Մատչելիության հղումներ

Ռուսաստան - Արևմուտք «գազային» հակամարտություն


Սերբիա - «Հարավային հոսք» գազատարի շինարարության պաշտոնական մեկնարկից առաջ, 24-ը նոյեմբերի, 2014թ․
Սերբիա - «Հարավային հոսք» գազատարի շինարարության պաշտոնական մեկնարկից առաջ, 24-ը նոյեմբերի, 2014թ․

Եվրամիությունը սպառնում է սառեցնել «Հարավային հոսք» նախագիծը, Բուլղարիան և Սերբիան այդ առնչությամբ հակասական հայտարարություններ են անում:

Ռուսաստան - Արևմուտք հակամարտությունը վերածվել է «գազային» հակամարտության:

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները փորձում են խոչընդոտել «Գազպրոմ»-ի «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը: Մասնավորապես, հաղորդագրություններ են տարածվել, որ Սերբիան, այնուհետև նաև Բուլղարիան կասեցրել են աշխատանքները:

Երկուշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնիսկ հայտարարություն է արել այս կապակցությամբ՝ մասնավորապես ասելով, որ Բրյուսելը սպառնացել է սառեցնել «Հարավային հոսք»-ի շուրջ բանակցությունները, քանի դեռ պաշտոնական Մոսկվան չի ճանաչում Կիևի իշխանություններին:

«Բրյուսելը ուղղորդվում է պատժելու ցանկությամբ, այլ ոչ թե Եվրամիության անդամ երկրների շահերն է պաշտպանում», - Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնենք՝ «Հարավային հոսք» գազատարը պետք է անցնի Սև ծովի հատակով և շրջանցելով Ուկրաինան՝ ռուսական գազը պետք է հասցնի Եվրոպայի հարավ:

Գազատարի կառուցման աշխատանքներին մասնակցում են նաև Բուլղարիան և Սերբիան, ու այս երկրներից իրարամերժ հայտարարություններ են հնչում:

Այսպես՝ Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին ասել է, թե կասեցնում են աշխատանքները՝ Եվրահանձնաժողովի հետ խորհրդակցություններ անցկացնելու համար, իսկ ավելի ուշ նաև Սերբիայի փոխվարչապետ Քրիստոֆեր Մերֆին է հայտարարել, որ Բելգրադը նույնպես կանգնեցնում է աշխատանքները մինչև Բուլղարիայի կառավարության որոշումը: Ընդ որում, օրինակ, ռուսական մամուլը գրում է, որ Բուլղարիայի և Սերբիայի իշխանություններն այս որոշումը կայացրել են ամերիկացի սենատորների հետ հանդիպումից հետո:

Երեկ երեկոյան, սակայն, լրատվամիջոցները նոր հաղորդագրություններ տարածեցին, որոնց համաձայն՝ Բուլղարիայի էներգետիկայի նախարար Դագոմիր Ստոյնևը հայտարարել է, թե Բուլղարիան չի հրաժարվում «Հարավային հոսք» ծրագրից, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, իր հերթին, ասել է, որ «Հարավային հոսք»-ի հարցում Սերբիան իր որոշումը չի փոխել:

Փորձագետները համոզված են, որ քաղաքական հարցերը մի կողմ դնելու դեպքում «Հարավային հոսք»-ը տնտեսապես ձեռնտու է եվրոպական երկրներին, ինչպես նաև չափազանց կարևոր նախագիծ է Մոսկվայի համար, քանի որ այս գազատարով Ռուսաստանը կկարողանա իր գազը հասցնել Հարավային Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան:

Այդուամենայնիվ, «Հարավային հոսք» նախագիծը Բրյուսելը կարող է գոնե ժամանակավորապես սառեցնել, և սա կնշանակի, որ Եվրոպան ուժեղացնում է իր ճնշումը Մոսկվայի նկատմամբ, հատկապես որ գազատարի կառուցման աշխատանքներին մասնակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ Գենադի Տիմչենկոյին պատկանող ընկերությունը, իսկ Տիմչենկոն Միացյալ Նահանգների՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG