Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները մտահոգված են Վերնիսաժի գործի զարգացումներով


Ոստիկանությունը աշխատում է Վերնիսաժի կրակոցների դեպքի վայրում, 17-ը մայիսի, 2014թ.։

Ոստիկանությունը աշխատում է Վերնիսաժի կրակոցների դեպքի վայրում, 17-ը մայիսի, 2014թ.։

Ոստիկանությունը դեռևս նպատակահարմար չի համարում հայտարարել՝ կան տուժողներ Վերնիսաժի կրակոցների գործում։ Առայժմ պաշտոնապես հաղորդվում է միայն այս գործով մեղադրյալի ու կասկածյալի մասին։

Մինչդեռ մոտ երեք շաբաթ առաջ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց է տարվել 5 մարդ՝ բոլորն էլ հիմնականում ստորին վերջույթների հրազենային վնասվածքներով. բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել էին միջին ծանրության։

Իրավապաշտպանները ոստիկանության այս գործելակերպը համարում են կասկածելի ու պնդում, որ նման դեպքերում այս կառույցը պարտավոր էր տուժող ճանաչել վնասվածք ստացածներին, բայց լռելով ոստիկանությունը փորձում է կոծկել այս գործը, որտեղ ներգրավված է պատգամավորի հարազատը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կասկածում է, որ այս պարագայում հանցագործը կարող է անգամ արդարացվել։

«Տուժողներ պետք է լինել, եթե չկան տուժողներ, ուրեմն հանցագործները կարող են արդարացվել։ Այս քրեական գործում տուժողներ չունենալը կասկածի տեղիք տալիս է։ Սա խոսում է այն մասին, որ փորձում են կիրառել Հայաստանում ընդունված հին սովորույթը՝ «կգնանք, կպայմանավորվենք, կխոսենք, հարցերը կլուծենք»։ Այդպես եղավ Գորիսում, այսպես կարող է լինել նաև այստեղ»,- ասաց Հարությունյանը։

Վերնիսաժի գործով մեղադրանք է առաջադրվել այդ օրը կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանին, ով ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսան է։ Նա մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք կրելու համար։

Այս դեպքից անմիջապես հետո բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ փորձեցին պաշտպանել ու արդարացնել մայրաքաղաքի կենտրոնում օրը ցերեկով կրակոցներ արձակած Առաքելյանին։ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը պնդել էր, թե «Գոռին կնոջ, երեխայի ներկայությամբ ծեծել, ջարդել են», դրա համար է կրակել, իսկ նախկին ոստիկանապետ, ներկայումս նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը ասել էր՝ «ցանկացած ցինիզմ, ցանկացած լկտի, անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, այլոց նկատմամբ, դատապարտելի է ինչ-որ ձև»։ Նախկին ոստիկանապետն անգամ պնդել էր, թե եթե ինքը հայտնվեր նույն իրավիճակում, կփորձեր միջադեպը հարթել նախ ֆիզիկական ուժի գործադրմամբ, իսկ եթե դա չօգներ՝ ինքն էլ կդիմեր զենքի օգնության։

Իրավապաշտպան Հարությունյանը ծիծաղելի է համարում նման արդարացումները.- «Այո, չի բացառվում, որ նա ունի մեծ պաշտպանություն, և դրա արդյունքում կփորձեն գործը տանել այն ուղղությամբ, որ կամ չնչին, կամ սիմվոլիկ պատիժ լինի։ Բայց խոսել ընդհանրապես այն մասին, որ մեկը իրեն իրավունք պետք է վերապահի փողոցում խուլիգանություն անողներին գնդակահարելու, ծիծաղելի է»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ նկատում է՝ Վերնիսաժի գործի քննության ընթացքում ոստիկանության ձեռագիրը նույնն է, ինչ նախկին դեպքերում, որոնք որևէ կերպ առնչվում են պաշտոնյաներին կամ նրանց հարազատներին։ Նա այս դեպքը համեմատում է Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ անցած հունիսին տեղի ունեցած արյունալի միջադեպի հետ։ Նախաքննական մարմինը այդ դեպքում ևս տուժող չճանաչեց ոչ մահացած Ավետիք Բուդաղյանին, ոչ վնասվածքներ ստացած եղբորը՝ Արտակ Բուդաղյանին։ Վերջինիս մեղադրանք առաջադրվեց։

«Պարզվեց՝ Յուվեցի Կարոն ևս բարձր է կանգնած օրենքից։ Եվ ԲՀԿ-ական, և ՀՀԿ-ական շրջանակները համատեղ ստանձնել են Յուվեցի Կարոյի պաշտպանությունը, ով հանրությանը հայտնի է որպես ընտրությունները կեղծող։ Այս անձը որևէ դրական վարքագծով հայտնի չէ»,- ասաց Ալեքսանյանը։

Ուրբաթ օրը հիվանդանոցից դուրս գալուց հետո ԲՀԿ-ական պատգամավորի փեսա Գոռ Առաքելյանի կրակոցներից վնասվածքներ ստացած Ներսես Մելքոնյանը տուն չի հասցրել գնալ։ Նրան անմիջապես ոստիկանություն են տարել և ձերբակալել խուլիգանության համար։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը ևս կասկածներ ունի այս գործի օբյեկտիվ քննության առնչությամբ, ասում է՝ հակառակ դեպքում Մելքոնյանին, ինչպես և մնացած վիրավորներին ոստիկանությունը պարտավոր էր տուժող ճանաչել։

«Գործի մեջ կա բժշկի տեղականքը, որ ինքը պետք է ստանա համապատասխան բուժում և բժիշկների հսկողության տակ լինի։ Չորս մարմնական վնասված կա, չորս կրակոց է եղել»,- ասաց փաստաբանը։

Էլբակյանը պնդում է, որ Ներսես Մելքոնյանի ձերբակալությամբ փորձ է արվում ԲՀԿ-ական պատգամավորի փեսայի գործողությունները ներկայացնել որպես ինքնապաշտպանություն։
XS
SM
MD
LG