Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է թանկացնել էլեկտրաէներգիան և ներկայիս 38 դրամ սակագինը բարձրացնել մոտ 4 դրամով:

Հանձնաժողովի տարածած հայտարարությունը չի մանրամասնում, թե երբ է քննարկվելու հարցը ու երբ է կայացվելու որոշումը: Փոխարենը նշվում է, որ հանձնաժողովն այս քայլին գնում է սեփական նախաձեռնությամբ:

Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանի փոխանցմամբ` իրենք հաշվարկել ու համոզվել են, որ մատակարարող ընկերությունները 20 միլիարդ դրամի պակասորդ ունեն և անհրաժեշտ է այդ ճեղքվածքը փակել:

«Այնքանով է մեզ հնարավորություն ընձեռում ընդհանուր համակարգային սակագների վերանայման խնդիր դնել, որ մենք խնդիրները դնում ենք, տեսնում ենք ընդհանուր կոմպլեքս վիճակում: Այսինքն յուրաքանչյուր ընկերություն իր խնդիրն է տեսնում, իր խնդիրն է ներկայացնում մեզ, իսկ մենք համակարգային ենք տեսնում», - ասաց Բաղրամյանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք առկա ֆինանսական ճեղքվածքը սխալ քաղաքականության հետևանք չէ, Բաղրամյանը պատասխանեց. - «Ոչ, արտոնյալ ժամկետներով վերցված վարկերի մուծման ժամանակն է մոտենում, ֆինանսական տարբեր խնդիրներ կան»:

Իսկ հարցին, թե ինչու պետք է դա մուծի քաղաքացին սակագնի տեսքով, երբ ո'չ թոշակն է բարձրանում, ո'չ աշխատավարձը, նա արձագանքեց, թե ամեն ինչ սպառողի համար է արվում, բա ո՞վ մուծի:

«10 տոկոսով կավելանա էլեկտրաէներգիայի բեռը քաղաքացիների համար, ինչը պարտադիր էր և անխուսափելի», - ընդգծեց Բաղրամյանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թե թանկացումներից կարելի էր խուսափել` եթե իշխանությունները ռուսական թանկ գազի փոխարեն ավելացնեին Իրանից ներկրվող գազի ծավալը. - «Որքան շատ ներկրենք Իրանից գազ, այդքան շատ կստանանք գրեթե ձրի էլեկտրաէներգիա: Փոխարենը էլեկտրաէներգիա ստանալու համար այրում ենք ռուսական թանկ գազը: Այսինքն տեխնիկապես հնարավոր է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ոչ միայն չբարձրացնել, այլև նկատելիորեն իջեցնել»:

Սպասվող թանկացումը քննադատում են նաև ոչ իշխանական ուժերը: ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դեռ նախորդ ամիս ինքն ԱԺ-ում բարձրացրել է հարցը, Էներգետիկայի փոխնախարարը, սակայն, հավաստիացրել է, թե թանկացում չի լինելու. - «Կառավարության ներկայացուցիչը կա’մ տեղյակ չէ, կա’մ իր տեղում չէ, որ տեղյակ չէ, թե իր ոլորտում ինչ է ակնկալվում: Կամ ընդհանրապես մեր պաշտոնյաները միայն վերջին պահին են իմանում, այն էլ, երբ որ համապատասխան երկրից կամ ինչ-որ այլ կենտրոններից նրանց իրազեկվում է»:

ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համար հնարավոր թանկացման մասին լուրը տհաճ անակնկալ էր. - «Երբ որ մի քանի ամիս առաջ թանկացրեցին, ասացին, որ դա մի քանի տարի կտևի: Մասնավորապես, գազի մասին դա ասվել է: Ես չեմ կարողանում հասկանալ… Հիմա նորից այդ վատ սյուրպրիզը: Քանի որ էլեկտրացանցերը անցնում են նաև «ՀայՌուսգազարդ»-ին, կարելի է հետայսու գազը չթանկացնել, էլեկտրաէներգիան թանկացնել: Ի՞նչ տարբերություն»:

Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով, էլեկտրաէներգիա սակագինը կբարձրանա այս տարվա ընթացքում:

Սպառողները, բնականաբար, դժգոհ են: «Ես վաղը, մյուս օրը ճրագ վառե՞մ: Ինչի՞ համար: Որ օլիգարխները կռուգոմ իրանց զաբոռներով հոսանքը վառեն, գազերը քաշեն, լուսերը վառեն, էլիտար ձևով ապրեն, հա՞», - «Ազատությանն» ասաց վրդովված մի երևանցի:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG