Մատչելիության հղումներ

Փորձագետները ԼՂ հարցում հակասություններ են տեսնում Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Հայաստանի ներկայիս ու երկրորդ նախագահների միջև հակասություններ են առաջացել ղարաբաղյան խնդրի հետ կապված:

«Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեցին հայաստանյան փորձագետները՝ անդրադառնալով Ղարաբաղի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի վերջին օրերի հայտարարություններին:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն անգամ «հակամարտություն» բնութագրեց ղարաբաղյան խնդրի վերաբերյալ երկու նախագահների միջև առաջացած իրավիճակը. - «Որևէ կասկած չկա. [ղարաբաղյան խնդրի վերաբերյալ] առկա է հստակ հակասություն, դեռ ավելին՝ հակամարտություն ներկայիս նախագահ Սարգսյանի ու նրա մոտեցման և նախկին նախագահ Քոչարյանի միջև: Առաջին անգամն է հայաստանյան քաղաքական պատմության վերջին շրջանում, որ Լեռնային Ղարաբաղը դարձել է բաժանման, ոչ թե միավորման հարց: Երկրորդ՝ սա խորը, բնական մրցակցություն է Սարգսյանի ու Քոչարյանի միջև, որը միգուցե տանում է նրանց և հավանաբար ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև ավելի խորը, հրապարակային մի հակամարտության»:

Միևնույն ժամանակ, Կիրակոսյանը ընդգծեց՝ անգամ եթե Քոչարյանը ճիշտ է, այս հարցում որոշման իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Հիշեցնենք, մայիսի 31-ին Ծաղկաձորում կուսակիցների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը՝ երկու օր անց արձագանքելով Աստանայում Ղազախստանի նախագահի խոսքերին, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակացի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, հայտարարեց․- «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը Հայաստանի մաս չի այսօր կազմում գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով»:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն արժանացավ շատերի լուրջ քննադատությանը: Մասնավորապես, Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը փոխանցեց` Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է:

Այնուհետև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Ազատության» հետ զրույցում, ասաց, թե պետք չէ այդպիսի հայտարարություններով ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին: Այս անգամ ի պատասախան փոխարտգործնախարարի խոսքերին՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը կրկին հանդես եկավ հրապակային հայտարարությամբ՝ փաստորեն, վերահաստատելով Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում:

«Լինելով թե՛ ԼՂՀ, թե՛ ՀՀ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման վերջնական նպատակը հենց երկու հայկական պետությունների վերամիավորումն է: Նա, ով կմոռանա այդ նպատակը՝ կմոլորվի, կմոլորեցնի ժողովրդին և կվտանգի Ղարաբաղը: Հայաստանի և ԼՂՀ-ի իրական ինտեգրացիայի աստիճանն այսօր մոտ է կոնֆեդերատիվ մոդելին», - երեկ ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Ի դեպ, այսօր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Սողոմոնյանի երեկվա հայտարարությանը նշել է. - «Բավական է ընթերցել իմ պատասխանները լրագրողներին՝ համոզվելու համար, որ ես բանավիճում եմ Ադրբեջանի նախագահի հետ, այլ ոչ թե Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ»:

Խոսելով ղարաբաղյան հարցի առնչությամբ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև առաջացած հակասությունների մասին՝ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասաց. - «Երկրորդ նախագահը, հասկանալով, թե ղարաբաղյան բանակցային գործթընացը ինչի կարող է հանգեցնել, փորձում է իրեն տարանջատել գործող նախագահից: Նազարբաևը հենց այնպես չխոսեց մաքսակետերի մասին: Որովհետև երբ որ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, իսկ ամեն ինչ գնում է դեպի դրան, ապա, ըստ Նազարբաևի, իսկ Նազարբաևը տվյալ դեպքում ներկայացնում է Մաքսային միությունը, պետք է մաքսակետ դրվի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, և պետք է փաստորեն Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը` որպես մեկ ընդհանուր տնտեսական տարածք, կբաժանվի»:

Հավելենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները այսօր ակնհայտորեն խուսափում էին արձագանքել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի երեկվա հայտարարությանը:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հակիրճ էր. - «Խոսնակներին հարցրեք»:

Քիչ թե շատ համաձայնվեց խոսել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը. - «Նորից խոսում ենք դե յուրեի մասին: Մենք բոլորս խոսում ենք և գիտակցում ենք նույն բանի մասին: Բոլոր հայերը: Եվ դա պետք չէ բարձրաձայնել: Բոլորիս վերջնական նպատակն է դա, ինչի մասին, որ խոսում ենք: Այսօր մենք դիտարկում ենք Ղարաբաղը որպես առանձին միավոր»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG