Մատչելիության հղումներ

logo-print

Վերնիսաժի գործով վիրավորը ձերբակալվել է


Վերնիսաժի հարևանությամբ գտնվող շենքի ավտոտնակում մայիսի 17-ին 29-ամյա Գոռ Առաքելյանի կրակոցներից վիրավորված Ներսես Մելքոնյանը, ով հիվանդանոցում գրանցված է եղել Նորայր Հարությունյան անուն-ազգանունով, այսօր ձերբակալվել է։

Նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ Մելքոնյանը կասկածվում է խուլիգանության մեջ։ Նա մինչև այսօր հիվանդանոցում էր, այսօր է դուրս գրվել ու ձերբակալվել։

Հիշեցնենք, նրա և ընկերոջ՝ Վալերի Հովհաննիսյանի հետ էր, ըստ նախնական վարկածի, պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» փեսա Գոռ Առաքելյանը ավտոտնակում վիճաբանել և կրակել։
Այս անձինք ծանր վիրավորվել էին։ Վալերի Հովհաննիսյանի վիճակը դեռ շարունակում է մնալ ծանր։

Վարդուհի Էլբակյանը մտահոգություն հայտնեց, որ Ներսես Մելքոնյանի ձերբակալությամբ փորձ է արվում ԲՀԿ-ական պատգամավորի փեսա Գոռ Առաքելյանի գործողությունները ներկայացնել որպես ինքնապաշտպանություն։ Առաքելյանը, հիշեցնենք, կալանավորված է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներով։

«Այսօր հիվանդանոցից դուրս է գրվել Ներսես Մելքոնյանը, դուրս գրվելուց հետո անմիջապես ոստիկանության աշխատակիցների կողմից հրավիրվել է Կենտրոնականի քննչական բաժին, որտեղ ժամը երեքին ձերբակալվել է», - ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը: - «Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության մասին է խոսքը։ Ըստ ձերբակալման արձանագրության, իբրև հայհոյել է, կոպիտ կերպով հասարակական կարգը խախտել է, և այլն, տրաֆարետային հերթական ձևակերպումը որևէ առանց ինչ-որ հիմնավորումների։
Միանշանակ համաձայն չեմ մեղադրանքների հետ»:

Փաստաբանը համաձայն չէ այդ մեղադրանքին. - «Միանշանակ ոչ: Ես իմ նախորդ հարցազրույցներում էլ եմ ասել, որ ես ունեմ այդ մտավախությունը։ Չեմ կարծում, որ այն բոլոր հայտարարությունները, որ կատարվում էին բարձրաստիճան պաշտոնյաների, որոշ շրջանակի մարդկանց կողմից, ինքնանպատակ էին, չէին կարող լինել ինքնանպատակ։ Այս առումով սա արդեն սպասելի էր»։

Էլբակյանը նկատի ունի այն հայտարարությունները, թե Գոռ Առաքելյանը ինքնապաշտպանական մղումներով է կրակե՞լ. - «Այլապես ինչպե՞ս պետք է դա ինքնապաշտպանություն փորձեն որակել: Այլ տարբերակ չեն կարող ունենալ»։

Հիշեցնենք, և ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանն էր մամուլում պնդել, թե Գոռին կնոջ, երեխայի ներկայությամբ ծեծել, ջարդել են, դրա համար է կրակել:

Եվ նախկին ոստիկանապետ, ներկայում ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանն էր նույնը պնդել. - «Այդ տղաների արածն էլ ցինիզմի դրսևորում է, հասկանո՞ւմ եք, վատ բան են արել, մարդուն կնոջ ներկայությամբ, երեխայի ներկայությամբ ծեծել, ստորացրել են։ Մանրամասները քննությունը կպարզի։ Ինչքանո՞վ է ճիշտ մի կողմին միշտ արդարացնել: Հասարակությունը իմ կարծիքով, հոգնել է սրանից, որ ինչ-որ մի կողմը պիտի արդարացվի, ինչի՞ համար, ինչի՞։ Հարկավոր է համարժեք գնահատական տալ երկու կողմերին էլ»։
XS
SM
MD
LG