Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն մեկմեկու դեմ զորախաղեր են անցկացնում


Գերմանիայի, Ռուսաստանի և Լեհաստանի արտգործնախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Սերգեյ Լավրովը և Ռադոսլավ Սիկորսկին հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, 10 հունիսի, 2014թ.

Գերմանիայի, Ռուսաստանի և Լեհաստանի արտգործնախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Սերգեյ Լավրովը և Ռադոսլավ Սիկորսկին հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, 10 հունիսի, 2014թ.

«Ռուսաստանը պատռել է կանոնագիրքը»

Ի պատասխան Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի տարածքներում «Saber Strike» («Սրի հարված») կոդային անվամբ ՆԱՏՕ-ի զորավարժություններին, Ռուսաստանն այսօրվանից զորավարժություններ է սկսել Դաշնության ամենաարևմտյան շրջանում` Լիտվայի և Լեհաստանի միջև գտնվող ու մայր երկրից անջատված Կալիլինգրադի առանձնատարածքում։

Մոսկվայից ստացված հաղորդագրության համաձայն, զորավարժություններին մասնակցում են Ռուսաստանի օդուժը, Բալթյան նավատորմը և դեսանտային ստորաբաժանումները։ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է 800 միավոր զրահատեխնիկա և 4700 զինծառայող 10-ը երկրներից։ Մոսկվան «Սրի հարվածն» անվանել է «ագրեսիայի ակտ»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Բրյուսելում խոսել է տրանսալտլանտյան համագործակցությունը խթանելու անհրաժեշտության մասին։

«Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ ապացուցում է, որ ազատությունը հենց այնպես երաշխավորված չէ, Ռուսաստանը պատռել է կանոնագիրքը և այդպես անելով վտանգել է միջազգային իրավունքը, որը դրված է խաղաղության և բարգավաճման հիմքում», - ասել է Ռասումսենը։


Ռուս-լեհական-գերմանական հանդիպում Սանկտ Պետերբուրգում

Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի, Լեհաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Ռադեկ Սիկորսկու և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը։

«Մենք համոզված ենք, և, կարծում եմ, մեր գորընկերները կիսում են այս մոտեցումը, որ անկախ Ուկրաինայի ճգնաժամի ընթացքում տեղի ունեցող զարգացումների տարբեր մեկնաբանությունների, երկրի ապագա կառուցվածքը համաձայնեցնելու համար այսօր անհրաժեշտ է կենտրոնանալ արյունահեղությունն ու ուժի կիրառումն անհապաղ և անվերապահորեն դադարեցնելու և Ուկրաինայի բոլոր շրջանների ներգրավվմամբ երկխոսություն հաստատելու վրա», - ասել է Լավրովը։

Լեհաստանի արտգործնախարար Սիկորսկին նշել է , որ Վարշավան էլ ուկրաինական երկխոսության կողմնակից է, և միաժամանակ մտահոգություն է հայտնել.- «Մեզ անհանգստացնում է Ուկրաինայում ռուս կամավորների և կովկասյան խմբավորումների ակտիվությունը։ Թույլ տվեք հիշեցնել, որ սա մի հանգամանք է, որն անցյալում հենց Ռուսաստանին է հարված հասցրել»։

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Շտայնմայերն էլ ասել է, որ այս պահին լուծում դեռ չի գտնվել, սակայն այսօրվա վտանգավոր կացությունն առաջացել է ամիսներ շարունակ սրվող իրավիճակից։


Մարդասիրական միջանցք բախումների գոտուց հեռանալու համար

Ուկրաինայում ռուս անջատականների և բանակի բախումները չեն դադարում։

Նախագահ Պետրո Պորոշենկոն կարգադրել է ստեղծել մարդասիրական միջանցք, որով բնակիչները կկարողանան անվտանգ հեռանալ մարտական գործողությունների գոտիներից։

Պորոշենկոն տեղական իշխանություններին հանձնարարել է փոխադրամիջոցներ, պարեն և դեղորայք տրամադրել բախումների շրջաններից հեռացող մարդկանց։

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել է, որ բոլոր բախումներն անհրաժեշտ է ավարտել մինչև այս շաբաթավերջ։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG