Մատչելիության հղումներ

logo-print

Կրակոցներ Քանաքեռ-Զեյթունում. Ըստ մամուլի՝ կրակողը քաղաքապետի խորհրդականի որդին է


Ուրբաթ երեկոյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կրակոցներ են հնչել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սևակի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել են փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:

Ըստ մամուլի հրապարակումների, կրակողը եղել է Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ, ներկայումս Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG