Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ձգտում է անորոշ ժամանակով հետաձգել նախագահների հանդիպումը


Ադրբեջանը ձգտում է անորոշ ժամանակով հետաձգել նախագահների հանդիպումը
please wait

No media source currently available

0:00 0:05:16 0:00

Ադրբեջանը ձգտում է անորոշ ժամանակով հետաձգել նախագահների հանդիպումը

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով` ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Սարգսյան - Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու և բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար:

Քոչարյանն այդ հայտարարությունն արեց ի պատասխան «Ազատության» հարցի, թե ինչով է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի, որի արդյունքում երեկ երկու հայ զինծառայող է սպանվել:

Փոխարտգործնախարարի համոզմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած ակտիվացմանը, որն ուղղված է բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը, Ադրբեջանն արձագանքում է սադրանքներով. - «ԵԱՀԿ գործող նախագահը գալով տարածաշրջան, և’ համանախագահները, և’ Ֆրանսիայի նախագահը արդեն ուղղակի առաջարկել է հանդիպում նախագահների մակարդակով: Դա նշանակում է, որ միջնորդները հակված են, որպեսզի վերջ դնեն այս տեղում դոփելուն: Իսկ հիմքը դրան վերջ դնելու, դա նույն մադրիդյան փաստաթղթերի գաղտնազերծված մասն է: Եվ Ադրբեջանի գործողությունները, հայտարարությունները հակասում են այդ ամեն ինչին: Կարծում եմ, որ դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այս փուլում չլինի այդպիսի քայլ առաջ բանակցային գործընթացում»:

Հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ Ֆրանսիայի նախագահի առաջարկած հանդիպումը Փարիզում, փոխարտգործնախարարը արձագանքեց. - «Խնդիրը հենց կայանում է նրանում, որ ադրբեջանական կողմի քայլերն ուղղված են այդ հանդիպումը անորոշ հետաձգելուն… Ադրբեջանը միտումնավոր դա մտցնելով փակուղի` ձևավորում է մի նոր իրավիճակ, և այդ նոր իրավիճակում արդեն մենք էլ մեր հերթին պիտի դիտարկենք այդ իրավիճակը, և’ միջնորդները, և’ միջազգային հանրությունը: Կա’մ Ադրբեջանը պետք է գա այդ կառուցողական դաշտ, որը մոտակա ժամանակահատվածում ես չեմ էլ տեսնում դրա հնարավորությունը, կա’մ էլ պետք է միջնորդները նոր մոտեցումներ դրսևորեն»:

Շավարշ Քոչարյանը պատահական չի համարում, որ տարածաշրջանային այցով այս շաբաթ Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը հատուկ շեշտեց հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման, մասնավորապես` սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը:

«Դա հենց պատասխանն է միջնորդների, կամ տվյալ պարագայում ԵԱՀԿ-ի, այն սադրիչ քայլերին, որ իրականացնում է Ադրբեջանը: Իմ գնահատականով, այսպիսի քաղաքականության շարունակությունը`բացահայտ ռասիստական, ռազմատենչ, ես կասեի միջնադարյան քաղաքականությունը միևնույն է բերելու է արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը միջազգային հանրության կողմից: Որովհետև այլ ելք արդեն այս վիճակում չկա:

Հայաստանի փոխարտգործնախարարը անդրադարձավ նաև նախագահ Սերժ Սարգսյանի` մեծ արձագանք ստացած այն հայտարարությանը, թե Ղարաբաղը չի կարող լինել Մաքսային միությունում, քանի որ Ղարաբաղը մեր օրենսդրությամբ ու մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ: Հայտարարությունն արժանացավ շատերի լուրջ քննադատությանը: Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը փոխանցել էր` Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է:

Շավարշ Քոչարյանը, մինչդեռ, հակադարձում է, թե պետք չէ այդպիսի հայտարարություններով ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին: Պաշտոնական Բաքուն, նրա խոսքով, այսօր ամեն ինչ անում է, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնի որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև` Ղարաբաղը ներկայացնելով ոչ թե որպես ինքնորոշված միավոր, այլ Հայաստանի կողմից օկուպացված տարածք:

«Եթե մեկը ասում է, որ Ղարաբաղը կազմում է Հայաստանի մաս, դա նույնն է, որ ինքը Ալիևին, ներողություն, «պաս տա»… Մի՞թե կարելի է այդպես մտածել կամ նույնիսկ այդպիսի հարց ձևակերպել: Երբեք Հայաստանի մոտեցումը չի եղել, որ Ղարաբաղը դա Հայաստանի մաս է: Ղարաբաղը անկախ պետություն է: Մեր հարաբերությունները Ղարաբաղի հետ կառուցվում են հորիզոնական, դա ակնհայտ է: Բայց դա, իր հերթին, ամենևին չի նշանակում, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև լինելու է սահման», - նշեց Շավարշ Քոչարյանը:

Նա անդրադարձավ նաև Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաևի հնչեցրած նախապայմաններին: Ըստ այդմ, հիշեցնենք, Հայաստանը պետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միության ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, ասել է թե` առանց Լեռնային Ղարաբաղի:

Շավարշ Քոչարյանն այնքան էլ կոռեկտ չի համարում Նազարբաևի հայտարարությունը, բայց դատել, ըստ նրա, պետք է ոչ թե հայտարարություններով, այլ այն փաստաթղթով, որն արդեն ընդունվել է. - «Լրիվ փաստաթուղթը առկա է, Եվրասիական հանձնաժողովի սայթում կա: Առաջարկում են ծանոթանալ այդ փաստաթղթին, որը շատ հստակ ասում է, որ մինչև ամսի 21-ը պետք է ներկայացվի ստորագրման համաձայնագիրը»:
XS
SM
MD
LG