Մատչելիության հղումներ

Հեքեքյանի երգչախումբը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է միջազգային փառատոնի


1992 թվականին Տիգրան Հեքեքյան ստեղծած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Շվեյցարիայում պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է երգչախմբային արվեստի հեղինակավոր միջազգային փառատոնի:

Բազելի «Երիտասարդական ու մանկական երգչախմբերի եվրոպական փառատոնի» ընթացքում Հեքեքյանի ղեկավարած երգչախումբը ունեցել է մեկ տասնյակից ավելի համերգ ոչ միայն Բազելում, այլև Շվեյցարիայի այլ քաղաքներում:

Լրագրողների հետ հանդիպմանը, ինչպես երգչախմբի անդամները, այնպես էլ դրա ղեկավարն առանց կեղծ համեստության նշեցին, որ համերգներն անցել են մեծ հաջողությամբ, տեղի մամուլում արժանացել են բարձր գնահատականների:

Փառատոնին մեր երգչախմբի ամբողջ ծախսը հոգացել էր հրավիրող կողմը:

Բազելի փառատոնին «Հայաստան փոքրիկ երգիչները» առաջին անգամ հրավիրել էր դեռ 1995 թվականին, և տպավորությունն այնքան վառ է եղել, որ փառատոնի կազմակերպիչները, խախտելով կանոնակարգը, ըստ որի յուրաքանչյուր երգչախումբ միայն մեկ անգամ կարող է մասնակցել փատառոնին, կրկին հրավիրել են հայաստանյան երգչախմբին` արդեն որպես պատվավոր հյուրեր:

Հիմնադրման օրից ավելի քան քսան տարի է անցել, երգիչների մի քանի սերունդ է փոխվել, բայց երգչախումբը չի դադարում հիացնել ուկնդրին: «Ազատության» հարցին, թե ինչպես է դա հաջողվում, Հեքեքյանը պատասխանեց. - «Գաղտնիքը` չհանգստանալ, չբավարարվել նվաճածով և միշտ դժգոհ լինել ինքներս մեզնից և ամեն հաջողությունից հետո նորից սկսել աշխատել»:

Իսկ հարցին, թե ինչու է երգչախումբը Հայաստանում այդքան քիչ ելույթներ ունենում, նա արձագանքեց. - «Որովհետև Հայաստանում համերգ տալը բերկրանք չի առաջացնում: Այնքան կազմակերպչական անդուր պատնեշների ես հանդիպում, որ մինչև հասնում ես բեմ դուրս գալու պահին, արդեն անտրամադիր, հոգնած, նյարդայնացած ես: Լրիվ հակառակ պատկերն է. այնտեղ համերգ տալը գերագույն հաճույք է, այնտեղ համերգ տվողին ձեռքերի վրա բերում հասցնում են բեմ»:

Հեքեքյանը հավելեց նաև, որ Հայաստանում իրենք ստիպված են վճարել դահլիճների վարձակալության, աֆիշների տպագրության համար. - «Դա առվազն մի քանի միլիոն դրամ է նստում»:

Իսկ երգչախմբի հիմնախնդիրներին վերաբերող հարցին Տիգրան Հեքեքյանն արձագանքեց. - «Չեմ ուզում ես վատ բաների մասին այսօր խոսել, որովհետև մենք լավ տրամադրությամբ վերադարձել ենք, ունենք շատ հրավերներ, որոնցից մի մասը իրենց պատրաստ են հոգալ, բայց մի մասը պիտի պետությունը հոգա, որովհետև դրանք շատ խոշոր փառատոններ են Ֆրանսիայում, Շվեյցարիայում, և չգնալ ափսոս կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG