Մատչելիության հղումներ

Վարորդների երթը ուղեկցվեց բախմամբ: Բերման ենթարկվածները ազատ են արձակվել


«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը երեքշաբթի օրը բողոքի հերթական ակցիան էր նախաձեռնել:

Կեսօրին Երևանի «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից մեկնարկած ավտոերթի մասնակիցները կանգնեցին Լենինգրադյան փողոցի սկզբնամասում։ Ոստիկանությունը փակել էր Լենինգրադյանին հարող փողոցներից մեկը, որով երթի մասնակիցները ցանկանում էին ուղևորվել դեպի քաղաքի կենտրոն։ Արդյունքում վարորդները դադարեցրեցին երթը՝ պահանջելով բացել փողոցը։ Մայրաքաղաքի ամենաերթևեկելի փողոցներից մեկը փակվեց։

Ոստիկանության ներկայացուցիչները փողոցը փակելու համար տարբեր պատճառաբանություններ էին բերում։ Նախ ասում էին, թե ճանապարհն է վերանորոգվում, հետո՝ որ խցանում կլինի, իսկ վերջում էլ հայտարարեցին, որ այդպես են նպատակահարմար գտնում։

Վարորդները սկսեցին բանակցել ոստիկանների հետ, քիչ անց քաշքշուկ սկսվեց, չորս հոգի բերման ենթարկվեց։ Իրենց ընկերներին օգնելու համար մի քանի վարորդներ նստեցին ոստիկանական մեքենաների դիմաց, մինչդեռ նրանց ուժով հեռացրեցին այդտեղից։

Ոստիկանության փոխգնդապետ Կարոն Մովսիսյանի խոսքով՝ չորս մարդ բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Վարորդներն էլ տեղում ասացին, որ կհեռանան Լենինգրադյան փողոցից միայն իրենց ընկերներին վերադարձնելու դեպքում։

Բանակցությունների արդյունքում վարորդները համաձայնեցին վերադառնալ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածք, ոստիկանությունն էլ խոստացավ քիչ անց վերադարձնել նրանց ընկերներին։ Մոտ կես ժամից բերման ենթարկվածները ազատ արձակվեցին։

«Ոչ մի արձանագրություն չեն կազմել, ոչ մի իրավական հիմք չեն ներկայացրել, թե ինչու էին մեզ տարել ոստիկանություն։ Նստեցինք, իսկ հետո ասացին, որ ազատ ենք», - պատմեցին նրանք:

Ավտոերթին մասնակցում էին ինչպես տաքսիստների, այնպես էլ բավական թանկարժեք մեքենաների վարորդներ։ Նրանք բոլորն էլ պնդում էին, որ իրենց ամեն ամիս մի քանի տասնյակ հազար դրամով տուգանում են, բանը հասել է նրան, որ անգամ նախորդ բողոքի երթին մասնակցելու ժամանակ են տուգանվել։

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է, որ մայրաքաղաքում վերացվեն կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղիները, հինգ անգամ կրճատվի տեսախցիկների և արագաչափերի գրանցած խախտումների համար տուգանքների չափը, չեղյալ համարվեն մինչ այժմ սահմանված տուգանքները և մինչև նոր կանոնակարգի մշակումը վարորդները չտուգանվեն։

Առաջիկայում «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պատրաստվում է նոր բողոքի երթեր անցկացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG