Մատչելիության հղումներ

Բնապահպանության նախկին նախարարի ինքնապարգևատրումը՝ քննադատության թիրախում


Հանքավայր Հայաստանում, արխիվ

Հանքավայր Հայաստանում, արխիվ

Օրերս համացանցում է հայտնվել բնապահպանության նախկին նախարար, այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի հրամանի պատճենը, որտեղ վերջինս նախարարի պաշտոնը լքելուց 2 օր առաջ ինքն իրեն նախարարության ոսկե մեդալ է շնորհել։

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մեդալով պարգևատրելու որոշումը կայացրել է 7 հոգանոց հանձնաժողովը, իսկ Արամ Հարությունյանը պարզապես հաստատել է փաստաթուղթը։

Հրամանում գրված է, որ Հարությունյանը պարգևատրվում է «բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար»։ Բնապահպանների համար սա պարզապես ծիծաղելի է։

«Ես, օրինակ, շատ կուզենայի, որ իրոք այնպիսի մի բան արած լիներ, որ ասեի՝ հալալ ա, թեկուզ դու ես քեզ պարգևատրում, բայց արել ես այդ մի բանը», - ասում է բնապահպան Ապրես Զոհրաբյանը՝ կարծիք հայտնելով, որ նախկին նախարարը հոգեբանի կարիք ունի, ու հավելում․ - «Մենք տեսնում ենք, որ 2007 թվից, ինքը երբ որ նախարար է եղել, որևէ դրական բան բնապահպանության ոլորտում տեղի չի ունեցել, ընդհակառակը, ավելի են խորացել այն բնապահպանական խնդիրները, որոնք կուտակվել էին նախորդ տարիների ընթացքում»:
Նախկին նախարար Արամ Հարությունյանը, ում անունը, բնապահպանների պնդմամբ, առնչվում է Թեղուտի, Ամուլսարի, Թռչկանի և մի շարք այլ աղմկահարույց նախագծերի հետ, մեդալ ստանալու փոխարեն պետք է պատասխան տա, թե որտեղից է կարողացել պաշտոնավարման տարիներին մեծ հարստություն դիզել։

Բնապահպան Աննա Շահնազարյանը պատմեց, որ այս հարցով անգամ դիմել են հատուկ քննչական ծառայություն, սակայն գործին ընթացք չի տրվել։

«Այս նախկին պաշտոնյան բնապահպանության նախարարության գործունեությունն իրականացնելու համար իր շինարարական ընկերություններին պատվերներ է տվել՝ «Նուբարաշենի» թունաքիմիկատների գերեզմանի կոնկրետ օրինակը՝ վառ ապացույց դրան», - ասում է Շահնազարյանը, - «Այս պաշտոնյայի օրոք Վերահսկիչ պալատի հաշվետվություններում և բացահայտումներում բազմաթիվ ապօրինություններ կան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG