև Երևանի փոխոստիկանապետը


Հայաստան – Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիական ակտիվիստ Շանթ Հարությունյանին Երևանի կենտրոնում Հարությունյանի և նրա աջակիցների կազմակերպած երթի ժամանակ, 5-ը նոյեմբերի, 2013թ․

Հայաստան – Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիական ակտիվիստ Շանթ Հարությունյանին Երևանի կենտրոնում Հարությունյանի և նրա աջակիցների կազմակերպած երթի ժամանակ, 5-ը նոյեմբերի, 2013թ․

Անցած տարվա նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած բախումների կապակցությամբ կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործում 16 տուժող է ընդգրկված։

Տուժողների թվում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Թե ինչի՞ց է տուժել Օսիպյանը, ո՛չ մեղադրյալների փաստաբանները գիտեն, ո՛չ էլ հարազատները: Նրանք հույս ունեն, որ առաջիկա հինգշաբթի՝ հունիսի 12-ին մեկնարկող դատավարության ընթացքում կհաջողվի ստանալ իրենց հարցերի պատասխանները։

Ինքը՝ փոխոստիկանապետ Օսիպյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, չմանրամասնեց ,թե ում գործողություններից և ինչպես է տուժել:

«Մարմնական վնասվածք չեմ ստացել, փառք Աստծո»,- ասաց նա։

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է տուժող ճանաչվել, Օսիպյանը հակադարձեց. - «Ձեր պատկերացմամբ տուժողը անպայման պետք է մարմնական վնասվա՞ծք ստացած լինի, որ տուժող ճանաչվի»։

Փոխոստիկանապետը խորհուրդ տվեց կարդալ Քրեական դատավարության օրենսգիրքը։ Ըստ Օրենսգրքի 58-րդ հոդվածի, տուժող է ճանաչվում ոչ միայն ֆիզիկական, այլև «բարոյական կամ գույքային վնաս» կրած անձը։

Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ և՛ Վալերի Օսիպյանին, և՛ առհասարակ 16 տուժողների ներգրավելով փորձ է արվում հիմնավորել հնչեղ գործը, 14 ընդդիմադիրներին կալանավորելն ու առաջադրված նախ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության, ապա խուլիգանության մեղադրանքները:


«Ես չէի զարմանա, որ Սերժ Սարգսյանը և Վովա Գասպարյանն էլ ներգրավվեին որպես տուժող, եթե պատահաբար այդ կողմերում հայտնված լինեին»,- հեգնեց նա։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի կայքում ընդդիմադիրներին առաջադրված մեղադրանքները նկարագրվում են նույն բառերով. - «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով»:

Փաստաբան Արա Զաքարյանը պարզաբանեց, որ որպես զենք օգտագործվող առարկա ասելով տվյալ դեպքում նկատի են ունեցել փայտերը։ Զաքարյանը, ով այս գործով ներկայացնում է կալանավորված Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի շահերը, կարծիք հայտնեց, որ գործը դատարան է գնացել «խայտառակ վիճակում»։

Համենայնդեպս իր պաշտպանյալների մասով փաստաբանը ակնհայտ է համարում, որ մեղադրանքները կազմված են «ոստիկանների սուտ ցուցմունքների» հիման վրա։

Տիգրան Պետրոսյանը մեղադրվում է ոստիկան Արա Մարտիրոսյանին հարվածելու ու քաշքշելու մեջ, մինչդեռ, ըստ փաստաբանի, կա տեսանյութ, որը փաստում է, որ նա ընդամենը հրել է այդ անձին, ինչը տևել է մի քանի վայրկյան:

«Իսկ հրելն էլ պայմանավորված էր եղել նրանով, որ մինչ այդ Շանթ Հարությունյանին մի քանի ոստիկաններով ուժի կիրառմամբ գցում են գետնին և իրական վտանգ կար, որ այս պայմաններում Շանթ Հարությունյանի նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվելու, հարվածներ են հասցնելու, և Արա Մարտիրոսյանին հրելը պայմանավորված էր բացառապես կանխելու՝ Շանթ Հարությունյանի նկատմամբ գործողությունները։ Ընդ որում այդ ամբողջը տևել է մոտ 2-3 վայրկյան։ 2-3 վայրկյան տևող դրվագի վերաբերյալ Տիգրան Պետրոսյանը Արա Մարտիրոսյանի հետ առերեսվել է շուրջ 15 ժամ։ Վկան տալիս էր իրարամերժ ցուցմունքներ»,- նշեց Զաքարյանը։

Ինչ վերաբերում է Արմեն Հովհաննիսյանին՝ ոստիկաններին քաշքշելու մեղադրանքը, ըստ փաստաբանի, որևէ կերպ չի փաստարկվել:

«Կասկած չունեմ, որ եթե մի քրեական գործի շրջանակներում անհրաժեշտություն լինի ապացուցել, որ երկրագունդը քառակուսի է, անպայման կհայտնվեն ոստիկաններ, որ անպայման կասեն, որ այո՝ հեռվից երկրագունդը տեսել են, և նա քառակուսի է, այլ ոչ թե կլոր է»,- հավելեց Արա Զաքարյանը։

Այս գործով մեղադրյալների հարազատներն ու իրավապաշտպանները զարմացած են նաև այն փաստից, որ 40-ամյա Հայկ Հարությունյանի վրայից այդպես էլ չհանվեց հոգեմետ նյութ պահելու մեղադրանքը։ Նա միակն է, որին խուլիգանության մեղադրանքից բացի նաև այսպիսի մեղադրանք է առաջադրված։ Ընտանիքը բազմիցս պնդել է, որ խոսքը ցավազրկող մի դեղի մասին է, որը 16 տարի առաջ գնել են շան ականջը բուժելու նպատակով. շունը 2002 թվականից սատկած է, դարակներից մեկում մնացած դեղի մասին էլ վաղուց մոռացել էին, երբ նոյեմբերի 5-ից հետո տունը խուզարկելու ժամանակ ոստիկանները տարել են այն։

«Իմ տղան թմրամոլ չէ, որ իրենք ուզում են նկարագրեն, որ՝ եթե չէ, ինչո՞ւ է պահել տանը։ Ձեր տներում «Անալգին» չկա՞, «Սեդալգին» չկա՞, դուք ձեր երեխաներին «Նուրոֆեն» եք խմեցնում՝ «Նուրոֆենի» մեջ էլ կա այդ նույն քանակությամբ հոգեմետ դեղերը»,- «Ազատության» հետ զրույցում վրդովված ասաց Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը, ով գործում ներգրավված է որպես վկա։

Իրավապաշտպանները կարծում են, որ այսպիսով փորձ է արվում վարկաբեկել Շանթ Հարությունյանի կողքը կանգնած մարդկանց ու նրանց շարժումը։

«Մոտ 20-22 տարի առաջ ես էլ եմ շուն ունեցել, դեռ ուշադիր չեմ նայել, այդ պատմությունից հետո գնամ՝ նայեմ, որովհետև ինձ էլ հաճախակի նկարում են երթերի ժամանակ, կարող է ինչ-որ մի առիթով գան և իմ տանն էլ ստուգեն, պարզվի, որ ես էլ եմ նարկոտիկ պահում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Շանթ և ազատություն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը, հավելելով՝ «ծիծաղելի չէ, դա զարմանալի է, աշխարհն է մեր վրա ծիծաղում»։

Նոյեմբերի 5-ի գործով դատավարությունը նշանակված է Կենտրոն և Նորք -մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, բոլոր 14 մեղադրյալներին միասին են դատելու։ Դատավորը Մնացական Մարտիրոսյանն է, նույն Մարտիրոսյանը, ով 2008-ին «7-ի գործով» անցնող ընդդիմադիրների, այդ թվում նաև Շանթ Հարությունյանի գործով դատավորն էր։
XS
SM
MD
LG