Մատչելիության հղումներ

Կիևը մտադիր է խորացնել իր հարաբերությունները Երևանի հետ


Հետկանչից մոտ երկուս ու կես ամիս անց օրերս Երևան վերադարձած Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի խոսքով, Կիևը մտադիր է խորացնել իր հարաբերությունները Երևանի հետ:

Այսպիսի հայտարարություն դեսպան Կուխտան արեց այսօր «Ազատության» հետ զրույցում՝ հավելելով, որ անցած տարի երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 230 միլիոն ԱՄՆ դոլար, որից 197 միլիոնը ուկրաինական արտահանումն է Հայաստան:

Հիշեցնենք, Ղրիմի հարցում Հայաստանի իշխանությունների՝ Կրեմլին համահունչ դիրքորոշման հրապարակայնացումից հետո՝ մարտի 21-ին, Իվան Կուխտա հետ էր կանչվել Կիև:

«Ուկրաինան ու Հայաստանը միշտ ունեցել են լավ հարաբերություններ, այժմ էլ ունեն և ապագայում նույնպես կունենան նման հարաբերություններ: Երկամսյա խորհրդակցություններից հետո, ցանկանում եմ նշել՝ երախտապարտ ենք, որ մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի ունեցած ընտրություններից հետո, Հայաստանը առաջին երկրներից էր, որ ճանաչեց այդ ընտրությունները: Նախագահ Սարգսյանը շնորհավորեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Պորոշենկոյին՝ այդպիսով դիրքորոշում հայտնելով, որ Հայաստանը ճանաչում է մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները: Սա շատ բարյացակամ, լավ դիվանագիտական քայլ էր: Ուստի, Ուկրաինայի դեսպանը վերադարձավ [Երևան]՝ իր պարտականությունների կատարմանը»,- ասաց դեսպանը։

Իվան Կուխտան փոխանցեց, որ արդեն հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, և երկխոսության ընթացքում ամրագրվել է՝ Երևանն ու Կիևը շահագրգռված են երկկողմ հարաբերությունները զարգացմամբ:

«Ցանկանում եմ ավելին ասել, Ուկրաինան պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանի ղեկավարությանը՝ մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 7-ին Կիևում: Իմ տվյալներով, հայկական կողմը պատրաստ է ներկայացուցիչ ուղարկել»,- ասաց դեսպանը:

Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն, ինչպես հայտնի է, դեմ քվեարկեց ներկայացված բանաձևին, որը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։ Մեր երկիրը՝ Բելառուսի, Սուդանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի ու Զիմբաբվեի հետ այն 11 պետությունների շարքում էր, որոնք այդպես քվեարկեցին Մոսկվայի տեսանկյունից անընդունելի հանդիսացող այդ բանաձևին:

Քվեարկությունից երկու ամիս անց՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հայտարարեց, թե դեմ քվեարկելով բանաձևին՝ Հայաստանը Ուկրաինայի դեմ չի գործել և «չի ճանաչում Ղրիմը»:

Ուկրաինայի դեսպանն այսօր ասաց, որ Հայաստանի նման դիրքորոշումն էր իրեն Կիև հետ կանչելու պատճառը:

«Հայաստանն իր այդ դիրքորոշումը հիմնավորում էր այսպես՝ ազգերի ինքնորոշման իրավունքը իր արտաքին քաղաքական հիմնական սկզբունքն է: Ուստի, Երևանում ղեկավարվել են այդ սկզբունքով: Հայաստանն ասաց՝ ոչինչ չունի Ուկրաինայի դեմ, այլ կողմ է ազգերի ինքնորոշման իրավունքին: Սա էր պաշտոնական Երևանի պարզաբանումը»,- ասաց Կուխտան։

«Հայաստանի իշխանությունները ի՞նչ են ձեզ փոխանցել, ճանաչու՞մ են Ղրիմի բռնազավթումը»,- հարցրեցինք դեսպանին:

«Մենք նման հարցեր չենք քննարկել»,- պատասխանեց Իվան Կուխտան։

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Մաքսային միության գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Նազարբաևը, անդրադառնալով միությանը Հայաստանի անդամակցության հարցին, ներկայացրեց Ադրբեջանի նախագահ Ալիևի նամակը և հայտարարեց, թե Հայաստանը պետք է միությանը անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով:

Ռուսաստանը, որը Մաքսային միության անդամ է, և այդ օրը Բելառուսի ու Ղազախստանի հետ հիմնադրեց Եվրասիական տնտեսական միությունը, այդ միությունների մեջ է վերջերս իրեն բռնակցած Ղրիմի հետ միասին, ինչը չի ճանաչվել ՄԱԿ-ի կողմից:

Դեսպան Կուխտայից հետաքրքվեցինք՝ Ուկրաինայի նախագահը մտադի՞ր չէ նման մի նամակ գրել և պահանջել, որ այդ միություններում Ռուսաստանն ընդգրկվի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով:

«Դժվարանում եմ խոսել այդ մասին, որովհետև Ուկրաինայի նոր նախագահը պաշտոնը կստանձնի միայն հունիսի 7-ին: Սակայն նա Օբամայի, եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպմանը ասաց, որ Ուկրաինայի արևելքում առկա հակամարտության, Ղրիմի վերադարձման իր ծրագիրն ունի: Կարծում եմ, նորընտիր նախագահը առաջիկայում կներկայացնի այդ ծրագիրը և մենք հնարավորություն կունենանք ծանոթանալ դրա հետ»,- պատասխանեց ուկրաինացի դիվանագետը։

Դեսպանը հավելեց, որ Կիևը երբեք չի հաշտվի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթման հետ:
XS
SM
MD
LG