Մատչելիության հղումներ

Միկոյանը դեմ է եղել, որ Երևանում նշվի Ցեղասպանության 50-րդ տարելիցը


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ստալինի աջակից Անաստաս Միկոյանը դեմ է եղել, որ Երևանում նշվի Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը: Այս մասին, ըստ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի, բազմաթիվ փաստեր կան:

Նշենք, որ Դեմոյանը Երևանի ավագանու միակ հանրապետական անդամն է, որ դեմ է քվեարկել Միկոյանի արձանի տեղադրմանը:

«Եվ փորձել է համոզել այն ժամանակվա Սովետական Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Յակոբ Զարոբյանին: Եվ սա փաստագրված է հուշագրության մեջ, ոչ թե խոսում եմ բանավոր պատմությունների լեզվով: Փաստագրված է, որ բազմիցս փորձել է հորդորել ձեռնպահ մնալ այդ միջոցառումները կազմակերպելուց: Ի վերջո նա չլսեց, և որպես վերապրողի զավակ հուշարձանի այդ մրցույթը կազմակերպեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկ Դեմոյանը:

Նա փոխանցեց, որ մի քանի օրից փաստերի մի ամբողջ փաթեթ է ներկայացնելու քաղաքապետարան, որտեղ հստակ նշված կլինեն բոլոր այն հանցանքները, որոնց հետևում կանգնած է եղել Միոկյանը:

Ի դեպ, երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել էր, որ Միկոյանի չարագործությունների վերաբերյալ փաստեր չի տեսել: Մինչդեռ օրեր առաջ գիտնականները 4 այդպիսի փաստաթուղթ և 200 ստորագրությամբ նամակ էր ներկայացվել քաղաքային իշխանություններին: Դեմոյանը ևս առանձնացրել է առնվազն 4 ակնառու փաստ, որոնք, ըստ պատմաբանի, անհերքելի են :

«Միկոյանը եղել է բոլշևիկների այն խմբակում, ովքեր փորձել են ամեն կերպ խոչընդոտել Արցախի և Նախիջևանի վերամիավորման հարցում: Երկրորդ կետը այն է, որ, այո, 37 թվականին, բազմաթիվ փաստաթղթեր կան, այդ թվում հայաստանյան արխիվներում, որտեղ կան ռեպրեսիաների իրականացման գործողությունները հաստատող փաստաթղթեր հենց Միկոյանի ստորագրությամբ: Իսկ ինչ վերաբերում է այն փաստաթղթերին, որ որպես հակափաստարկ ներկայացվում են, որ Միկոյանի ստորագրությունը չկա, կամ միայն հղումը, ես ասեմ, որ կա նաև այդ փաստաթղթի առաջին հիմքը: Ինչի՞ հիման վրա է Ստալինը Եժովին գրել, որ Միկոյանը առաջարկում է: Որովհետև Երևանից կա հեռագիր Ստալինի անունով, Միկոյանի ստորագրությամբ`առաջարկում եմ 700 հոգով ավելացնել գնդակահարվողների քանակը, որովհետև 500-ը քիչ է: Լեհերի դրվագը դրվագ երեքն է, որը ունենալու է միջազգային հնչեղություն: Սա է ինձ համար ուղղակի անընդունելի: 100-ամյակի նախաշեմին մենք չենք կարող դնել հուշարձան մի մարդու, որի ստորագրությունը հստակ երևում է մի փաստաթղթի վրա, որ մեկ ժողովրդի համար իրոք ողբերգություն էր, գլխատում էր փաստորեն»:

Հայկ Դեմոյանը փոխանցեց, որ անպայման փորձելու է իր գործընկերներին համոզել. - «Փորձելու եմ հիմնավորել, փորձելու եմ բերել հավելյալ նյութեր, փաստեր, պատմաբանների լեզվով ասած` անհերքելի վկայություն, հիմք»:

Հայկ Դեմոյանից հետաքրքվեցինք՝ ինչո՞ւ այդ աղաղակող փաստերը չեն ներկայացվել ավագանու մշակույթի ենթահանձնաժողով մինչև կկայացվեր արձանի տեղադրման որոշումը: Ըստ Դեմոյանի, հանձնաժողովի այդ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 24-ից երկու օր առաջ, և զուտ զբաղվածության պատճառով ինքը չի կարողացել ներկայանալ. - «Ես, պարզ է, լինելով այնտեղ, անպայման կբարձրաձայնեի: Բայց այն, ինչ եղել է, եղել է: Այո’, ավագանին կայացրել է որոշում: Բայց պետք է փորձենք գտնել օրինական ճանապարհներ, որպեսզի վերանայենք այդ որոշումը»:

«Յուրաքանչյուր արձան ուղերձ է հաջորդ սերունդներին: Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելով՝ մենք փորձում ենք դարաշրջանի որոշ հանցագործություններ արդարացնել», - ցավով նշում է պատմաբանը և ավելացնում. - «Մի էպոխա, որը կապված էր զանգվածային սպանությունների հետ, որը վերջին տվյալներով շուրջ 30 միլիոն մարդու կյանք արժեցավ: Մենք խոսում ենք վախի մթնոլորտի մասին, մենք խոսում ենք յուրաքանչյուրիս ընտանիքին որևէ կերպ անդրադարձած ցավի, հիշողության կորստի մասին»:

Ցեղասպանության թանգարանի տնօրենը չի պատրաստվում դառնալ սպիտակ ագռավ, սակայն խոստանում է ՝ դեմ չի գնա իր սկզբունքերին. - «Ես գործ ունեմ մի պատմության հետ, որը կոչվում է Հայոց ցեղասպանություն… Ես ինձ չէի ների և իրավունք չէի վերապահի լուռ մնալ այդ պարագայում` լինելով որպես մասնագետ տեղեկացված այդ բազում, բազմապիսի փաստերի մասին»:
XS
SM
MD
LG