Մատչելիության հղումներ

Բավրայում անկուսակցական թեկնածուն հաղթել է ՀՀԿ-ականին


ՀՀԿ-ն Շիրակի մարզում մեկ գյուղ կորցրեց
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Շիրակի մարզի Բավրա համայնքում երեկ կայացած համայնքապետի ընտրություններում անկուսակցական Կորյուն Սումբուլյանը հաղթել է ՀՀԿ-ական գյուղապետ Մկրտիչ Պետրոսյանին:

Ուշագրավ է, որ երկուսն էլ արդեն եղել են համայնքի ղեկավար. նրանք ընտրությունից ընտրություն միմյանցից ժառանգում են գյուղապետի աթոռը:

Սումբուլյանի փոխանցմամբ` բուն քվեարկությունը հանգիստ է անցել, լարվածությունը մինչև ընտրության օրն է եղել. - «Օգտագործված է եղել Հանրապետական կուսակցության, նաև մարզային կառույցի ղեկավարի ամբողջ լծակները: Մարդիկ են տարել, ահաբեկել-ուղարկել են, որ պիտի գան, իրենց աշխատողներով ընտրեն: Ես սրանք չեմ մոռանա: Իրենք էլ թող չմոռանան»:

«Ստացվեց իրենց դեմ», - շարունակեց նորընտիր գյուղապետը` եզրակացնելով. - «Ուրեմն հասունացել է ժողովուրդը… Տենդենցը արդեն գնում է, իրենք արդեն սպառվել են. Հանրապետական կլինի, կրթության վարչության պետ կլինի… Ես այդպես եմ տեսնում»:

Նա պատմեց, որ Գյումրի ընդամենը մեկ անգամ է գնացել` թեկնածությունն առաջադրելու. - «Այնտեղ հարցրեցին` բայց կարա՞ս դու Հանրապետականին: Է, Հանրապետականը ի՞նչ է, գազա՞ն է, ի՞նչ է…Իրենք են իրենց հոշոտում, իրենք ինչ են, որ մենք իրենց չհոշոտենք: Այդպես էլ կասեք… Ո՞մից վախենամ: Մի անգամ ասում են` կարո՞ղ է ընդդիմադիր ես: Ընդդիմադիրը ո՞րն է, էն որ սառույցը ընկնում է գլխին, ասում եմ` արի էս կո՞ղմ… Երկիր ենք կորցնում, ի՞նչ ընդդիմադիր, ի՞նչ դիմադիր»:

«Ես դա չեմ ընդունում ու բոլորը ես ասում եմ, որ հերյուրքանքեր են», - «Ազատության» հետ զրույցում ասաց պարտված ՀՀԿ-ական թեկնածուն` փաստարկելով. - «Եթե Հանրապետական կուսակցությունը ճնշումներ գործադրեր, ինքը մի ձայն չէր կարող տանել»:

ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, ով նաև մարզի կրթության վարչության պետն է, նույնպես կտրականապես հերքում է, թե Բավրայում լծակներ են կիրառել. - «Ե’վ զարմանում եմ և’ ինչ-որ տեղ տրամաբանական համարում նաև խոսակցությունները, որովհետև մեզանում դեռևս ավանդույթ կա, որ ցանկացած հաղթանակ ավելի արժեվորելու համար վկայակոչում են այս կամ այն թևի, այս կամ այն քաղաքական ուժի ազդեցություն կամ ճնշում: Պարզ հայերենով մեկ անգամ ևս կրկնում եմ` չի եղել ո’չ մտադրություն, ո’չ գործունեություն»:

Հանրապետական թեկնածուի պարտությունը Մինասյանը չի կապում կուսակցության հետ. - «Մենք գործ ունեինք երկու այնպիսի թեկնածուների հետ, որոնք նախկինում աշխատել են: Այստեղ կուսակցական ֆակտորն արդեն ինքնին մղվում է երկրորդ պլան»:

Կորյուն Սումբուլյանը, ով Բավրայի համայնքը պիտի ղեկավարի առաջիկա չորս տարիներին, մտավախություն ունի, որ իրեն կխանգարեն. - «Մշտապես խանգարել են, որ չաշխատեմ: Բայց մեկ է, ես այնքան էներգիա ունեմ, որ բոլոր կառույցները իրար հետ էլ գան, իրար հետ էլ խանգարեն, մեկ է` իրար են խանգարելու, ինձ չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG