Մատչելիության հղումներ

Ակտիվիստի համար տարբերություն չկա՝ Էնվեր փաշա, թե Անաստաս Միկոյան


Պոլիտբյուրոյի անդամ Անաստաս Միկոյանը (աջ) այցելում է Խորհրդային Հայաստան, արխիվ
Պոլիտբյուրոյի անդամ Անաստաս Միկոյանը (աջ) այցելում է Խորհրդային Հայաստան, արխիվ

Անաստաս Միկոյանի անվան փողոցում տեղադրված ցուցատախտակի վրա Վիլեն Գաբրիելյանը թողել է «Էնվեր փաշա» գրառումը: Նրան դրա համար ոստիկանություն են հրավիրել։

Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին, ով Facebook-ում հայտնի է «Նավակ ճոճող» անունով, հրավիրել են ոստիկանություն:

Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Գաբրիելյան, հրավիրել են հունիսի 5-ի իր ակցիայի հետ կապված:

Երևանի Անաստաս Միկոյանի անվան փողոցում տեղադրված ցուցատախտակի վրա, ուր գրված է «Ա․Միկոյան փողոց», ակտիվիստը թողել է «Էնվեր փաշա» գրառումը:

«Տարբերություն չկա՝ Էնվեր փաշա, թե Անաստաս Միկոյան, որովհետև Միկոյանը նույն կերպ պետական հանցագործ է, ընդ որում միջազգային մակարդակի։ Դա ապացուցող փաստաթղթերը կան, ես երեք հատ տեսել եմ. Թուղթ են ուղարկում Ստալինին՝ խնդրելով, որ ևս 700 հոգի մարդ գնդակահարվի, չնայած փոխքաղաքապետ կար՝ Կամո Արեյան, ասաց, որ արժանահավատ չեն, բայց Ազգային արխիվի տնօրենը հաստատեց, որ բոլոր փաստաթղթերը արժանահավատ են»,- ասաց Գաբրիելյանը։

Երևանի իշխանությունների որոշումը մայրաքաղաքում տեղադրել խորհրդային բռնապետ Ստալինի թիմակից, բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը բուռն բողոք է առաջացրել հանրությունում:

Հայտնի օրինակ է՝ 1940թ․ գարնանը Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Կատին գյուղի մոտ գերի լեհ զինվորականների՝ հիմնականում սպաների, զանգվածային գնդակահարությունը: 1992թ․ գաղտնազերծված փաստաթղթի համաձայն, գնդակահարվել է մոտ 22 հազար լեհ զինվորական, և գնդակահարություն պահանջող փաստաթղթի վրա առկա է նաև Անաստաս Միկոյանի ստորագրությունը:

«Ինձ ուղղակի այս փաստը դուր չի գալիս, որ իր նման հանցագործ մարդու անունով Երևանում պետք է փողոց լինի։ Կոնկրետ այդ ցուցատախտակը վերցնում եմ իմ վրա, ինչքան բերեն դնեն, պարտադիր չէ, որ էլի «Էնվեր» գրեմ, կարող է ուրիշ բան գրեմ, բայց ցույց կտամ, որ չպետք է այդ մարդու անունով Երևանում կամ ընդհանրապես Հայաստանում փողոց լինի»,- ասաց ակտիվիստը։

«Նավակ ճոճող»-ը ասաց՝ ոստիկանությունից հրավերը եղել է հեռախոսային խոսակցության միջոցով, ինքը հրաժարվել է գնալ՝ պահանջելով ուղարկել ծանուցագիր:

«Զանգեցին, ասացին՝ երևի գիտես ինչի համար է, ասացի՝ չէ, հետո բացատրեցին, որ Միկոյանի ցուցանակի հետ է կապված, հրաժարվեցի, հիմա սպասում եմ ծանուցագրին, որ գնամ բացատրություն տամ»,- ասաց Գաբրիելյանը։

Այսօր ոչ աշխատանքային օր է, և ոստիկանությունից արձագանք ստանալ չհաջողվեց:
XS
SM
MD
LG