Մատչելիության հղումներ

Մարզային ծննդատներն ու մահացության դեպքերը


Վերջին շրջանում Գյումրիում արձանագրված հղի կնոջ մահվան լուրն ու դրան հաջորդած մեկ այլ ողբերգական դեպքի՝ նորածնի մահը մեծ արձագանք գտան մամուլում:

Երկու փաստով էլ քրեական գործ է հարուցվել: Սկզբնապես մեղադրանքների սլաքը համացանցում ուղղվեց դեպի բժիշկները:

«Ազատության» հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը նշում է, թե մոտ երկու տարի է, ինչ Գյումրիում մայրական մահացության դեպք չէր գրանցվել: Ըստ նրա՝ հղի կնոջ մահվան պատճառը պտղաջրերի էմբոլիան է եղել, ինչի կանխումն անհնար կլիներ անգամ աշխարհի լավագույն կլինիկաներում:

Իսկ հաջորդ դեպքը՝ նորածնի մահը, ըստ Հովհաննիսյանի, եղել է ինֆեկցիայի պատճառով. - «Երեխան արդեն մահացած է ծնվել»: Նա պնդեց, թե մարզի ծննդատները գործում են հավուր պատշաճի:

Թեև մարզպետարանի ներկայացուցիչը հավաստիացնում է, որ մարզային ծննդատներում այդ թվում նաև խնդրո առարկա հիվանդանոցում կարգապահության հետ կապված խնդիր չկա, մահացած հղի կնոջ սկեսուրը, մինչդեռ, հակառակն է պնդում: Նրա խոսքով՝ հանգուցյալ հարսի հղիությունը հսկող բժիշկը երբեք որևէ խնդիր չի նկատել նրա մոտ: Դեպքի օրը՝ հարսի մահանալուց հետո են միայն բժիշկները հավաքվել:

Հիշեցնենք՝ Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որոշմամբ մայրաքաղաքի բնակիչ չհանդիսացող հղիները կարող են անվճար ծննդալուծվել միայն իրենց մարզերում, բացառությամբ ռիսկային համարվողների: Այս որոշումը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել հանրության շրջանում: Հիմնական հարցադրումը հետևյալն էր՝ ինչու՞ է սահմանափակվում հղի կնոջ ծննդատուն ընտրելու իրավունքը:

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը «Ազատության» հետ զրույցում պնդում է, թե այդ որոշման շնորհիվ է, որ մարզային ծննդատներն այսօր անգործության մատնված չեն, ինչպես նախկինում էր: Սարիբեկյանն ասում է, որ արդեն յուրաքանչյուր մարզում կա առնվազն մեկ բարեկարգ ծննդատուն: Բայց վերը նշված երկու դեպքերում էլ հարազատները մեղադրում են բժիշկներին:

Ի դեպ, Գյումրիում մահացած նորածնի հարազատները ծեծի էին ենթարկել ծնունդն ընդունող բժշկին ու քույրերին, ինչից հետո զանգահարել են ոստիկանություն: Հիվանդանոցի տնօրենն իր հերթին է բողոք ներկայացրել ոստիկանություն: Կարինե Սարիբեկյանն ասում է, որ չնայած վշտի ծանրությանը, նման վարքագիծն աններելի է համարում: Իսկ այն, որ մարզերում իսկապես կա կադրերի խնդիր, Սարիբեկյանը չի հերքում, թեպետ հավելում է, որ մանկաբարձ-գինեկոլոգների մասով այդ խնդիրն առանձնապես սուր չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG