Մատչելիության հղումներ

Պորոշենկոն ստանձնեց նախագահի պաշտոնը, եվրաինտեգրում և խաղաղություն խոստացավ


Պետրո Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը, 7-ը հունիսի, 2014թ.։

Պետրո Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը, 7-ը հունիսի, 2014թ.։

Ուկրաինայի 5-րդ նախագահ Պետրո Պորոշենկոն շաբաթ օրը հանդիսավորապես ստանձնեց պաշտոնը՝ առաջին իսկ ճառում խոստանալով երկիրը տանել դեպի Եվրամիություն, ինչպես նաև խաղաղություն բերել երկրի արևելյան շրջաններին:

Դիմելով ինքնահռչակ Դոնբասի բնակչությանը՝ Ուկրաինայի նախագահն անցավ ռուսերենի և հայտարարեց, որ պատրաստ է արտահերթ տեղական ընտրություններ անցկացնել և երկխոսություն սկսել օրինական ընտրված գործընկերների հետ: Միևնույն ժամանակ ընդգծեց, որ Ուկրաինան միասնական երկիր է, և այս հարցը անգամ քննարկման ենթակա չէ:

«Որպես նախագահ՝ շուտով ես ձեզ մոտ կգամ խաղաղությամբ, իշխանության ապակենտրոնացման նախագծով, ձեր շրջանում ռուսերենի ազատ օգտագործման երաշխիքով, շրջանի նկատմամբ հարգանքով»,- դիմելով պաշտոնական Կիևը չճանաչող շրջաններին՝ ասաց Պորոշենկոն:

Իր երդմնակալության ելույթում Ուկրաինայի նոր նախագահը նաև երկու անգամ շեշտեց, որ Ռուսաստանը օկուպացրել է Ղրիմը, որը եղել է և կմնա ուկրաինական տարածք։ Նա նաև հայտարարեց, որ այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ուրբաթ օրը Ֆրանսիայում տեղի ունեցած կարճատև հանդիպման ժամանակ:

Դիմելով միասնականության դեմ պայքարող գրոհայիններին՝ Պորոշենկոն խոստացավ պատասխանատվության չենթարկել բոլոր նրանց, ում ձեռքերն արյունոտ չեն և ովքեր պատրաստ են վայր դնել զենքերը: Մոտ 25 րոպեանոց ելույթը մի քանի անգամ ընդհատվեց երկարատև ծափահարություններով: Եվս մեկ անգամ նախագահը առաջարկեց հոտնկայս լռությամբ հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր ընկան հանուն Ուկրաինայի անկախության:

Երդմնակալության արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ 20 երկրներից, այդ թվում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, Գերմանիայի, Բելառուսի, Վրաստանի և մի շարք այլ երկրների նախագահներ: Ռուսաստանը երդմնակալությանը ներկա էր այդ երկրում դեսպանի մակարդակով միայն։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ակնկալվում է, որ պաշտոնական արարողությունից հետո Պորոշենկոն կուղևորվի Անկախության հրապարակ, որտեղ արդեն շուրջ կես տարի է եվրաինտեգրման կողմնակիցները շարունակական ցույցեր են անցկացնում:

Երդմնակալությունից օրեր առաջ մեզ հետ զրույցներում Եվրամայդանի ակտվիստները նշում էին, որ վերջին ընտրություններն ամենաազնիվ և թափանցիկն են եղել Ուկրաինայի պատմության մեջ:

«Ամենաազնիվ ընտրություններն էին, այսպիսի ընտրություններ մենք չէինք ունեցել: Երբ ես գնացի ընտրատեղամաս, այնքան մարդ կար, որ շնչելն անգամ դժվար էր, ծերերը ձեռնափայտերով կանգնած էին հերթում և ասում էին, որ Պորոշենկոյին են ընտրելու»,- պատմում էր Եվրամայդանի ակտիվիստներից մեկը։
XS
SM
MD
LG