Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան. «Պահի հրամայականն է օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից»


ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան

«Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունները միտված են պետականության հիմքերը վերջնականապես խարխլելուն», - հայտարարում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ում այսօր հրապարակած հոդվածում` համոզմունք հայտնելով, թե «որևէ քաղաքական ուժ, որը կաջակցի սահմանադրական բարեփոխումների ձախորդ նախաձեռնությանը, կդառնաՀայաստանի գերեզմանափորների՝ Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած Հանրապետական կոչվող ավազակախմբի մեղսակիցը»::

Հոդվածում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը հակադարձում է Սերժ Սարգսյանի դիտարկմանը, թե երկրի սոցիալ-տնտեսական վերելքի, իրավական պետություն կերտելու համար էական նշանակություն կունենան սահմանադրական բարեփոխումները: «Գործող Սահմադրությո՞ւնն է թույլ տալիս անխնա կողոպտել սեփական ժողովրդին, նրան մղել զանգվածաբար բռնելու գաղթի ճանապարհը, վայրագաբար կեղծել անխտիր բոլոր ընտրությունները, սառնասրտորեն գնդակոծել խաղաղ ցուցարարներին, զնդանները նետել քաղաքական հակառակորդներին», - հարցնում է Տեր-Պետրոսյանը՝ եզրակացնելով. - «Ո՞ւմ է Սերժ Սարգսյանը հիմարի տեղ դրել, որպեսզի հավատացնի, թե սահմանադրական բարեփոխումները ձեռնարկում է բարի նպատակներով՝ պետության և ժողովրդի շահերից դրդված»:

Ընդդիմադիր առաջնորդը հեգնանքով է մեկնաբանել Սերժ Սարգսյանի հավաստիացումները, թե այլևս չի հավակնելու նախագահի և վարչապետի պաշտոններին․ - «Այս հուզաթաթավ խոսքերի տակ իրականում Սարգսյանը համեստաբար բավարարվելու է Հանրապետական կուսակցության «Գենսեկի» իրավասությամբ Ազգային Ժողովի նախագահի աթոռին բազմելու ու դրանով սեփական իշխանությունը հավերժացնելու ազգանվեր առաքելությամբ, ինչի համար հայ ժողովուրդը անսահմանորեն երախտապարտ պետք է լինի իրեն և իր արձանը կանգնեցնի Միկոյանի արձանի կողքին»։

Հոդվածում ուշադրություն արժանի են հատկապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի հասցեին հնչեցրած խոսքերը․ - «Բոլորի համար ակնհայտ ու հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել ոչ ամենևին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանը ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր սահմանադրական հանրաքվեն կեղծելու և Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով։ Թալանի և ընտրակեղծարարության մասով Սարգսյանը կարող է ոչ մի մտավախություն չունենալ, որովհետև այդ գործերի կազմակերպման համար Աբրահամյանից ավելի հարմար թեկնածու դժվար թե գտներ»:

Առաջին նախագահն ասում է, որ իրեն նվաստացած կզգա, եթե կրկնի այն անվայելուչ որակումները, որոնցով Հովիկ Աբրահամյանին բնութագրում է մամուլը և հավելում, որ նրա միջազգային համբավը սպանիչ է: Թվարկելով կառավարության մի քանի նախաձեռնությունները` Տեր-Պետրոսյանը, օրինակ, «իդիոտիզմ» է որակում վարչապետի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» ձևակերպումը կուտակային նոր համակարգի մասին:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը սուր քննադատել է նաև նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը. անդրադառնալով անցած շաբաթ Աստանայում տեղի ունեցածին` առաջին նախագահը գրել է․ - «Նվաստացումներից շատ ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ Եվրասիական միության շրջանակներում Ղարաբաղյան խնդրի նման տիպի արծարծումը հօդս է ցնդեցնում Սերժ Սարգսյանի այն պնդումը, թե իբր Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը թելադրված է եղել բացառապես Ղարաբաղի անվտանգության նկատառումով»:

Հայաստան այցելելու՝ Թուրքիայի նախագահին հղած Սերժ Սարգսյանի հրավերը համարելով երրորդ կողմի միջնորդությամբ կայացած պայմանավորվածության արդյունք` Տեր-Պետրոսյանը չի բացառել, որ Թուրքիայի նախագահը կարող է այցելել Հայաստան և նույնիսկ պսակ դնել Եղեռնի հուշարձանին: Ինչը, սակայն, չի նշանակի, որ Թուրքիայի կառավարությունը կճանաչի Ցեղասպանությունը:

«Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը» վերնագրած իր հոդվածը առաջին նախագահն ամփոփում է այսպես․- «Պահի հրամայականն է օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից։ Իսկ եթե դա մոտակա ժամանակներս չհաջողվի, և բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, ապա այդ հանրաքվեն, համազգային անվստահության ցույցի վերածելով, պետք է դարձնել իշխանափոխության վերջին, վճռական հանգրվանը»:

Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, արձագանքելով Տեր-Պետրոսյանի գնահատականներին, ասաց, թե ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո, քառյակի ու հատկապես Կոնգրեսի ասելիքը սպառվել է․ - «Եվ մենք տեսնում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ պահերին կարողանում է այսպես ասած ճիշտ ուղղության վրա դնել իր և' խմբակցությունը, և' Կոնգրեսը: Կարծում եմ, ընդամենը սրանով փորձում են ընդդիմադիր դաշտում օրակարգը թարմ պահելու և ավելի կոշտ դիրքորոշում հայտնողի դիրքերից հանդես գալ»:

Ինչ վերաբերում է Սահմանդրական բարեփոխումներին, ապա դրանք, ըստ Հովհաննես Սահակյանի, ոչ թե իշխանության, այլ երկրի համար են: Ուստի այդ բարեփոխումները տապալելով՝ իշխանությունը չի տապալվելու: «Սերժ Սարգսյանն իր առջեւ խնդիր չի դրել կապել Ծառուկյանի ձեռքերը», - ընդգծեց նա: - «Մենք ընտրվել ենք ժողովրդի կողմից, մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվել է նախագահական ընտրությունների արդյունքում, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր մասնակցում, և եթե չեմ սխալվում, Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև վերջին օրը իր քաղաքական թիմին որևէ կոնկրետ բան չէր ասում և մի օր հանկարծ որոշեց, անձնագիրը բացեց և տեսավ, որ տարիքի առումով այլևս չի կարող մասնակցել»:
XS
SM
MD
LG