Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները կանդամակցեն Արդարադատության նախարարության հանրային խորհրդին


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Արդարադատության նորանշանակ նախարարի ձևավորված նոր հանրային խորհուրդի նպատակն է քննարկել ոլորտում տիրող իրավիճակը, անհրաժեշտության դեպքում լուծումներ առաջարկել։

Ավելի քան երկու տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ համաձայնել են անդամակցել Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի ձևավորված նոր հանրային խորհրդին, որի նպատակն է քննարկել ոլորտում տիրող իրավիճակը, վերհանել բացթողումներն ու լուծումներ առաջարկել՝ դրանք վերացնելու համար։

Խորհրդի կազմում են ընդգրկվել են Արթուր Սաքունցը, Արտակ Զեյնալյանը, Ավետիք Իշխանյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը և այլոք։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Ազատությանն» ասում է, որ թեև ընդունել են նախարարի համագործակցության առաջարկը, դա ամենևին չի նշանակում, թե այսուհետ դադարեցնելու են քննադատությունն ու լռելու են ապօրինությունների մասին։ «Մեր ձեռքերն ու ոտքերը սրանով չեն կապվում», - հավատացնում է իրավապաշտպանը և պնդում, որ իրենք պատրաստ են ընդունել ցանկացած համագործակցություն, որը հնարավորություն կտա փոխել իրավիճակը:

Իրավապաշտպանը պնդում է` եթե չարդարացվեն իր հույսերը, կաշկանդված չի, դուրս կգա խորհրդի կազմից։ Իսկ առաջարկն ընդունել է, որպեսզի նոր նախարարին ներկայացնի բանտերում շատ դեպքերում անմարդկային պայմաններում պահվող ձերբակալվածների, կալանավորվածների ու դատապարտվածների խնդիրները. - «Իհարկե, միամտություն կլինի ենթադրել, որ այդպես միանշանակ, ամբողջությամբ հավատում եմ, գտնում եմ, որ այդ առաջարկով բոլոր հարցերը կլուծվեն: Անձամբ ինձ համար գլխավոր մոտիվացիաներից մեկը, որի հիման վրա համաձայնությունս տվել եմ, դա, բնականաբար` ևս մեկ հնարավորություն ունենալ այն հարցերով զբաղվել, որոնք առնչվում են փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին»:

Հիշեցնենք, որ պետական կառույցի հետ համագործակցությունը դադարեցնելու փորձ Սաքունցն արդեն ունի։ Անցյալ տարի նա դադարեցրել է մասնակցությունը Զինված ուժերում մահվան դեպքերն ուսումնասիրող խմբում։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ևս Սաքունցի հետ կլքի Արդարադատության նախարարին կից կառույցը, եթե իրենց հնարավորություն չտրվի անկաշկանդ խոսել այս ոլորտի բազմաթիվ խնդիրների մասին:

«Բազմաթիվ են իսկապես խնդիրները դատական համակարգում, և ես վստահ եմ` եթե դատական համակարգ նորմալ չունենանք, ապա չենք ունենա ո'չ նորմալ տնտեսություն, ո'չ էլ ժողովրդավարական պետություն: Դրա համար գոնե այստեղ ինչ-որ չափով եթե իրավապաշտպանների հետ միասին կարողանանք հարցերը բարձրացնել, դա էլ օգտական կարող է լինել: Իսկ եթե այս մեկը չկա, ապա ես Սաքունցի հետ միասին դուրս կգամ», - «Ազատության»-ը ասաց Աբրահամյանը:

Լրագրողը ծիծաղելի է որակում այն պնդումները, թե համագործակցության առաջարկ անելով` Արդարադատության նախարարությունը փորձում է ազդել իրենց վրա. - «Պարզապես ծիծաղելի է։ Դուք կարծում եք, որ Սաքունցի բերանը կարող է ինչ-որ մեկը փակե՞լ: Դա պարզապես, ինձ թվում է, անեկդոտի ժանրից է»:

Համատեղ աշխատելու առաջարկն ընդունած կազմակերպությունները առայժմ սպասում են կոնկրետ արդյունքների։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ընդգծում է՝ ոլորտը շատ կարևոր է երկրի համար, ու թեև անցյալում կառավարության հետ համագործակցության փորձերը հաջողությամբ չեն ավարտվել, այս անգամ, այդուամենայնիվ, համաձայնել է՝ հաշվի առնելով Հայաստանի Մաքսային ապագան։

«Եվ եթե Հայաստանը մտնի այդ ինտեգրացիոն կառույցի մեջ, ապա վաղ թե ուշ քաղաքական հարցերը նույնպես կմտնեն օրակարգ այնտեղ, և բնականաբար, նաև հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության հարցերը արդիական կդառնան: Այստեղ մենք պետք է դրսևորենք բավարար դիմադրողականություն, որպեսզի, եթե չբարելավեն, գոնե թույլ չտանք, որպեսզի այն ոչ ընդունելի տարբերակները, որոնք գործում են Ռուսաստանում, Ղազախստանում կամ Բելառուսում, ներթափանցեն նաև մեր օրենսդրական դաշտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նավասարդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG