Մատչելիության հղումներ

Անցած գիշեր Երևանում մի խումբ երիտասարդներ փորձել են փրկել Աֆրիկյանների հայտնի շենքը, որի փոխարեն քաղաքային իշխանությունները մտադիր են հյուրանոց կառուցել: Ակտիվիստները ապամոնտաժել են մետաղական պատնեշը, որով այս օրերին շրջափակված է մայրաքաղաքի ամենահին շենքերից մեկը: Ոստիկանները երիտասարդներին բերման են ենթարկել, սակայն ոչ միայն Աֆրիկյանների շենքի մոտից․ բողոքի ակցիան լարված ընթացք է ստացել հատկապես ոստիկանության շենքի առջև:

Ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված քաղաքացիներից առաջինը ազատ արձակվեց Վահագն Գևորգյանը՝ երեք ժամ ոստիկանությունում մնալուց հետո, գիշերը ժամը 2:10-ին:

Նա «Ազատություն» ռադիոկայանին պատմեց․ - «Աֆրիկյանների ակումբի մոտ բողոքի ակցիա էր՝ քանդելու որոշման դեմ, ես էլ էի դրան մասնակցում, ու ինչ-որ մի պահի իրարանցում սկսվեց, ոստիկանության աշխատողները սկսեցին քաշքշել մարդկանց՝ առանց պահանջ ներկայացնելու կոնկրետ, ու ասացին՝ «նստիր մեքենան», նստեցի մեքենան, բերեցին էստեղ ու մինչև երևի 11:40-ի կողմերը ինձ չէին ասում՝ ինչի համար են բերման ենթարկել, ու չէին ասում՝ բերման ենթարկված եմ, թե չէ, իրար վրա էին գցում արձանագրություն կազմելը: Այդպես, ինչ-որ երկար պրոցես էր, մինչև երեք ժամը լրացավ․․․»:

«Ես իրենց հետ համագործակցությունից ամեն կերպ հրաժարվել եմ, որովհետև ինձ որպես ոստիկանության աշխատողներ իրենք չեն բերման ենթարկել, չեն ներկայացել, իրենց շատ լկտի են պահել: Դրա համար ես չգիտեմ՝ իրենք ինչեր են լրացրել կամ ինչ որոշում են կայացրել», - ասաց Գևորգյանը:

Ոստիկանությունում երեք ժամ անցկացրած Բաբկեն Տեր-Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իրեն ինչու են բերման ենթարկել․ - «Ես ուղղակի էստեղ կանգնած էի, ազատ հավաք էր, և մեր ընկերներից մեկին տարել էին քաղմաս, ու մենք բոլորով եկել էինք էստեղ, որ սոլիդարություն ցույց տանք մեր ընկերոջը, ու էդտեղ բախում է տեղի ունենում ոստիկանների հետ, ու ոստիկանները սկսում են սադրել ու մի քանի հոգու տանում են, ու ոստիկանները հայհոյելով և ասելով՝ «մատդ կկոտրեմ», այդպես էին իրենց պահում: Ու ես ասում եմ՝ «պարոն ոստիկան, իրավական հիմքեր չեք ներկայացրել, որ ինչի եք մեր ընկերներին տարել», ու էդ պահին ինձ էլ են բռնում տանում՝ բռնի ուժով»:

«Ոնց հասկանում եմ՝ իրենք էլ չգիտեին՝ ինչու են բերել, բայց հետո մի բան սարքեցին, ասում են, որ դիտավորյալ գույքի վնասում․․․», - հավելեց Տեր-Գրիգորյանը:

Աֆրիկյանների շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո բերման ենթարկված քաղաքացիներին և ոստիկանության պաշտոնյաներին բաժնում հանդիպեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ոստիկանության պաշտոնյաներն իրեն տեղեկացրել են, թե նյութեր են նախապատրաստվում ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու կապակցությամբ, այսինքն՝ ոստիկանությունը փորձում է քրեական պատասխանատվության ենթարկել այն քաղաքացիներին, որոնք պոկել են շինարարության նպատակով փակցված թիթեղյա պատնեշները:

Ինչ վերաբերում է հենց ոստիկանության շենքի մոտից քաղաքացիներին բերման ենթարկելուն, Նիկոլ Փաշինյանը իր զարմանքը հայտնեց՝ ասելով․ - «Շատ տարօրինակ պատմության ականատես եղանք՝ սկզբից տեղեկատվություն է, որ ակցիայի վայրից ըստ էության բերման է ենթարկվել մի հոգի, մյուսները բերման են ենթարկվել հենց էստեղից, այսինքն՝ տասը հոգի հենց էստեղ՝ ոստիկանության բաժանմունքի հարևանությունից բերման է ենթարկվել ուժի գործադրմամբ: Անհասկանալի է, թե ինչու են մարդկանց ուժով բերման ենթարկում ոստիկանության բաժնի մոտակայքից: Այսինքն՝ մարդկանց չեն մոտեցել ասել՝ «գիտեք, ոստիկանությունը ձեզ հետ հարց ունի պարզելու, հրավիրում ենք, ներս եկեք», ուղղակի թևերը ոլորել տանելը դա անհասկանալի գործելակերպ է»:
XS
SM
MD
LG