Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ-ն կաջակցի Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանը


Արագածոտնի մարզ -- Գյուղացիները փակել են ճանապարհը՝ բողոքելով գյուղի մոտ կառուցվող ՀԷԿ-ի շինարարության դեմ, արխիվ

Արագածոտնի մարզ -- Գյուղացիները փակել են ճանապարհը՝ բողոքելով գյուղի մոտ կառուցվող ՀԷԿ-ի շինարարության դեմ, արխիվ

Բրյուսելում վերջերս հազվադեպ են դարձել Հայաստանի հետ կապված և առավել ևս Հայաստանին նվիրված միջոցառումները: Հայաստանի` Մաքսային Միություն մտնելու հայտարարությունից հետո Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստանին, բայց արդեն այլ ոլորտներում:

Քաղաքական ու տնտեսական ուղիղ համագործակցությունը Մաքսային Միության պատճառով թողնելով մի կողմ՝ ԵՄ-ն այժմ կենտրոնացել է Հայաստանում քաղաքացիական հասարակության և գյուղատնտեսության զարգացման վրա:

Հայաստանում տեղական, համայնքային ժողովրդավարությանը նվիրված լսումներին Ռեգիոնների Կոմիտեում շատ մարդ չկար, թեև միջոցառման մասին մի քանի անգամ նախապես հայտարարվել էր:

Եվրախորհրդի Ռեգիոնների պալատի գործադիր քարտուղար Դենիս Հուբերը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տեղական ժողովրդավարությունը երկրում համընդհանուր ժողովրդավարության հասնելու բանալին է:

«Եվրոպական երկրներում մենք տեսնում ենք, որ մարդիկ շատ ներգրավված են տեղական հարցերի լուծմանը, որովհետև նրանք կարող են շատ կոնկրետ արդյունքների հասնել այդ մակարդակում: Օրինակ, երբ նրանք քաղաքապետ են ընտրում, նրանք լավ գիտեն այդ մարդուն, կարող են գնահատական տալ նրա գործերին: Այս հարցը նրանց համար ավելի կարևոր է ու առաջնահերթ, քան ասենք համազգային իշխանությունները: Այնպես որ տեղական ժողովրդավարությունը ընդհանուր ժողովրդավարության հասնելու ամենակարևոր գործիքն է»,- ասաց Հուբերը։

Եվրոպացի բանախոսներն ընդգծում էին, որ Հայաստանում խնդիրներ կան համայնքային ընտրությունների, կանանց մասնակցության և քաղաքացիական հասարակության ակտիվության հետ: Նրանց խոսքով` Հայաստանում խնդիրները լուծվում են բարձր օղակներում, այնինչ Եվրամիության փորձը ցույց է տալիս, որ ավելի ժողովրդավար ու շահավետ կլինի խնդիրները լուծել հնարավոր ամենացածր օղակում` ապակենտրոնացնելով որոշումներ կայացնողի իշխանությունը: Օրինակ, Եվրամիությունում յուրաքանչյուր հարց փորձ է կատարվում լուծել ամենացածր` համայնքային, ռեգիոնալ մակարդակում, անդամ պետությունները, առավել ևս Եվրոպական միությունը չեն կարող միջամտել հարցին, քանի դեռ դրա կարիքն ու կոչը չկա:

Եվրախորհրդի Ռեգիոնների պալատի ներկայացուցչին հարցրինք, թե արդյոք հնարավո՞ր է համայնքային ժողովրդավարություն, արդար ընտրություններ ունենալ, երբ վերապահումներ կան երկրում ընդհանուր ժողովրդավարության դրության հետ կապված:

«Նախևառաջ շատ կարևոր է, որ քաղաքացիները հասկանան, թե որ ոլորտում են իրենք ցանկանում ազդեցություն ունենալ: Հեշտ է խոսել ժողովրդավարությունից, քաղաքացիական հասարակությունից, բայց քաղաքացիները առաջին հերթին պետք է որոշեն որտեղ են ցանկանում ազդեցություն ունենալ: Հայաստանում հարցերի 10 տոկոսից պակասն են լուծվում տեղական մակարդակով: Եթե համեմատեք դա սկանդինավյան երկրների, այդ թվում իմ հայրենի Դանիայի հետ, ապա հարցերի 60 տոկոսը լուծվում է համայնքում: Բայց սրան հասնելու համար պետք է քաղաքացիները հաստատակամ լինեն»,- ասաց Հուբերը։
XS
SM
MD
LG