Մատչելիության հղումներ

Թուրքիայում 1923-ից ի վեր առաջին անգամ հայկական դպրոց է կառուցվում


Թուրքիա - Տեսարան Ստամբուլից

Թուրքիա - Տեսարան Ստամբուլից

Դա հնարավոր է դարձել վեց տարի առաջ կատարված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ:

Թուրքիայում առաջին անգամ 1923 թվականից ի վեր հայկական դպրոց է կառուցվում: Այդ մասին հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ թեև շենքը արտաքին տեսքով չի տարբերվում այլ դպրոցներից, սակայն այն առանձնահատուկ է, քանի որ Թուրքիայի հանրապետությունում օրենքի շրջանակներում կառուցվող առաջին ազգային փոքրամասնության դպրոցն է:

«Տասնամյակներ շարունակվող իրավաբանական բարդություններից և խոչընդոտներից հետո դպրոցի կառուցումը սկսվել է մեկ տարի առաջ», - «Անադոլու»-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Մեսութ Օզդեմիրը՝ հավելելով, որ չնայած դպրոցի կառուցումն ավարտելու համար ժամանակ և գումար կպահանջվի, այնուամենայնիվ, իրենք շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն դպրոց կառուցել:

Ստամբուլի հայկական դպրոցները 11-ն են, այնտեղ հաճախում են մոտ 3 հազար աշակերտներ: Բաքըրքոյ թաղամասում գտնվող փոքր դպրոցներից մեկը հիմնադրվել է 170 տարի առաջ, ներկայումս 400 երեխաներ են այնտեղ սովորում: Փոքրիկ շենքում բոլոր աշակերտներին տեղավորելը մեծ խնդիր է, և քանի որ դպրոցի դիմացի տարածքը Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամին է պատկանում, որոշվել է այնտեղ նոր դպրոց կառուցել:

Այս ցանկությունն ու որոշումը, սակայն, այդպես էլ անկատար կմնային, եթե Թուրքիայում 2008 թվականին շրջադարձային օրենսդրական փոփոխություններ չկատարվեին: Փոփոխված օրենսդրությունը հանել է այն արգելքը, որ մինչ այդ գործում էր ազգային փոքրամասնությունների սեփականության նկատմամբ՝ նրանք չէին կարող փոփոխություն կատարել, ասենք՝ վերանորոգել իրենց պատկանող սեփականությունը կամ ձեռք բերել նորը: 2008 թվականին ընդունված օրենքով Թուրքիայի իշխանությունները սկսեցին նաև վերադարձնել այն սեփականությունը, որ նախկինում բռնագրավել էին, նշում է «Անադոլու»-ն:

Օզդեմիրն ասում է՝ անցյալում դեպքեր են եղել, որ մարդկանց դեմ գործ են հարուցել ոչ թե դպրոց հիմնադրելու, այլ անգամ իրենց դպրոցի մի պատը ներկելու կամ մի մեխ խփելու համար:

Այժմ, սակայն, Բաքըրքոյի ավագանին միաձայն քվեարկել է նախագծի օգտին, և նոր դպրոց կառուցելը, չնայած ֆինանսական խնդիրներին, հնարավոր է դարձել:

Լոնդոնում տեղակայված Փոքրամասնությունների իրավունքների խմբի Թուրքիայի բաժնի համակարգող Նուրքան Քայան ասում է՝ այս օրենսդրական փոփոխությունները, իհարկե, դյուրացրել են փոքրամասնությունների գործը իրենց սեփականությունը տնօրինելու հարցում, սակայն դրանցով բոլոր խնդիրները չեն լուծվում:

Իշխանությունները պետք է ավելին անեն փոքրամասնությունների կարգավիճակը բարելավելու համար, օրինակ՝ կարող են այլևս իրենք չնշանակել այդ դպրոցների փոխտնօրեններին, նշում է Քայան: Թուրքիայի կրթության նախարարությունը այդ կարգը մտցրել է 1937 թվականից, իր հայեցողությամբ փոխտնօրեններ է նշանակում ազգային փոքրամասնությունների դպրոցներում՝ դրանք վերահսկելու նպատակով:

Մյուս խնդիրն այն է, որ նախարարությունն է վերջնական որոշում, թե ով կարող է ազգային փոքրամասնությունների դպրոցներ հաճախել: Նրանք, ովքեր մեծացել են որպես մահմեդական թուրքեր, սակայն հայկական կամ հրեական արմատներ ունեն, չեն կարող հայկական կամ հրեական դպրոցներում սովորել: Քայան ասում է, թե ով կարող է իրենց դպրոց հաճախել՝ պետք է որոշեն տնօրենները, և եթե որևէ մեկն իրեն հայ կամ հրեա է համարում, ապա դա պետք է բավարար լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG