Մատչելիության հղումներ

logo-print

Ավետիսյանի աջակիցների բողոքի պատճառով դատական նիստը չշարունակվեց


Պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր կիսատ մնաց՝ դահլիճում տիրող աղմուկ-աղաղակի պատճառով։

Ավետիսյանին սատարելու եկած ազատամարտիկները, հարազատները, ընկերներն ու ակտիվիստ երիտասարդները տեսնելով դատավորին՝ ի նշան բողոքի սկսեցին գոռալ։ Երիտասարդներից մեկն էլ դատավորին քննադատող մի պաստառ վեր բարձրացրեց։ Սրանից հետո դատավորը որոշեց չշարունակել դատավարությունը։

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ դատախազ Կարեն Հարությունյանը սկսեց ընթերցել Ազգային անվտանգության ծառայության կողմից ազատամարտիկի հեռախոսազրույցների գաղտնալսման արձանագրությունները։

Այսօրվա նիստին դատախազ Կարեն Հարությունյանը փոխարինում էր այս գործով մինչ այժմ մեղադրանքը պաշտպանած դատախազ Վարդան Պապիկյանին։

Դատախազ Հարությունյանն ընթերցեց Ավետիսյանի ու նրա գործով առանցքային վկա Հենրիկ Զաքարյանի անցած տարվա հեռախոսային խոսակցությունները։ Հենց Զաքարյանի ցուցմունքներով է Ավետիսյանը մեղադրվում խարդախության մեջ։

Նախաքննության ժամանակ նա հայտարարել էր, թե հիվանդ թոռանը բանակից ազատելու համար Ավետիսյանին 2.000 դոլար գումար է տվել։ Դատարանում այս վկան, սակայն, հակասական ցուցմունքներ էր տվել՝ ասել էր, թե գումարը տվել էր ոչ թե բանակից ազատելու, այլ թոռան բժշկական փաստաթղթերը ձևակերպելու, հիվանդանոցում օգնելու համար։

Մինչդեռ նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, թե Ավետիսյանի հետ պայմանավորվել էին հեռախոսով գումարի մասին պայմանական խոսել՝ գումարի փոխարեն ասել մեկ տուփ սուրճ։

«Երկու պաչկա կոֆե պիտի բերեք, որ պրոցեսը սկսենք»,- սա հատված է Զաքարյանի և Ավետիսյանի հեռախոսային խոսակցությունից, որն ընթերցեց դատախազը։

Դատախազը չհասցրեց մինչև վերջ ընթերցել։ Դահլիճում մեծ աղմուկ բարձրացավ։

Դատավորը հայտարարեց, թե քանի դեռ ներկաները չեն ազատի դահլիճը, ինքը չի շարունակի նիստը։ Ազատամարտիկի ընկերներն անդրդվելի էին՝ մնացին դահլիճում այնքան, մինչև դատավորն ինքը մտափոխվեց՝ փորձեց շարունակել նիստը։ Սակայն այն անմիջապես էլ ընդհատեց, երբ երիտասարդներից մեկն ասաց, թե փոխանցելու բան ունի ու վեր պարզեց դատավորի ծաղրանկարով պաստառը։

Դատավորն այսօր ևս որոշեց Ավետիսյանին թողնել կալանքի տակ։
Ազատամարտիկին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ ընկերները ճանապարհեցին ծափերով ու ողջույններով՝ ոստիկանների հսկողության ներքո։
XS
SM
MD
LG